Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց գորգագործական մշակույթին առնչվող խնդիրների մասին

Օգոստոս 29,2014 12:30

Բավականին ուշացումով «Առավոտի» կայքում կարդացի այս տարվա օգոստոսի 1-ին կայացած իմ մամուլի ասուլիսին ի պատասխան տեղադրված «Գորգագործական մշակույթի պահպանությունը Հայաստանում ՀՀ կառավարության ուշադրության ներքո է» խորագրով մշակույթի նախարարության պատասխանը, ինչի առիթով ստիպված եմ տալ մի քանի պարզաբանում:

Ասուլիսում ես անդրադարձել էի նաեւ Հայաստանում առ այսօր գորգի թանգարան չլինելուն ու դա բացատրել եմ նրանով, որ «նախագահից մինչեւ նախարար հետաքրքրված չեն այս խնդրով»: Սրանով էլ պայմանավորված է ՀՀ Մշակույթի նախարարության աշխատակազմի Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու՝ Երանուհի Մարգարյանի այդ հրապարակումը: Ես չեմ կարծում որ իմ ասածի մեջ որեւէ սխալ կա ու նաեւ տեղյակ եմ, որ անցած տարին հայտարարված էր գորգի համար գերակա տարի, ու թե ինչ միջոցառումներ են իրականացվել այդ ընթացքում: Բայց դրանցում ո՞րն է նախարարության մասնակցության չափը: Օրինակ՝ այդտեղ հիշատակված Շուշիի գորգի թանգարանը Վարդան Ասծատրյանի անհատական նախաձեռնության ու նաեւ նրա եւ Արցախի մշակույթի նախարարության համագործակցության արդյունքն է: Այն, որ հրատարակվել է Գանցհոռնի աշխատությունը, իհարկե լավ է, բայց այդ հարցում էլ նախարարության դերն անհայտ է: Նախարարության պատասխանում ասվում է, որ «ներկայումս ՀՀ մշակույթի նախարարությունը Հայկական գորգերի ասոցիացիայի հետ համատեղ այս տարի սեպտեմբերի 15-ից 21-ը Վիեննայում կայանալիք «Գորգի եւ տեքստիլի» միջազգային գիտաժողովի շրջանակներում Sans Souci սրահում կազմակերպելու է հայկական արձանագրությամբ գորգերի ցուցահանդես, որը կուղեկցվի նաեւ թեմատիկ դասախոսություններով»: Այդ միջոցառումը կայանալու է Վիեննայում եւ Բուդապեշտում, կազմակերպիչը ICOC-ն է, իսկ դրա շրջանակներում հայկական գորգեր ցուցադրելու եւ հայոց գորգագործական մշակույթին վերաբերող դասախոսություն անցկացնելն էլ արեւելյան գորգի փորձագետ ու բուսական ներկանյութերի տեխնոլոգ Արթուր Թելֆեյանի /Վիեննա/ եւ ICOC-ի միջեւ եղած բանակցությունների արդյունքն է, ընդ որում, Ա. Թելֆեյանը հոգում է նաեւ դրա հետ կապված ծախսերի մեծ մասը: Այդ միջոցառման կազմկոմիտեի անդամը Հայաստանում ես եմ: Ցուցադրվելիք գորգերի ընտրությունը կատարված է իմ կողմից: Սան Ֆրանցիսկոյում գործող Հայկական գորգի ասոցիացիան /եւ ոչ միայն այն/ այդ միջոցառման մեջ ներգրավված է պարոն Թելֆեյանի հրավերով: ՀՀ Մշակույթի նախարարության մասնակցությունն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունից ցուցադրվելիք գորգերի Վիեննա ուղարկելու հարցերը լուծելու առումով: Երանուհի Մարգարյանը շատ լավ տեղյակ է այս ամենի մասին: Ի՞նչն էր խանգարում, որ այս հարգարժան պարոնի անունը հիշատակվեր որպես այդ միջոցառման կազմակերպիչ: Կամ Հայաստանի ազգագրության պետական թանգարանի գործվածքի հավաքածուն ստեղծվել է 1980-1991 թվականներին ու բնականաբար դա ընդհանրապես կապ չունի հետխորհրդային շրջանի հետ, բացի այդ էլ՝ այդ թանգարանը վաղուց ի վեր գտնվում է ՀՀ Պաշտպանության նախարարության կազմում: Իսկ այդպիսի իրավիճակը արդյոք անհանգստացնո՞ւմ է ՀՀ Մշակույթի նախարարությանը:

Միեւնույն ժամանակ էլ՝ այդ հաշվետվության մեջ ոչինչ չի ասված 2011 թ. նոյեմբերի 18-19-ը Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում կայացած հայոց գորգագործական մշակույթին նվիրված առաջին հանրապետական գիտաժողովի մասին, որի կայացման հարցում շատ կարեւոր դեր ունեցան այդ կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանն ու թանգարանի աշխատակիցները: Անշուշտ, իմ մասնակցությունն էլ կար այդ ամենում: Առաջին գիտաժողովը մեծ նշանակություն ունեցավ ուսանողության շրջանում հայոց ավանդական գորգի մասին գիտական հետաքրքրության սերմանման հարցում: Հրատարակվել էր դրա զեկուցումների ժողովածուն: Ինչո՞ւ Երանուհի Մարգարյանը այս մասին երկու խոսք չի գրել, չէ՞ որ այդ փայլուն միջոցառումը իրականացվել էր ՀՀ Մշակույթի նախարարությանը ենթակա թանգարանի կողմից:

Հարկ եմ համարում շեշտել, որ դեռեւս հրատարակված չէ «Հայկական հանգույց» միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածուն: Դրա նյութերը հավաքած լինելու մասին եւ հետագա թարգմանչական, խմբագրման ու հրատարակման աշխատանքները իրականացնելու հարցով, որպես գիտաժողովի կազմակերպչական աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար այս տարվա մայիսի կեսերին զեկուցագիր եմ գրել ՀՀ մշակույթի նախարարին: ՀՀ մշակույթի փոխնախարար Ա. Սամուելյանի 16.06.2014թ. գրությամբ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական տեղծագործության կենտրոնին հանձնարարվել էր կազմել դրա հրատարակման նախահաշվի վերաբերյալ առաջարկ, որն էլ իրականացվել էր անհապաղ: Ե. Մարգարյանի ասածը, թե «արդեն իսկ աշխատանքներ են տարվում գիտաժողովի հոդվածների ժողովածուի տպագրման ուղղությամբ», մեզ համար անհասկանալի է, քանի որ առաջարկն առայժմ մնացել է անպատասխան: Վավերագրական ֆիլմերի «Հայք» կինոստուդիայի կողմից հայկական գորգագործական մշակույթին նվիրված ֆիլմ նկարահանելու առումով էլ իրականությունն այլ է: Ֆիլմի աշխատանքները համակարգողին ուղարկել էի դրա կառուցվածքը, նաեւ տեղեկություններ արտերկրի թանգարաններում պահվող հայկական գորգերի, արեւելյան գորգերի պատմությամբ զբաղվող մասնագետների մասին ու այլ մանրամասներ: Երբ հերթական նամակով ցանկություն հայտնեցին ստանալ նկարահանվելիք գորգերի համարները, այդ ժամանակ էլ հայտնեցի աշխատանքային պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը: Նկատի ունեմ, որ այդ տեղեկությունները ստանալուց հետո իմ խորհրդատվության հետագա անհրաժեշտությունը դառնում էր կասկածելի: Իսկ «պարոն Պողոսյանը գումարը պահանջեց միանգամից» արտահայտությունը, կարծում եմ ինձ ճանաչողներից ոչ մեկն էլ լուրջ չի ընդունի: Այժմ ամենակարեւորի մասին՝ պատմական գիտությունների թեկնածու Երանուհի Մարգարյանը գրում է, որ իմ ուսումնասիրությունները անհրապույր եւ առանց լուսանկարների են ու այդ պատճառով էլ չեն հրատարակվում:

Գիտական աշխատությունների անհրապույր լինելս ո՞րն է, դրանք մոդայի հանդեսներ չեն եւ ոչ էլ աղջիկներ են, որ հրապուրիչ կամ անհրապույր լինեն: Եվ այդ ո՞նց կարող են գորգին նվիրված աշխատություններն առանց լուսանկարների լինեն, մանավանդ որ դրանց թվում նաեւ կատալոգներ են, օրինակ՝ Շարամբեյան կենտրոնի Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի գորգերի կատալոգը՝ 154 գորգի լուսանկարով հանդերձ, որը պետք է տպագրվեր 2013-ին՝ միջազգային գիտաժողովի նախօրեին: Ոչ դա, ոչ էլ «Գորգագործական մշակույթը Արցախում» ուսումնասիրությունս չտպագրվեցին՝ դրանց համար չգտնվեցին ֆինանսական հնարավորություններ, դա էլ է հայտնի Երանուհուն, ու ոչ միայն իրեն՝ գիտաժողովի հետ կապված բոլոր հարցերը քննարկվում էին կազմկոմիտեի նիստերում, որոնք անց էր կացնում ՀՀ մշակույթի փոխնախարար Ա.Սամուելյանը: Բայց նախարարությունում այդ ո՞վ եւ ինչպե՞ս որոշեց, որ դրանք անհրապույր ու առանց լուսանկարների են: Ի՞նչ է, ստացվում է, որ այդտեղ հայոց գորգագործական մշակույթի պատմությանը, հայոց գորգերի տիպաբանմանը, դրանց ծագումնաբանության հետ կապված հարցերին ու մյուս խնդիրներին տեղյակ մասնագետներ կան: Անշուշտ` հիանալի կլիներ, եթե իրականում այդպիսին լիներ վիճակը:…Իսկ այդ երկու ուսումնասիրություններն էլ քննարկվել ու հրատարակման համար երաշխավորվել են ՀՀ հնագիտության եւ ազգագրության գիտահետազոտական ինստիտուտի ազգագրության բաժնում:
Գորգագործական մշակույթի պահպանությունը Հայաստանում ՀՀ կառավարության ուշադրության ներքո չէ՝ ես սա ասում եմ` նկատի ունենալով ամենակարեւորը` Հայաստանում չկա հայոց գորգագործական մշակույթին նվիրված թանգարան-հետազոտական կենտրոն: Եթե Հայաստանում այս կամ այն չափով կա, զարգանում է ձեռագործ գորգի արտադրությունը, ապա դա վերաբերում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն ու համապատասխան ձեռներեցներին: Ի դեպ՝ Դիլիջանում կազմակերպված գորգի փառատոնն էլ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կազմակերպածն է…

ԱՇԽՈՒՆՋ ՊՈՂՈՍՅԱՆ
պատմական գիտությունների թեկնածու

«Առավոտ» օրաթերթ
28.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031