Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն էր քառյակի «փայը»

Օգոստոս 29,2014 19:30

«Քառյակը չի լուծարվի, միանշանակ, ձևաչափը կմնա»,-Aravot.am-ի հարցին հնարավո՞ր է ոչ իշխանական քառյակը լուծարվի, մանավանդ արդեն հարցեր կան, որոնց առումով կա անհամաձայնություն, օրինակ՝ Կուտակային կենսաթոշակային օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկելը, այսպես պատասխանեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Փաստելով, որ ժամանակն անհետևանք չի մնում, պարոն Իսագուլյանը նշեց, թե ցավոք, որոշ կուսակցությունների քաղաքական վերնախավերը հետաքրքրված են քաղաքականության մեջ բիզնեսով և երբեմն գայթակղվում են իշխանության առաջարկներով, մանավանդ, որ իշխանությունը առանձին-առանձին քառյակի բոլոր ուժերի հետ էլ համագործակցության փորձեր անում է: Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ քաղաքականությունը բիզնես համարելու հոգեբանությունը ներմուծվում է արտերկրից:

Այս համատեքստում պարոն Իսագուլյանը առիթը բաց չթողեց գովերգելու և առանձնացնելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ու նշեց. «Ինքը, բավականին լուրջ բիզնեսի տեր մարդ, որ կարող էր ոչ մի խնդիր չունենալ, հասկացել է այն, որ  ինքն այնքան ժամանակ է, ուժեղ ու ազդեցիկ, քանի դեռ կա ուժեղ պետությունը: Ինքը կարողացել է ընկալել մի շատ ճիշտ բան, որ քաղաքականության մեջ որոշ բաներ պետք է առանձնացնել»: ՀԱԿ-ին անդրադառնալով՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց. «ՀԱԿ-ը գաղափարական-քաղաքական, թիմի առումով  ամենաուժեղ կազմակերպությունն է, նաև փորձառության առումով: Չէի ուզենա, որ ՀԱԿ-ը բոլոր առաջարկությունները, որ անում է իշխանափոխության մասին, կառուցեր ատելության վրա: Դաշնակների մոտ կուզեի ընկալման առումով հստակեցումներ մտցվեին: «Ժառանգությունը» դեռ ինքը պիտի կարողանա կողմնորոշվել»:

Գերագույն խորհրդի անդամ Ազատ Արշակյանը համարում է, որ քառյակը պարտվածների կոալիցիա է, մխիթարության քառյակ, սփոփանքի միություն: Ըստ Ազատ Արշակյանի՝ հիմա ինքնաարդարացման հարց են լուծում. «Իրենց գնացքը «Ա» կետից դուրս է եկել «Բ» կետը հասնելու համար, սակայն հայտնվել է «Ց» կետում: Սա քարոզչական գործունեություն է ժողովրդավարական  երկրում, բայց մարող գործունեություն, քանի որ պարտվածների միություն է, նախապատրաստվում են առաջիկա նախագահական և ԱԺ ընտրություններին»:

Ազատ Արշակյանի կարծիքով՝ քառյակը «քարոզչական» նախագիծ է, ու չի բացառում, որ ռոտացիայի արդյունքում քառյակի ուժերից մի քանիսը կհեռանան, առաջին գծում չեն լինի, ընտրություններից առաջ նոր միություն կձևավորվի, նոր լիդերներով:  Ըստ Ազատ Արշակյանի՝ քառյակն իր շանսը արդեն բաց է թողել. «Թեժ աշուն լինի, ցուրտ, թե գոլ, թե սառը, միևնույն է, նրանց շանսը այս քառյակի շանսը չէ: Իրենց շանսը եղել է մի քանի ամիս առաջ՝ ընտրությունների ժամանակ, իրենց շանսը օգտագործել են այս չափով: Այս չափը հենց իրենց փայն է, պետք է բողոքեն, դժգոհեն քննադատեն, մասնակցեն, պետական քաղաքական կյանքի գործունությանը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031