Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ոչ թե հակադարձում, այլ արդարանո՞ւմ է

Սեպտեմբեր 01,2014 17:00

Վահրամ Բաղդասարյանը բարձր է
գնահատում երկրորդ նախագահի ինքնագնահատականը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բավական նորմալ է վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Նոեւ Կովչեգ» ռուսալեզու թերթում տված հարցազրույցին, որում՝ ե՛ւ հարցերում, ե՛ւ պատասխաններում, կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստանը՝ շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի, տնտեսապես զարգացած եդեմ էր: «Ստեղծել արդար մրցակցային միջավայր բիզնեսի, հատկապես՝ մանրի եւ միջինի համար: Դրան հնարավոր չէ հասնել առանց տնտեսության ապամենաշնորհացման եւ ազդեցիկ չինովնիկների ու նրանց մտերիմների ախորժակի զսպման: Պետք է հստակ ազդակ տալ հասարակությանը, որ ցանկացած գործարար նախաձեռնություն ցանկալի է եւ օժանդակության կարժանանա, առանց հաշվի առնելու, թե ում շահերին է այն դիպչում: Ստեղծել այդպիսի օժանդակության արդյունավետ շուկայական մեխանիզմներ»,- նաեւ առաջարկ է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանը:

Վահրամ Բաղդասարյանը նախ սկսեց արդարանալ, որ ՀՀԿ-ի իշխանության տարիներին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ էր եւ այլն ու հավելեց. «Տարբեր գնահատականներ կարող են տրվել: Եթե կան գնահատականներ, որ այդ տարիներին եղել է տնտեսական աճ, ամեն ինչ հիմա է սկսվել, թալան չի եղել, հիմա է սկսվել թալանը, կարող են այլ պնդումներ էլ հնչել առաջին նախագահի կողմից, ներկայիս նախագահը կարող է հարցազրույցներ տալ: Դրանք բոլորն ազատ կամքի արտահայտություն են: Մարդիկ իրենց աշխատանքը բարձր են գնահատում, վատ չեմ վերաբերվում: Ես կարող եմ ներկայիս մասին խոսել՝ այս պայմաններում կարողացել ենք դիմակայել եւ տնտեսությունը պահել այս ձեւով: Ոչ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում կարող էր ավելի վատ լինել»:

«Առավոտի» դիտարկմանն էլ, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներում մինչ այժմ չէր խոսվել նրա՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, բայց լրագրողի հարցին՝ «կարո՞ղ եք կրկին գալ իշխանության այսպիսի բարդ ժամանակներում», վերջինս ամեն ինչ պայմանավորում է հանգամանքներով, միաժամանակ ներկայացնելով իր առույգ վիճակը, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Քաղաքականություն վերադառնալու համար դրանից պետք էր հեռացած լինել: Ինքը ե՞րբ է հեռացել, որ վերադառնա»: Հարցին՝ դուք համարում եք, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մե՞ջ է, պատասխանեց. «Իհարկե: Մեր ամբողջ քաղաքական կյանքին ինքն ակտիվ մասնակցություն է ունեցել՝ ելույթներով, մեկնաբանություններով: Այլ բան, եթե մարդը թողներ երկիրը, գնար ուրիշ երկրում բիզնեսով զբաղվեր, ընդհանրապես չերեւար, հինգ տարի հետո գար ու սկսեր հարցազրույցներ տալ»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930