Լրահոս
Օրվա լրահոսը

Կապիտալիզմ և քաղաքականություն

Սեպտեմբեր 01,2014 11:22

Արդեն շուրջ քառորդ դար է` անկախացած Հայաստանում բազմակուսակցական համակարգ է: Այսպես կոչված` ժողովրդավարություն:

Առաջին կուսակցությունները ստեղծվեցին հիմնականում գաղափարական ու քաղաքական հենքի վրա:

Առաջինները ՀՀԿ-ն, ԱԻՄ-ն ու ՀՀՇ-ն էին: Առաջին երկուսը ստեղծվեցին խորհրդային քաղբանտարկյալների ջանքերով, իսկ վերջինը ստեղծվեց ու կազմավորվեց Ղարաբաղյան շարժման ու «Ղարաբաղ» կոմիտեի հիմքի վրա:

Այնուհետև Սփյուռքից Հայաստան տեղափոխվեցին մեր ավանդականները` դաշնակցությունը, ռամկավարներն ու հնչակները, որոնք նույնպես որոշակի քաղաքական ու ազգային գաղափարների կրողներ էին:

Այնուհետև մեկը մյուսի հետևից ստեղծվեցին ու բազմացան տեղական կուսակցությունները, որոնցից առավել գործնականներն ու հեռատեսները թափանցեցին նախ Գերագույն խորհուրդ, այնուհետև` Ազգային ժողով, ընդ որում` առանց ֆինանսական մեծ ջանքերի, որովհետև այն ժամանակ ընտրակաշառք հասկացությունը դեռևս չէր ներխուժել մեր կյանք: Հիմնականում դա է պատճառը, որ այն ժամանակվա Գերագույն խորհուրդը քաղաքական գրագիտության իմաստով գերազանցում էր այժմյան ԱԺ-ին:
Հիմա` մեր օրերում առանց լուրջ ֆինանսական միջոցների անհնար է կուսակցություն ստեղծել, առավել ևս` իբրև կուսակցություն կայանալ, առավել ևս` ընտրություններում հաղթել: Խոսքը հավասարապես վերաբերում է թե իշխանամետ, և թե ընդդիմադիր կուսակցություններին: Այսինքն, այսօր Հայաստանում առանց լուրջ ֆինանսական միջոցների անհնար է քաղաքականապես տեղաշարժվել և քաղաքական խաղերում մասնակցություն ունենալ:

Ավելին. այսօր Հայաստանում առանց քաղաքական խաղերին մասնակցելու` անհնարին է ֆինանսական ապահովություն ապահովել, և բացառապես էս հանգամանքն է պատճառը, որ մեծահարուստները Հայաստանում ոչ միայն թափանցում են իշխող ու ազդեցիկ կուսակցություններ, այլև այդ կուսակցությունների շնորհիվ փորձում և շատ դեպքերում հաջողացնում են ներթափանցել Ազգային ժողով, որովհետև հասկանում են, որ Հայաստանում ազդեցիկ կուսակցությունը և պատգամավորական մանդատը գործարար մեծահարուստի համար բացառիկ ու անհրաժեշտ հանգամանքներ են:

Եվ չնայած մեր օրենքները մեր պատգամավորներին միանգամայն հստակ կերպով են արգելում բիզնեսով զբաղվել, մեր բիզնեսավոր մանդատավորները մեր ԱԺ-ում բարեհաջող շարունակում են իրենց բիզնեսը, որովհետև նա` ով պիտի էդ բանն իրենց արգելեր, ինքն էլ է նույնն անում, և առավել ոգևորությամբ ու առավել ինտենսիվ են իրենց բիզնեսը շարունակում` ԱԺ պատգամավորի մանդատներն իրենց գրպաններում ունենալով, որովհետև գաղտնիք չէ, որ պատգամավորական մանդատը գործարարի համար միանգամայն լայն ու միանգամայն այլ հորիզոններ է բաց անում: Եվ եթե անմանդատ գործարարը որևէ նախարարի ընդունելությանն արժանանալու համար տվյալ նախարարի ընդունարանում ժամերով պիտի սպասի, մանդատավորը ոչ միայն ցանկացած նախարարի կարող է ԱԺ-ի դահլիճում կամ միջանցքներում հանդիպել, այլև, հարկ եղած դեպքերում, կարող է ԱԺ ամբիոնից տհաճագույն հարցեր ուղղել ցանկացած նախարարի: Եվ միայն էս հնարավորությունն արդեն իսկ բավական է, որպեսզի ցանկացած գործարար ու մեծահարուստ որևէ ջանք ու միջոց չխնայի որևէ կերպ որևէ ազդեցիկ կուսակցության նախընտրական ցուցակ սողոսկելու համար: Եվ եթե էդ ցուցակային տարբերակը չի հաջողացնում, տվյալ ազդեցիկ կուսակցության տանիքի ներքո մեծամասնական տարբերակով է փորձում Ազգային ժողով ներխուժել: Եվ ամենաճարպիկներին ու ամենահարուստներին դա հաջողվում է, որովհետև ամենաազդեցիկ կուսակցություններն էլ ամենահարուստների կարիքն ու պահանջն ունեն և առաջին հերթին հենց մեծահարուստ անդամների շնորհիվ են դառնում ազդեցիկ:

Եվ չնայած մեր քաղաքականներն ու բոլորը չտեսնված են հասկանում, որ փողը մեր իրականության մեջ գլխավոր ու որոշիչ տեղ ունի, այդուհանդերձ, բոլորն էլ ազգից ու ժողովրդավարությունից են խոսում, այլ ոչ թե` փողից: Ու էդ քաղաքական ճամարտակություններն ու շատախոսությունները դեռևս իրենց դերը խաղում են, որովհետև մեր ընտրողների մեջ դեռևս լիքը դյուրահավատ ու միամիտ մարդիկ կան:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930