Լրահոս
Օրվա լրահոսը

Սյուզի Կենտիկյան. «Ես հայ քրիստոնյա եմ, ամուսնացած չեմ ու հավատքս չեմ փոխել»

Օգոստոս 29,2014 13:00

Մի քանի օրով Հայաստան ժամանած WBA վարկածով գերթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայում բնակվող Սյուզի Կենտիկյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտին»:

– Սյուզի, վերջին մենամարտդ, որում պաշտպանում էիր չեմպիոնական գոտիդ, անցկացրիր այս տարվա մայիսի 31-ին` 9-րդ ռաունդում հաղթելով հարավկորեացի Դան-Բի Կիմին: Պատմիր այդ մենամարտի մասին:

– Բավականին ուժեղ մրցակից էր: Բայց այդ մարտին ես ավելի լավ էի նախապատրաստվել: Ռինգում իրադարձություններն այնպես զարգացան, որ մրցակցիս մարտավկան ավարտից մեկ ռաունդ առաջ նրան հանեց ռինգից` չթողնելով պայքարը շարունակել: Երեւի այդքանը:

– Տեղյակ եմ, որ հաջորդ մենամարտիդ, որ վերջինն է լինելու այս տարի, ստույգ ժամանակը եւ մրցակցիդ անունը դեռ որոշված չէ: Մոտավորապես ե՞րբ կիմանանք:

– Դժվարանում եմ ասել, բայց գրեթե վստահ եմ, որ այդ մարտը կկայանա նոյեմբերին: Ով էլ լինի հերթական մրցակիցս, կարեւոր չէ` մենամարտին պատրաստվելու եմ ամենայն լրջությամբ: Ու եթե հաղթեմ, հաղթանակս նվիրելու եմ Հայոց Ցեղասպանության նահատակների 100-ամյա հիշատակին: Ի դեպ, նույնը, եթե հաղթեմ, աելու եմ նաեւ հաջորդ տարի կայանալիք առաջին մենամարտիցս հետո: Կարծում եմ, դա էլ կլինի ձմռան վերջին, կամ գարնան սկզբներին:

– Դու բնակվում ես Գերմանիայում, որտեղ թուրքերը շատ-շատ են: Նման արտահայտությունդ քեզ չի՞ կարող վնասել:

– Նախ` դրա մասին չեմ մտածում, ապա` նման բան Գերմանիայում դժվար թե լինի: Հիշո՞ւմ եք, 2010-ի ապրիլի 24-ին` Եղեռնի օրը, հաղթեցի Նադյա Ռաոուին եվ այն ժամանակ էլ հայտարարեցի, որ հաղթանակս նվիրում եմ Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին: Ու հետս ոչ մի բան չպատահեց:

– Ինձ քո անձնականի հետ կապված մի հարց է հետաքրքրում, որին եթե չցանկանաս, կարող ես չպատասխանել: Լուրեր էին տարածվել, իբր ամուսնացել ես մուսուլմանի հետ եւ կրոնդ փոխել ես…

– Դա լկտի հերյուրանք է ու չգիտեմ, թե ով է նման սուտ ու կեղծ լուրեր տարածողը: Նման բան չկա: Ես հայ քրիստոնյա եմ, երբեք ամուսնացած չեմ եղել եւ հավատքս էլ երբեք չեմ փոխի: Պրոումոթերական ընկերությունում, որտեղ ես մարզվում եմ, մեծ մասը մուսուլման է: Բայց դա ոչ մի նշանակություն չունի: Նրանք իրենց աստծուն են հավատում, ես` իմ Աստծուն: Իմ անձնական մարզիչ Մագոմեդ Շաբուրովն էլ մուսուլման է, իսկ ես` քրիստոնյա: Ու դա` տարբեր հավատքները, չեն խանգարում, որպեսզի միասին աշխատենք, լինենք լավ ընկերներ: Եթե ես իմ բռնցքամարտի աշխարհում շրջապատված եմ հիմնականում մուսուլմաններով ու բոլորի հետ էլ մտերիմ եմ եվ ընկերություն ենք անում, դա չի նշանակում, թե ամուսնացել եմ ինչ-որ մեկի հետ ու կրոնս փոխել: Ով էլ լինի այդպիսի լուրեր տարածողը, վատ գործ է սկսել իմ դեմ: Իսկ ես մտածում եմ, որ այդ ստահակը ծառայում է ինչ որ մեկին կամ ուժի:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Հայ քրիստոնյա» գոյություն չունի: Կան քրիստոնյա հայեր, ինչպես որ կան ոչ-քրիստոնյա հայեր:

  2. ՀԱՅ says:

    Խոզը՝ խոզություն անելու համար է։ Իսկ Սյուզի Կենտիկյանը հայ քրիստոնյայի և քրիստոնյա հայի և ոչ քրիստոնյա հայի պատիվը արժեքավորելու համար է։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031