Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն է «աթոռակռիվ» տալի՞ս, թե՞ ոչ իշխանական քառյակի մյուս ուժերը

Օգոստոս 30,2014 17:00

Ստեփան Մարգարյանը հակադարձում է Արմեն Ռուստամյանին

-Նախօրեին, ԲՀԿ-ի հետ կայացած առանձին հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական բարեփոխումներին, եթե դրանք ներառեն նաեւ կուսակցության պատկերացումներն ու իր տարակուսանքն արտահայտեց Քառյակի մյուս ուժերի «դեմ» դիրքորոշման առիթով, այն պարագայում, երբ նախագիծը դեռ պաշտոնական տեսք չունի: «Մյուս քաղաքական ուժերը պիտի մտածեն՝ կողմ լինելով խորհրդարանական կառավարման համակարգին, այժմ ինչո՞ւ են համարում, որ հիմա դրա ժամանակը չի»,- տարակուսեց Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ-ի դիրքորոշումը անակնկա՞լ էր:

– ՀՅԴ-ի դիրքորոշումը մշտապես, ինչ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խոսակցությունները գնում են, եղել է հետեւյալը՝ իրենք կողմ կլինեն, եթե իրենց պայմանները, առաջարկները կմտնեն այնտեղ, իրենց դիրքորոշումը կարտահայտվի այդ փոփոխություններում: Հիմա այդ փոփոխությունները չկան: Իրենք էլ չեն կարդացել: Դեռեւս պաշտոնապես որեւէ բան հրապարակված չի: Այդ դեպքում, եթե մենք կարդացած չլինելով դեմ ենք, կարելի է ասել նույնը, որ կարդացած չլինելով կողմ էլ չի կարելի լինել:
Համենայնդեպս, ՀՅԴ-ի դիրքորոշումը մենք մշտապես իմացել ենք: Ես այս առումով ասելու ոչինչ չունեմ. քաղաքական ուժ է, ինքն է որոշում: Բայց մենք ծանոթ լինել-չլինելու խնդիր չենք էլ քննարկում, մենք չենք էլ ասում, որ բովանդակային քննարկում ենք կատարելու եւ բովանդակությանն ենք դեմ: Մենք երեւույթին ենք դեմ: Բազմիցս ասել ենք, որ հիմա Սահմանադրություն փոխելու անհրաժեշտություն չկա, սահմանադրական փոփոխությունը որեւէ կապ չունի երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հետ: Իսկ դրանք շատ են, եւ Սահմանադրությունը դրանց պատասխանները տալիս է: Չկա այնպիսի իրավիճակ, որ Սահմանադրությունը խանգարում է խնդրի լուծմանը: Երկրի հետ կապված մեր խնդիրը Սահմանադրության փոփոխությունը չէ:

– Չե՞ք կարծում, որ ավելի ռացիոնալ է ՀՅԴ-ի դիրքորոշումը՝ բովանդակային քննարկումների մեջ մտնել, այլապես, ստացվում է աթոռակռիվ: Ինչպես Արմեն Ռուստամյանը նկատեց. «Ինչ-որ հույս կա, քանի որ նախագահը գնացող է, իրենք կարող է գան, էդ աթոռից մի քիչ էլ իրե՞նք օգտվեն: Եթե հիմա չարեցին, տասը տարի եւս այս համակարգը չի փոխվի, որովհետեւ ամեն մի նոր եկած նախագահ, անկախ անձից, գայթակղվում է այն իշխանությամբ, որը որ ունի: Աթոռակռիվ է դառնում»:

– Ես հիմա կարող եմ իմ կարծիքն ասել. մենք նույնիսկ, կարծում եմ, որ պատրաստ կլինենք, եթե, իհարկե, լուրջ քննարկում ծավալվի: Եկեք, այդ դեպքում, այժմվանից ստորագրենք, հայտարարենք ի պաշտոնե, որ համապետական ընտրությունների ավարտից անմիջապես հետո՝ անցնում ենք Սահմանադրության փոփոխությանը: Այսինքն, որ վերանա այն խնդիրը, թե որեւէ մեկը նստելու է կամ չի նստելու: Մենք պատրաստ ենք նաեւ դրան: Բայց մենք պատրաստ չենք արհեստական սահմանադրական փոփոխությունների ընթացքում նպաստելու, ասենք, իշխանությունների վերարտադրությանը, ինչը տեղի կունենա միանշանակ, եթե Սահմանադրությունը փոխվի: Հիմա ո՞րն է աթոռակռիվը. նպաստել իշխանությունների վերարտադրությանը, թե ասել՝ եկեք անմիջապես ընտրություններից հետո գնանք փոփոխությունների: Մենք պատրաստ ենք նստել եւ քննարկել անմիջապես ընտրություններից հետո բովանդակային քննարկումների եւ սահմանադրական փոփոխությունենրի գնալու մասին հարցը:

– ՀՅԴ-ի այդ դիրքորոշումը Քառյակի ծրագրերում փոփոխություններ մտցնո՞ւմ է:

– Քառյակի նիստ չենք արել եւ կոռեկտ չի լինի, որ ես Քառյակի անունից որեւէ բան ասեմ: Այդ ամեն ինչը, անշուշտ, կքննարկվի Քառյակում, եթե, իհարկե, Քառյակը որոշի, ի վերջո, որպես Քառյակ անդրադառնալ սահմանադրական փոփոխություններին, ոչ թե որպես առանձին կուսակցություններ: Հիմա Քառյակի դիրքորոշումը 12 կետերն են եւ դրանց կատարման վերաբերյալ վերաբերմունքը, ինչը կհայտնենք շուտով: Սահմանադրության վերաբերյալ մենք չունենք Քառյակի կողմից պաշտոնապես հրապարակված բովանդակային կամ ձեւի վերաբերյալ իչն-որ բաներ: Կքննարկենք՝ կերեւա:

– ՀՅԴ-ի կեցվածքում իշխանության հետ կոալիցիա մտնելու հավակնություններ տեսնում ե՞ք:

– Ճիշտ չի լինի, որ ես այդ հարցին պատասխանեմ: Չգիտեմ: Այնուամենայնիվ, ՀՅԴ-ի պաշտոնական հայտարարությունը, որ իրենք պաշտպանելու են սահմանադրական բարեփոխումները, դեռեւս, կարծում եմ, որ կարելի է համարել, որ չկա: Իրենք կհայտարարեն, կհիմնավորեն՝ դա այլ բան է: Հիմա գնում է բանավեճ, ես համարում եմ դա նույնիսկ առողջ բանավեճ, մտնե՞լ սահմանադրական փոփոխությունների քննարկումների մեջ, թե՝ ոչ: Երբ սահմանադրական փոփոխությունների քննարկումները կդառնան արդեն հանրաքվեի գնացող ինչ-որ մի բան, այդ ժամանակ յուրաքանչյուրն իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի: Ես համարում եմ, որ ՀՅԴ-ն դեռեւս չի հայտարարել իր դիրքորոշումը, որ անպայման սատարելու է:

Անկեղծ ասած, չեմ էլ կարծում, որ ներքին խոսակցությունները, որ առանձին-առանձին տարվում են՝ կարիք կար դարձնել հանրային քննարկման առարկա: Երբ քննարկումներ կլինեն ըստ էության, որից կախված կլինի հետագա դիրքորոշումներն ու ընթացքը, այդ դեպքում, իհարկե, մամուլը պիտի խառնվի:

-Կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերվող նոր օրենքը ՍԴ-ում վիճարկելու մասով, սահմանադրական բարեփոխումների մասով Քառյակում տեսակետները տարբերվում են…

– Ես կարող եմ բազմաթիվ այլ հարցեր նշել, որոնց շուրջ Քառյակը միասնական տեսակետ չունի: Եվ դա միշտ է եղել: Բայց դա այսքան ժամանակ չի խանագարել Քառյակին` կենսականորեն գործելու եւ քաղաքական օրակարգ թելադրելու:
ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» կողմից եղել են հայտարարություններ, որ իմաստ չեն գտնում կենսաթոշակային նոր օրենքը ՍԴ-ում վիճարկելու, բայց դա չի նշանակում, որ դա իրենց համար այնքան սկզբունքային հարց է, որ եթե մենք դիմենք, իրենք ասեն՝ այլեւս չենք համագործակցում: Այդպիսի բան չկա: Եթե իրենք դա սկզբունքային չեն համարում, չեն մասնակցում, դա որեւէ կերպ չի անդրադառնում հետագա համագործակցության վրա:

– Քառյակում դոմինանտ ուժը՝ ե՛ւ նյութական ռեսուրսների, ե՛ւ մարդկային ռեսուրսների առումով, ԲՀԿ-ն է, ուստի շատ բան պայմանավորված է հենց ԲՀԿ-ի կեցվածքով: Մինչեւ ո՞ւր է պատրաստ ԲՀԿ-ն գնալ, Սերժ Սարգսյանի հրաժարականը ԲՀԿ-ի օրակարգում կա՞:

– ԲՀԿ-ի առաջ առաջին հերթին Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներն են, եւ այդ ուղղությամբ մինչեւ ուր ասես ԲՀԿ-ն կգնա` խնդիրները լուծելու համար: Ինքնանպատակ որեւէ քայլ ԲՀԿ-ն չի անի, որեւէ խնդիր զուտ բարձրացնելու համար ԲՀԿ-ն չի անի: Մենք հիմա երկրի առջեւ ծառացած խնդիրները իշխանությունների առջեւ բարձրացրել ենք, չլուծելու դեպքում հետամուտ ենք լինելու այդ խնդիրներին: Այն, ինչը կապված է պետության հետ, երկրի հետագա նորմալ ընթացքի, անվտանգության հետ, մենք մինչեւ վերջ էլ գնացող ենք: Որեւէ բան մեզ համար տաբու չի, որեւէ թեմա չկա, որը մենք չենք բարձրացնի: Դա կախված կլինի նաեւ մեր եւ ժողովրդի հարաբերություններից: Մենք սկսելու ենք արդեն այցելություններ դեպի մարզեր, խորհրդակցելու ենք նաեւ ժողովրդի հետ: Մենք կգնանք այն ուղղությամբ, ինչ պահանջ որ կլինի հասարակության կողմից:

– Իսկ ինչպե՞ս կգնահատեք վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեության այս կարճատեւ ընթացքը, որը մեկնարկեց ստվերի դեմ պայքարի աղմկոտ հավակնություններով:

– Ամբողջական գնահատական տալու համար եւ հնարավորություն կա, եւ մի քիչ շուտ է: Կարեւոր է, թե՝ ինչ ուղղություն է վերցնում կառավարությունը: Այն, ինչը կապված է Քառյակի կողմից բարձրացված 12 կետերի հետ, ես դրանց չեմ անդրադառնա, որպեսզի Քառյակով անդրադառնանք:

Ընդհանուր առմամբ, ես կասեմ, որ շատ-շատ բաներ չեն կատարվել: Կան բաներ, որ վարչապետը փորձ արել է՝ գնալ: Ես չգիտեմ` ինչքան կգնա, ինչքան կխորանա: Բայց կան բաներ, որ եղել են՝ նաեւ մեծ թերություններ, հասարակական հնչեղության հարցեր այդ թվում եւս: Օրինակ, նույն պարտադիր կուտակայինի հետ կապված. արվեց քայլ, որոշում կայացվեց այն օրենքի տեսքով ընդունել այն դեպքում, երբ գրեթե ողջ հասարակությունը դեմ էր դրան: Դա ճիշտ քայլ չէ, եթե անգամ ինքդ համոզված ես:

Զրույցը՝
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    ՀՅԴ-ն իր կուսակից ընկեր Պողոս Պողոսյանի սպանությունն է ուրացել եւ ՄԱՐՏԻ 1-ը: ՀՅԴ-ն չարիք է…

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Համաձայն եմ: ՅՀԴ-ը պիտի վերջ տա իր բլեֆներին. և ԿՈՆԿՐԵՏ ասի,թե երբ՞ ու ինչպե՞ս են «ազատագրելու» Արևմտյան Հայաստանը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031