Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան. «Ցավոք, մեր տնտեսության իրավիճակի և հեռանկարի լավատեսական գնահատականի համար ոչ ներքին ու ոչ էլ արտաքին պատճառներ չունեմ»

Օգոստոս 29,2014 13:40

2rd.am-ը ներկայացնում է  Ռոբերտ Քոչարյանի` Ռուսաստանի Դաշնությունում լույս տեսնող հայկական «Նոև Կովչեգ» ռուսալեզու թերթի երեկվա` օգոստոսի 28-ի համարում տպագրված հարցազրույցը

– Ռոբերտ Սեդրակի, Դուք տասը տարի`1998-ից մինչև 2008 թվականը, եղել եք Հայաստանի նախագահը: Այդ ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսության ու քաղաքականության մեջ տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ: Հայաստանը մտավ ԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ակտիվորեն կարգավորվում էին Ռուսաստանի հետ գործարար կապերը, ավարտին հասցվեց Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը և այլն: Գրանցվում էր տնտեսական ցուցանիշների ամենամյա աճ, ընդ որում` էական: Ինչպե՞ս եք ինքներդ գնահատում այդ ժամանակաշրջանը և Ձեր գործունեությունը Հայաստանի նախագահի պաշտոնում: 
Այդ տարիներին Հայաստանը առավել արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրների տասնյակում կայուն տեղ էր գրավել: Տասը տարվա կտրվածքով ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմում էր 10,5% , տարեկան միջին գնաճի մոտ 3%-ի և ՀՆԱ-ի համեմատ անշեղորեն կրճատվող արտաքին պարտքի պայմաններում /1998թ-ՀՆԱ-ի -46%, 2008թ-ին ՀՆԱ-ի -13%/: Ընդ որում, կայուն կերպով աճում էր տնտեսության մեջ փոքր և միջին բիզնեսի մասնաբաժինը, նկատելիորեն աճել էին սոցիալական ծախսերը, մեծածավալ ներդրումներ էին իրականացվում երկրի ենթակառուցվածք-ներում: Իսկ դա նշանակում է, որ տնտեսական աճի պտուղները բաշխվում էին հասարակության լայն շերտերի մեջ, ինչն էլ հանգեցրեց աղքատության զգալի կրճատման: Զարգացման այդպիսի տեմպերի մասին կարող է երազել ցանկացած երկրի ցանկացած կառավարություն:

– Ի դեպ, այդ տասնամյակը կարելի է կոչել միջճգնաժամային. Դրա մեջ ներառվում են մի ճգնաժամի հետևանքների հաղթահարումն ու բախումը մեկ այլ` ընդ որում համաշխարհայինի հետ: Ի՞նչ կասեք այդ յուրահատկության մասին, և ինչքանո՞վ է Հայաստանը ներառված ընդհանուր տնտեսական համակարգում:

Ճգնաժամեր եղել են և այդ տարիներին: Դա 1998 թվականի ռուսական դեֆոլտն էր խիստ ծանր հետևանքներով, «դոթքոմ»-երի ճգնաժամը ԱՄՆ-ում /2000թ/ և 1997-98թթ. ասիական ճգնաժամը: Դրանք բոլորն ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունեցել ինչպես տնտեսության վրա ամբողջապես, այնպես էլ նրա առանձին հատվածների: Հայաստանը ներգծված է համաշխարհային տնտեսության մեջ, և այն ամենը, ինչն ազդում է համընդհանուր տնտեսության վրա, չի կարող չազդել նաև մեզ վրա:

– Այսօր Հայաստանում շատերն են համարում, որ Հայաստանի հաջողությունները կապված էին Ձեր պաշտոնավարելու հետ, իսկ տնտեսական անկումն սկսվեց Ձեր հեռանալուց հետո: Ձեր կարծիքով, իրադրությունը երկրում որքանո՞վ է կախված կոնկրետ անհատից, թե՞ դա ավելի շուտ առավել մասշտաբային գործընթացների արդյունք է:

Իհարկե, երկրի իրավիճակը կախված է բազմաթիվ գործոնների համադրությունից: Սակայն, անհատի և թիմի դերը կարող է վճռորոշ լինել, հատկապես` ճգնաժամային իրավիճակների հաղթահարման ժամանակ և պետական կառավարման ինստիտուցիոնալության դեֆիցիտի պայմաններում: 1998-2008թթ. մենք զարգանում էինք համաշխարհային տնտեսության աճի ցուցանիշները 2,5 անգամ գերազանցող տեմպերով, աճի տեմպերով տարածաշրջանի առաջատարն էինք և առաջատարներից մեկը զարգացող երկրների մեջ: Ընդ որում, առանց գազի ու նավթի, և տնտեսության համար բնակչության անբարենպաստ ժողովրդագրական իրավիճակի պայմաններում: Աշխարհի և տարածաշրջանի տնտեսական միջին աճի ցուցանիշների բազմակի գերազանցումը, անկասկած, խոսում է տվյալ ժամանակաշրջանում կառավարման բարձր արդյունավետության մասին:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը:

Ցավոք, մեր տնտեսության իրավիճակի և հեռանկարի լավատեսական գնահատականի համար ոչ ներքին ու ոչ էլ արտաքին պատճառներ չունեմ: Ավելին, ի հայտ են եկել գլոբալ բնույթի նոր սպառնալիքներ, որոնց ազդեցության աստիճանը դեռ գնահատման կարիք ունի: Ինչպե՞ս կազդեն Արևմուտքի և Ռուսաստանի փոխադարձ պատժամիջոցները համաշխարհային տնտեսության վրա, ինչպե՞ս կարձագանքի դրան ռուսական տնտեսությունը, որքա՞ն երկար կտևի դա, կավելանա՞ն պատժամիջոցները, թե՞ ոչ և այլն: Անհասկանալի է, թե ինչ կկատարվի Հայաստանի տնտեսության տարածաշրջանային բաղադիչի հետ Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո /խոսքը վերաբերում է Իրանի և Վրաստանի հետ ապրանքաշրջանառությանը/: Եվ ընդհանրապես, տեխնոլոգիական առումով ինչպե՞ս է գործելու միասնական մաքսային տարածքը Ռուսաստանի և Արևմուտքի միջև սահմանված պատժամիջոցների պայմաններում: Այս հարցերի պատասխան-ները կամ չկան կամ կրում են ենթադրական բնույթ, իսկ դա նշանակում է, որ մենք բացասական սպասումների մեծ շրջան ենք մտել:

– Ձեր կարծիքով, հանրապետության տնտեսության առողջացման համար ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել առաջին հերթին: Ինչ է պետք անել գործազրկության աճի դադարեցման և աշխատունակ բնակչության արտագաղթը կանխելու համար:

Առաջնահերթություն դարձնել տնտեսության աճն ու աշխատատեղերի ստեղծումը, այլ ոչ թե ամեն գնով բյուջեն լցնելը: Ստեղծել արդար մրցակցային միջավայր բիզնեսի, հատկապես՝ մանրի և միջինի համար: Դրան հնարավոր չէ հասնել առանց տնտեսության ապամենաշնորհացման և ազդեցիկ չինովնիկների ու նրանց մտերիմների ախորժակի զսպման: Պետք է հստակ ազդակ տալ հասարակությանը, որ ցանկացած գործարար նախաձեռնություն ցանկալի է և օժանդակության կարժանանա, առանց հաշվի առնելու, թե ում շահերին է այն դիպչում: Ստեղծել այդպիսի օժանդակության արդյունավետ շուկայական մեխանիզմներ: Մի քանի տարով հեռավոր հետին պլան մղել անձնական շահերը, իսկ ավելի լավ է` մոռանալ դրանց մասին: Ցանկացած իշխանություն, որ կկարողանա դա անել, ուղղակի դատապարտված կլինի հաջողության: Իմիջիայլոց, ամենևին չէր խանգարի դադարեցնել աշխատանքային շաբաթվա կազմալուծումը բազմաթիվ մեռելոցներով և վերադառնալ նախկին ժամային գոտի: Անբնական է, որ օգոստոսին առավոտյան ժամը 6-ից արդեն լույս է, երեկոյան 8-ին `մութ, իսկ աշխատանքային օրն սկսվում է ժամը 9-ից: Սա երկրին պարտադրված ոչ թե արագացման, այլ արգելակման ապրելակարգ է:

– Ռոբերտ Սեդրակի, Ռուսաստանի Դաշնությունում ավելի քան երկու միլիոն հայ է ապրում, իսկ Հայաստանում`շուրջ երեք: Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում Ռուսաստանի հայության և Հայաստանի միջև կապերի հետագա ամրացումը և համագործակցությունը: Որքանո՞վ այն կարող է արդյունավետ լինել:

Այդպիսի սփյուռքի առկայությունը լուրջ գործոն է Ռուսաստանի հետ տնտեսական ու մշակութային կապերի զարգացման համար: Դա հզոր, բայց ցավոք թույլ իրացված ներուժ է Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների համար: Ազգականներին ուղարկված տրանսեֆերներն, իհարկե, կարևոր են, բայց հիմա շատ ավելի կարևոր է Հայաստանում աշխատատեղեր ստեղծելը, ապրանքներ արտադրելը, որոնց շուկան, իմիջիայլոց, կարող է լինել Ռուսաստանը, հատկապես վերջին համաձայնագրերի լույսի ներքո: Եվ այստեղ պետք է շարժումը հանդիպակաց լինի, մասնավորապես, ընդհանուր իրավիճակը ու Հայաստանի ներդրումային մթնոլորտը պետք է այնքան գրավիչ լինեն, որ շահագրգռեն սփյուռքին` այդպիսի ջանքեր գործադրելու: Հակառակ դեպքում ուժեղ սփյուռքը կարող է բարենպաստ ենթակառուցվածք դառնալ արտագաղթի նոր ալիքի համար:

– Ի՞նչ եք մտածում գյուղմթերքի ռուսական շուկա Հայաստանի թափանցման մասին. հիմա շատերն են խոսում, որ ԵՄ-ից սննդամթերքի ներմուծման արգելքից հետո Հայաստանին հնարավորություն է ընձեռվել գրավել իր տեղը ռուսական շուկայում:

Իսկապես, գյուղմթերքի հայ արտահանողները կարող են էականորեն ընդլայնել դեպի Ռուսաստան արտահանումների ծավալները, բայց որպեսզի ամրապնդվեն այդ շուկայում երկարաժամկետ, պետք է արտադրեն որակով ու գնով մրցունակ ապրանք: Դժվար է գնահատել` այս խնդիրը լուծելու համար ինչ ծավալի նոր ներդրումների կարիք ունի մեր գյուղատնտեսությունը, ինչքան նոր խաղացողներ ամբողջ աշխարհից կշտապեն դեպի ռուսական շուկա և որքան երկար կտևի այս պատմությունը: Պետք չէ մոռանալ, որ պատժամիջոցները հավերժական չեն, բայց դրանք կարող են ժամանակավոր առավելություն ընձեռել ապրանքի ճանաչելիությանը հասնելու և սպառողների համակրանքը ձեռք բերելու գործում՝ շուկայի մի հատվածը գրավելու նպատակով:
Իսկ ընդհանրապես մեծ մոլորություն է կարծել, թե Հայաստանի տնտեսությունը պատժամիջոցներից կարող է շահել: Հիշում եմ, որ մեր գործիչներից մեկը 2008 թվականի ամռանը դեմքի խիստ ակադեմիական արտահայտությամբ խոսում էր այն մասին, թե Հայաստանի տնտեսությունը շահելու է համաշխարհային ճգնաժամից: Իսկ արդյունքում մենք դարձանք անկման չեմպիոններ և մինչ օրս չենք վերականգնել տնտեսության ծավալների նախաճգնաժամային մակարդակը:

– Ոչ վաղ անցյալում Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման հետ կապված Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ձեր կարծիքով որքանով էր այն արդյունավետ: Կհաջողվի՞ արդյոք Ղարաբաղի հարցը լուծել դիվանագիտական մակարդակում:

Հանդիպման արդյունավետությունը գնահատելու համար բավարար տեղեկատվության ես չեմ տիրապետում: Այնուհանդերձ, երկար ընդմիջումից և շփման գծում իրավիճակի լարումից հետո կայացած հանդիպման փաստն ինքնին արդեն դրական է: Ես կխուսափեի լավատեսական գնահատական տալ վերջնական լուծման հեռանկարների վերաբերյալ: Հանդիպման արդյունքների վերաբերյալ հրապարակային տեղեկատվությունը, հակամարտության կողմերի մեկնաբանություններն ու դրանց տոնայնությունն առայժմ այդ մասին չեն խոսում:

– Ինչպես երևում է, Ղարաբաղը կարող է խոչընդոտ դառնալ նաև ԵՎՏՄ Հայաստանի անդամակցության ճանապարհին: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկեց Հայաստանին` միանալ Եվրասիական միությանը առանց Լեռնային Ղարաբաղի, այսինքն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Կարո՞ղ է արդյոք Լեռնային Ղարաբաղի հարցը իսկապես բարդացնել այդ միությանը Հայաստանի անդամակցությունը:

Սկզբունքորեն, ԵՎՏՄ ցանկացած երկիր ֆորմալ տեսանկյունից կարող է արգելափակել հարցը, պահանջելով Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսային սահմանի հաստատում, ինչը դժվար թե ընդունելի լինի Հայաստանի համար: Բայց Հայաստանին ընդունելու ցանկության դեպքում կարելի է փոխադարձ համաձայնությամբ լռակյաց շրջանցել այդ հարցը: ԼՂՀ-ը այլ երկրների հետ գործող սահման չունի, իսկ Ադրբեջանի հետ սահմանը դա զորքերի շփման գիծն է: Այսինքն, միության տարածք ԼՂՀ-ով ինչ-որ ապրանքների ներթափանցման վտանգը /որը կսպառնա մասնակից երկրների տնտեսական շահերին/ ուղղակի զրոյական է:

– Ղարաբաղն, ավաղ, դարձավ Հայաստանի ներկայիս մեկուսացման հիմնական պատճառը: Կարո՞ղ է Հայաստանն այնուամենայնիվ առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծման դուրս գալ այդ մեկուսացումից, ինչպե՞ս և ի՞նչ է պետք դրա համար ձեռնարկել: Դուք ԼՂՀ առաջին նախագահն եք եղել, ուրեմն ո՞վ ավելի լավ, քան դուք գիտե, թե որքան բարդ է այս հանգույցը:

Հայաստանը, հայտնի պատճառներով, ունի փակ սահման երկու հարևան երկրների հետ, բայց դա մեկուսացում չէ: Հայաստանը մեկուսացման մեջ երբեք չի եղել, ու վստահ եմ` չի էլ լինի: Սահմանների հետ կապված իրավիճակն այսպիսին էր նաև իմ նախագահության շրջանում, բայց դա չխանգարեց մեզ զարգացնել տնտեսությունը աճի երկնիշ տեմպերով: Այստեղ կարող է նաև դրական զարգացում լինել: Միանգամայն հավանական է Իրանի նկատմամբ պատժամիջոցների հետագա մեղմացումը: Ենթադրում եմ, որ երկաթուղու աբխազական հատվածի աշխատանքը վերականգնելու հնարավորություն կա, այն պատճառով, որ դա ձեռնտու է բոլորին: Դրա շահագործման ճկուն բանաձև է անհրաժեշտ, այնպիսին, որը չի դիպչի կողմերի համար զգայուն խնդիրներին: Հայաստանն, իմ կարծիքով, պիտի լինի այդ գործընթացի ամենաակտիվ միջնորդը, քանի որ այն ուղղակիորեն առնչվում է իր կենսական շահերին:

– Այժմ դուք հանդիսանում եք «Սիստեմա» ընկերության անկախ տնօրեն: Ընկերություն, որը ՌԴ-ի խոշորագույն դիվերսիֆիկացված հոլդինգներից մեկն է և իր մեջ է ներառում նավթարդյունահանող և վերամշակող, հեռահաղորդակցության, տեխնոլոգիական, ապահովագրական, անշարժ գույքի, առևտրական, մասմեդիայի, բանկային հատվածի և բժշկական ընկերություններ: Ասացեք, Ձեր կարծիքով Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցները քաղաքական խնդիրները կարգավորելու արդյունավե՞տ գործիքներ են, և ո՞ւմ տնտեսությունն ավելի կտուժի դրանից:

Ցանկացած պատժամիջոց երկսայրի է, և ավելի լավ է չկիրառել այն: Պատժամիջոցներ կիրառելը քաղաքական բարդ ու չափազանց պատասխանատու գործընթաց է: Բայց պատմությունը ցույց է տալիս, որ սանկցիոն շրջանի երկարաձգումը ոչ պակաս բարդ է դարձնում պատժամիջոցներից հրաժարվելը:

Պատժամիջոցները կարող են ավելի երկարակյաց լինել, քան դրանց նախապատճառները: Հիշեք Կուբայական պատժամիջոցների պատմությունը կամ` Ջեկսոն – Վենիկի տխրահռչակ լրացումը: Ակնհայտ է, որ ներկայիս պատժամիջոցներից տուժելու են բոլորը, իսկ ով ավելի շատ կամ քիչ`կախված է հաշվողի համակրանքից ու էնտուզիազմից:

– Ռոբերտ Սեդրակի, օգոստոսի 31-ին Դուք կդառնաք 60 տարեկան: Դա քաղաքական գործչի համար ծաղկուն տարիք է: Ինչպիսի զգացումներ ունեք այս առումով: Կարո՞ղ եք կրկին գալ իշխանության այսպիսի բարդ ժամանակներում:

Ասեմ անկեղծորեն. ես իմ տարիքը չեմ զգում: Ֆիզիկապես ամեն ինչ ավելի լավ եմ անում, քան հիսուն տարեկանում /ավելի շատ ժամանակ կա մարզումների համար/: Անընդհատ ինչ-որ բան սովորում եմ, հսկայական քանակությամբ մասնագիտական գրականություն եմ կարդում, ճամփորդում եմ, գիտելիքներ եմ կուտակում: Ձգտում եմ առավելագույնս օգտակար լինել ընկերությանը, որի Տնօրենների խորհրդում եմ ընտրված: Հարկ կլինի՞ այդ ամենը կիրառել քաղաքականության մեջ`չգիտեմ, ամեն ինչ կախված է հանգամանքներից:

– Մի քիչ էլ Ձեր հոբբիների մասին խոսենք: Գիտենք, որ դուք սիրում եք սպորտ, ջազ, գրքեր: Ի՞նչ ակտիվությամբ և ի՞նչ սպորտաձևով եք հիմա զբաղվում, ե՞րբ եք վերջին անգամ եղել ջազային համերգի, ո՞վ է Ձեր կուռքը, և վերջերս կարդացած ո՞ր գիրքն է Ձեզ վրա առավել մեծ տպավորություն գործել:

Կանոնավոր կերպով զբաղվում եմ լողով, ընդ որում`անընդհատ բարելավելով արդյունքներս: Բավականին ակտիվորեն ամռանը վինսերֆինգով եմ զբաղվում, իսկ ձմռանը`դահուկներով, սիրում եմ քայլել սարերում /հաճախ հրացանով/: Ջազ և ընդհանրապես երաժշտություն, ցավոք, լսում եմ հիմնականում, միայն տանը և մեքենայի մեջ: Վերջերս կարդացած և դուր եկած գիրքը Դարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի “Why nation fails” գիրքն է, հիմա կարդում եմ ֆրանսիացի տնտեսագետ Թոմաս Պիկետիի “Capital in the 21st century” գիրքը:

Գրիգորի Անիսոնյան
Նոև Կովչեգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031