Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ինչո՞ւ չենք հովանավորում Օքսֆորդին կամ Քեմբրիջին, դրանք ավելի մեծ վարկանիշ ունեն…»

Սեպտեմբեր 01,2014 13:42

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով Հայաստանում Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ բացելուն, ասաց, որ թեև կողմ է նման նախաձեռնությանը, սակայն կտրականապես դեմ է, որ այն լինի ՀՀ բյուջեի հաշվին:

Ըստ նրա, բացի այն, որ այս նախաձեռնությունը անչափ թանկ կնստի ՀՀ շարքային քաղաքացիների գրպանի վրա, ռուսական հեղինակավոր բուհը գործունեություն կծավալի հայաստանցիների վճարած հարկերի հաշվին, այլեւ զավեշտալի կլինի, եթե վճարովի տեղերի համար հայ ուսանողներից գանձվող գումարը գնա Ռուսաստան, այդ նույն համալսարանի բյուջե: Ըստ մեր զրուցակցի՝ Լոմոնոսովի համալսարանը համարվում է ամենահարուստ համալսարաններից մեկը, մինչդեռ Հայաստանի բուհերը թշվառ վիճակում են, դասախոսները աշխատավարձը չնչին է, մարզերի պետական բուհերը զուրկ են նյութատեխնիկական բազայից, այսինքն հայկական բուհերում հազար ու մի տեսակ հարց կա լուծելու: «Ես ինքս շատ կողմ եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բացվեն բազմաթիվ հանրաճանաչ, միջազգային բուհերի մասնաճյուղեր, քանի որ դրանով նախ մեր հասարակությունը, մեր երիտասարդությունը կառնչվի նրանց կողմից դասավանդվող մեթոդներին, մշակույթին…Հիմա այստեղ խնդիրն այն է, որ մենք Հայաստանի հանրապետությունում ունենք բազմաթիվ բուհեր`Ամերիկյան համալսարան, Ֆրանսիական համալսարան, Սլավոնական համալսարան, որոնք համապատասխանաբար, աշխատելով Հայաստանի Հանրապետությունում, չեն խախտում մեր «Կրթության և գիտության մասին» օրենքի դրույթները, բայց միաժամանակ կրթական ստանդարտները համապատասխանում են իրենց երկրում ընդունվածներին, ինչպես օրինակ` Ամերիկյան համալսարանինը: Բայց ինձ մի բան է հետաքրքրում, Ամերիկյան համալսարանը հովանավորվում է ԱՄՆ-ի կողմից, ինչքան գիտեմ Կալիֆորնիայի համալսարանի կողմից, որի մասնաճյուղը և համարվում է, Սլավոնական համալսարանը հովանավորվում է ՌԴ կառավարության կողմից, Ֆրանսիական համալսարանը հովանավորվում է Ֆրանսիայի կողմից, հիմա ի՞նչ՝ Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղը պիտի հովանավորվի Հայաստանի հանրապետության գրպանի՞ց:

Նախ ամենաառաջինը՝ Լոմոնոսովի համալսարանը համարվում է Ռուսաստանի ամենահարուստ կրթօջախը, մասնաճյուղ բացելու դեպքում մենք պիտի հովանավորե՞նք, կամ ասենք հովանավորում ենք, ուսումը անվճա՞ր է այդտեղ լինելու, եթե մենք հովանավորում ենք, ուրեմն թող մեր տաղանդավոր երեխաներին իրենք անվճար ծառայություն մատուցեն: Այսինքն ՀՀ քաղաքացին ոչ միայն իր գրպանից պիտի հովանավորի էդ համալսարանին, այլ եթե վճարովի տեղեր էլ բացվեն, մեր ուսանողների մուծած վարձավճարը պետք է տրամադրվի, որ նրանք առնեն ու տանեն Մոսկվա՞: Եկեք էստեղից սկսենք, նորից եմ կրկնում, ես ինքս կողմ եմ այդ համալսարանի մասնաճյուղի բացմանը, բայց կողմ եմ, եթե իրենք դնեն շուկայական հարաբերությունների մեջ: Ի՞նչ է նշանակում հովանավորել օտարերկրյա բուհի մասնաճյուղի գործունեությունը մեր երկրում, եթե էդքան գումար ունենք, եկեք բարելավենք մեր դասախոսների վիճակը, մեր դասախոսների աշխատավարձը, մեր ինստիտուտների նյութատեխնիկական բազան բարելավենք, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտինը, Վանաձորի համալսարանինը, Գավառի պետական համալսարանինը, Գորիսինը, բերենք դրանք բարելավենք: Մայրաքաղաքում սոցիալ-տնտեսական վիճակը համեմատաբար լավ է, մեզ մոտ շատ վատ է, եթե էդքան գումար ունենք, եկեք սուբսիդավորենք մեր ուսանողների ուսումը: Իսկ ինչո՞ւ Օֆսքորդի կամ Քեմբրիջի մասնաճյուղը չեն բացում, եթե էդպես է, թող այս համալսարանների մասնաճյուղներն էլ բացենք ու հովանավորենք, սրանք ավելի մեծ վարկանիշ ունեն աշխարհում, քան Լոմոնոսովի համալսարանը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930