Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության աշխատանքային այցը ԼՂՀ

Սեպտեմբեր 01,2014 16:11

Օգոստոսի 26-29-ը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը, որի կազմում են մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, պատգամավորներ Արթուր Ստեփանյանը, Թեւան Պողոսյանը, Միքայել Մանուկյանը, Էդմոն Մարուքյանը, Արմեն Մխիթարյանը եռօրյա աշխատանքային այցով եղավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։

Խորհրդարանի պաշտոնական կայքի համաձայն՝ ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությանը Հայաստանում եւ Արցախում ուղեկցում էին ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը եւ ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը։

Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը նախ այցելեց Վայոց Ձորի եւ Սյունիքի զորամասեր, ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների Վայքի եւ Գորիսի բաժիններ, եւ Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժին։

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի խոսքով` հանձնաժողովը պարբերաբար այցելություններ է կազմակերպում հանրապետության մարզեր, որոնց հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ տվյալ ոլորտում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին, հարցերին եւ օրենսդրական ճանապարհով դրանց տալ հիմնարար լուծումներ։

ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Վայքի եւ Գորիսի զորամասեր։ Հրամանատարական կազմի եւ զինվորների հետ հանդիպման ընթացքում նշվեց, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները վերահսկում են իրադրությունը, սպառազինված են ժամանակակից տեխնիկական միջոցներով ու զինտեխնիկայով եւ հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգության դեպքում պատրաստ են արժանի հակահարված տալ եւ անառիկ պահել մեր երկրի սահմանները։

Նշվեց նաեւ, որ դիրքերում եւ հենակետերում մշտապես տարվում են ինժեներական աշխատանքներ, դիրքերն ու հենակետերը ամրացվում են ժամանակակից շինարարական միջոցներով։ Պատգամավորները շրջեցին զորամասերում, ծանոթացան զինվորների կենցաղային պայմաններին, հետաքրքրվեցին սննդի, հանգստի հետ կապված հարցերով, եղան հակաօդային պաշտպանության, մարտավարական պատրաստության, մարզական սրահներում, որոնք հագեցած են ժամանակակից սարքավորումներով, մարզագույքով եւ որտեղ իրենց ամենօրյա վարժանքներն ու մարզումներն են իրականացնում հայ մարտիկները։ Բուժկետերը նույնպես հագեցած են ժամանակակից առողջապահական սարքավորումներով, գրադարանները՝ գեղարվեստական եւ մասնագիտական գրականությամբ, օրվա մամուլով։

Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզային ոստիկանության վարչությունների Վայքի եւ Գորիսի բաժիններում հանդիպումների ընթացքում նշվեց, որ անցկացվող պրոֆիլակտիկ միջոցառումների արդյունքում մարզերում իրավիճակը կայուն է։ Նախորդ տարիների հետ համեմատ ծանր հանցագործությունների թիվը նվազել է։

Զորամասերում եւ ոստիկանության բաժիններում հանդիպումների ժամանակ եղան առաջարկություններ սպայական կազմի բնակարաններով ապահովելու խնդիրները կարգավորելու վերաբերյալ։

Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ առաջիկայում այս ոլորտում նախատեսվում են օրենսդրական բարեփոխումներ, որոնց արդյունքում կլուծվեն սոցիալական եւ բազմաթիվ այլ խնդիրներ։

Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Գորիս-Խնձորեսկ-Հայկազյան-Կումայրի-Երիցվանք-Մարտունի երթուղով եղավ Արցախի հարավ-արեւելյան ուղղությամբ գտնվող հենակետերում։

Պատգամավորները ծանոթացան սպաների եւ զինվորների սպառազինությանը, դիրքային ապահովվածությանը, կենսապայմաններին։

Վերջերս ադրբեջանական կողմից դիվերսիոն գործողություններին դիմագրաված եւ հակառակորդին դեպի ելման դիրքերը հետ շպրտած զինվորների ու զինվորականների հետ զրույցում նշվեց, որ հայ մարտիկները մշտարթուն են, զգոն ու զգաստ, եւ օրվա ցանկացած պահի պատրաստ են արժանի հակահարված հասցնելու հակառակորդին եւ համարժեք գործողությունների արդյունքում լռեցնել նրանց կրակակետերը։

Ավագ լեյտենանտ, վաշտի հրամանատար Անդրանիկ Քոչարյանը, ով հակառակորդի դիվերսիոն գործողություններին իր վաշտի մարտիկների հետ հակահարված էր հասցրել եւ հետ շպրտել, արժանանալով ԼՂՀ նախագահի եւ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից շնորհված մեդալներին, նշեց, որ իրենք մշտապես պատրաստ են դիմագրավելու հակառակորդին, հակահարված հասցնելու եւ անվտանգ ու անառիկ պահելու մեր երկրի սահմանները։

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության կողմից վաշտի հրամանատարն արժանացավ պարգեւների։

Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ։

Նշվեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակը զինված է ժամանակակից զինտեխնիկայով, սպառազինված՝ պատրաստ է դիմակայելու եւ հակահարված հասցնելու հակառակորդի ցանկացած ոտնձգության։

«Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ են գտնվում բոլոր պաշտպանական գծերը»-, նշեց նախարարն ու հավելեց, որ մշտապես կատարվում են հետախուզական աշխատանքներ հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման եւ ոչնչացման ուղղությամբ։

Նշվեց նաեւ, որ հակառակորդը երբեք չի կարողացել իրականացնել մեր սահմաններն ու սահմանամերձ շրջանները գրավելու նպատակով խնդիրներ, քանի որ համարժեք հակահարված է ստացել, քանի որ հայ զինվորը պաշտպանում է իր հայրենիքը։
Կարեւորվեց այն հանգամանքը, որ հակառակորդի դիվերսիոն գործողությունների ժամանակ անմիջապես արձագանքեցին Արցախի հերոսամարտի մարտիկներն ու կամավորականները եւ կանգնեցին դիրքապահների կողքին։

Կորյուն Նահապետյանը պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, վերահաստատեց Հայոց բանակի մեծագույն դերն ու նշանակությունը Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման, սահմաններն անառիկ պահելու եւ հակառակորդին արժանի հակահարված հասցնելու գործում։

Կարեւորվեց այն հանգամանքը, որ վերջին դեպքերը հերթական անգամ ապացուցեցին մեր ժողովրդի, քաղաքական, հասարակական կազմակերպությունների հավաքական անկոտրում կամքը հայրենիքի պաշտպանության շուրջ։

Հանձնաժողովի անդամները ծաղիկներ դրեցին Ստեփանակերտի «Եղբայրական գերեզման» հուշարձանին՝ լռությամբ ու խոնարհումով հարգելով Արցախի ազատամարտում իրենց կյանքը չխնայած հերոսամարտիկների հիշատակը։

ՀՀ ԱԺ խորհրդարանականները եղան նաեւ Շուշիի զորամասերում։ Հրամանատարական հենակետում ծանոթացան ՀՀ եւ ԼՂՀ օդային սահմանները հսկող հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային ստորաբաժանումների ղեկավարման գործընթացին, ծառայության իրականացմանը։ Զենիթահրթիռային համակարգը հագեցած է գերժամանակակից տեխնիկական միջոցներով։

ՀՀ ԱԺ պատգամավորները եղան նաեւ Շուշիի քրեակատարողական հիմնարկում։ Ծանոթացան քրեակատարողական վերահսկողություն իրականացնող անձնակազմի աշխատանքային պայմաններին, զրուցեցին նախնական կալանքի տակ գտնվողների հետ, ունկնդիր եղան նրանց հուզող խնդիրներին, օրենսդրության հետ կապված հարցերին։

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպում ունեցավ ԼՂՀ ԱԺ նախագահի հետ։ Աշոտ Ղուլյանը ողջունելով ՀՀ ԱԺ խորհրդարանականներին ` կարեւորեց Հայաստանի եւ Արցախի օրենսդիր իշխանությունների համագործակցությունը։

ԼՂՀ ԱԺ նախագահը նշեց, որ երկուստեք հանդիպումներն ու այցելությունները պարբերաբար բնույթ են կրում եւ դրանք կլինեն շարունակական, ինչի արդյունքում հնարավորություն կստեղծվի օրենսդրական ճանապարհով լուծել հայկական երկու հանրապետությունների առջեւ ծառացած շատ խնդիրներ, օրենսդրությունը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կորյուն Նահապետյանը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական համագործակցությունը, մասնավորապես՝ պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի բնագավառներում։
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաեւ ԼՂՀ ոստիկանությունում, ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում։

Քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացվող բազմաթիվ հարցեր, որոնց իրականացման համար ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ։
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունն այցելեց ծրագրով նախատեսված զորամասերից մեկը։ Տանկային բրիգադի հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանը մանրամասներ ներկայացրեց վերջերս ՌԴ-ում տեղի ունեցած տանկային բիաթլոնի 20-օրյա մրցույթից՝ նշելով, որ մեր մարտիկները բարձր պահեցին հայ տանկիստի անունն ու պատիվը, եւ միջազգային այդ մրցույթում գրավեցին 2-րդ պատվավոր տեղը՝ իրենց ետեւում թողնելով Չինաստանի, Ղազախստանի պատվիրակություններին։ Նշվեց, որ հայ տանկիստներն անցել են Արցախյան ազատամարտի փորձությունների միջով ու այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակի մի մասն են կազմում եւ պատրաստ են պաշտպանելու հայրենի հողն ու ժողովրդին։

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը եղավ նաեւ Տոնաշենի (Եղնիկներ) առաջնագծում, ծանոթացան հայ դիրքապահների մարտական պատրաստվածությանը։

Հայոց բանակի մարտիկները մեկ անգամ եւս հավաստեցին, որ պատրաստ են դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգության։

Նշենք նաեւ, որ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում այցելությունների ժամանակ զինվորներն ու զինվորականները ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության կողմից ստացան հուշանվերներ, իսկ նրանց օրապահիկն ավելացավ քաղցրավենիքով, տարբեր տեսակի ուտեստներով, ստացան նաեւ հիգիենայի առաջին անհրաժեշտության պարագաներ։

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը վերադարձավ Երեւան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930