Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը երիտասարդին բերման է ենթարկել «իր մեքենայի մոտ անկանոն շարժումներ կատարելու» համար

Օգոստոս 29,2014 11:55

2014 թ. մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը, ոստիկանության 3 աշխատակիցներ, ժամը 01:30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության մեքենայով, մոտեցել են Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցի շենքերից մեկի մոտ կանգնած Վազ 2109 մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած երիտասարդին, ով «անկանոն շարժումներ է կատարում իր մեքենայի մոտ և ուսումնասիրում է մեքենան»: Ոստիկանները ցուցաբերելով ուշադիր և անհանգստացած վերաբերմունք երիտասարդին առաջարկել են ուղեկցել տուն, քանի որ նա, ըստ ոստիկանների, շատ հոգնած է եղել և ալկոհոլ օգտագործած: Սակայն երիտասարդը հայտնել է, որ նա ցանկանում է զբոսնել և ուղեկցության կարիք չունի: Սակայն անհանգստացած ոստիկանները պարզելով, որ երիտասարդը նաև իր մոտ անձը հաստատող փաստաթղթեր չունի, որոշել են նրան բերման ենթարկել Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին: Ինչպես նշվում է հետագայում հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացության մեջ «…Ա. Ք.-ին առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու և անձը հաստատող փաստաթղթեր չունենալու պատճառով բերման են ենթարկել…»:

Փաստորեն, ճանապարհային ոստիկանները քաղաքացուն կարող են բերման ենթարկել մի կողմից, երբ չեն տեսել և արձանագրել ինչպես է նա ալկոհոլ օգտագործած և առանց փաստաթղթերի մեքենա վարել, մյուս կողմից ՀՀ քաղաքացին այլևս պետք է անձը հաստատող փաստաթղթերով շրջի, որպեսզի նրան ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ոստիկանները բերման չենթարկեն:

Այսքանը սակայն, այս դեպքի անհասկանալի մասերի միայն սկիզբն է: Ոստիկանության բաժին տեղափոխելու ճանապարհին Ա. Ք.-ն զանգահարել է ընկերոջը և խնդրել ոստիկանության բաժին բերել իր փաստաթղթերը:

Ոստիկանության բաժնում արդեն ոստիկանների և Ա. Ք.-ի ու նրա ընկերոջ՝ Գ. Ա.-ի մասնակցությամբ՝ անհասկանալի պատճառներով և պայմաններում, վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Գ.Ա.-ն հարվածել է հերթապահություն իրականացնող ոստիկաններից մեկին և փախուստի դիմել, սակայն մեկ այլ ոստիկան նրան հետապնդել և բերման է ենթարկել: Այս պատմության անհասկանալի ավարտը նույնպես ապշեցնում է՝ երիտասարդներին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Այս հոդվածով մեղադրվողը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Այսպիսով, ոստիկանության աշխատակիցների հոգատարության, հետևողականության և միանման ու բառացիորեն նույն ցուցմունքների պատճառով երկու երիտասարդներ արդեն գրեթե 4 ամիս կալանավորված են և գտնվում են «Վանաձոր» ՔԿՀ-ում, նրանց սպառնում է վերանշյալ պատիժներից մեկը: Իհարկե բարեփոխումները կարևոր են ոստիկանության համակարգի համար, սակայն դժվար թե այսպիսի բարեփոխումներին հասարակությունը դրական վերաբերվի և հանդուրժող լինի: Արդեն սկսվել է այս երիտասարդների գործով դատաքննության փուլը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ փաստաբանի միջոցով, կփորձի ամեն կերպ պաշտպանել երիտասարդների իրավունքները՝ իրավապահ մարմինների օրինախախտումներից:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031