Օրհնության կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 

Օրհնության կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 


Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության եւ գիտության պաշտոնական կայքէջից՝ Գիտելիքի օրվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել կրթության ոլորտի ներկայացուցիչների օրհնության ավանդական արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ բուհերի ռեկտորներ, դպրոցների, քոլեջների և ուսումնարանների տնօրեններ: 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության խոսք է ասել կրթության ոլորտի ներկայացուցիչներին, շնորհավորելով նրանց Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ շեշտելով, որ   Տիրոջ օրհնության ներքո  մանկավարժների ներդրած ջանքերը՝ կրթելու սերունդներին, պետք է տասնապատիկ բազմապատկվեն: 

Եկեղեցական արարողակարգից հետո Վեհափառ հայրապետն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել են լրագրողների հարցերին:  «Մենք պիտի ցանկանք, որ մեր մանկավարժների հոգատար խնամքի և դաստիարակության ներքո կրթվեն ու հասակ առնեն ազգի արժանավոր ուսյալ զավակներ, որպեսզի իրենց իմացության նիշով, գիտելիքների հարուստ պաշարով կարողանան ապահովել մեր երկրի առաջընթացն ու մեր ժողովրդի բարօր ապագան՝ Աստծո մշտական օրհնության ներքո»,- նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը
Շեշտելով եկեղեցու կարևոր դերակատարումը կրթության համակարգում՝  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ մանկավարժների արդեն ավանդական դարձած օրհնությունը վերածվել է դպրոցի և եկեղեցու կապը խորհրդանշող արարողակարգի: «Պատմությունը ցույց է տվել, որ պետության բացակայության փուլերում Հայ առաքելական եկեղեցին իր վրա է վերցրել  կրթության կազմակերպման կարևորագույն գործը՝ հիմնելով առաջին հայկական դպրոցները, համալսարանները՝ հայ ժողովրդին նվիրելով սուրբ Մաշտոցի գիրն ու գրականությունը: Կրթության ոլորտը եկեղեցու հետ շաղկապված է պատմականորեն և դպրոց-եկեղեցի կապն ուղղակի անքակտելի է»,- ասել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ եկեղեցու հետ համագործակցությունը նաև լրացուցիչ առիթ է շեշտելու, որ կրթության և ուսուցանման գործը աստվածահաճո  առաքելություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք