Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի տնօրենը` առաջին դասարանցիների կարմիր վզկապներով դպրոց ներկայանալու մասին

Սեպտեմբեր 01,2014 19:24

Այսօր համացանցում լուսանկարով փաստարկված մի արտառոց տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Գյումրու Ավստրիական թաղամասի (այն կառուցվել է ավստրիացիների կողմից երկրաշարժից հաշմանդամ դարձած գյումրեցիների համար) թիվ 40 դպրոցում առաջին դասարանցիներին պարտադրել են սեպտեմբերի մեկին դպրոց ներկայանալ կարմիր վզկապներով:

Aravot.am-ը այցելեց թիվ 40 դպրոց ` տնօրեն Արսեն Ալեքսանյանից պարզաբանում ստանալու, թե ինչո՞ւ են հանկարծ հիշել կոմունիստական ժամանակները, մի՞թե այս ամենը կապված է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու, նախկին Խորհրդային միության կարգերը վերականգնելու մտադրության հետ: Ի պատասխան մեր հարցի, տնօրենն ասաց. «Ես երբևէ ոչ մեկին ոչ մի բան չեմ պարտադրում, պարտադրելը  իմ բնույթը չէ: Առաջին դասարանցիների ծնողները տարբեր առաջարկներն էին հնչեցնում սեպտեմբերի մեկի հետ կապված , ես առաջարկեցի սպիտակ վերնաշապիկ հագնեն ու որպեսզի վառվռուն տրամադրություն ստեղծվի, ով ցանկություն ունի կարմիր ժապավեն անցնի, ես մեկնաբանել եմ, որ կարմիրը մեր եռագույնի գույներից մեկն է: Առաջարկել եմ, որպեսզի առաջին դասարանցիները տարբերվեին մյուսներից: Եթե ուշադիր նայեք, դրանք վզկապներ չեն, այլ ժապավեներ են, տղաներն էլ , ընդունված ու տարածված բառով ասեմ,կարմիր բաբոչկաներ են կրել: Մի խոսքով, տոնական տեսքով ներկայանալու համար ով, ինչ հնարավորություն ունեցել, արել է, երեխա էլ կա, որ ոչ մի ժապավեն էլ չի կրել:

IMG_3289

Ես անկեղծ ասած, երբեք չէի մտածում, որ իմ այս առաջարկը կդառնար նման քննարկման թեմա, ապշած եմ ու մտախոհ: Ես ի՞նչ առնչություն կարող եմ ունենալ կոմունիստական հասարակարգի կամ այդ հասարակարգը պրոպագանդելու հետ, երբ ես 1975 թվական ծնունդ եմ, այսինքն` բոլորը լավ գիտեն, որ ես չեմ հասցրել անգամ պիոներ լինել ու վզկապ կրել: Անկեղծորեն ասում եմ, ես կոմունիստական հասարակարգը պրոպագանդելու ոչ մտադրություն, ոչ ցանկություն, ոչ էլ դրա ժամանակն ունեմ, սա ուղղակի տոնական տրամադրությունը ապահովելու համար է եղել, ընդ որում, նորից եմ կրկնում, ոչ մի պարտադրանք»:

IMG_3290

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ, Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դպրոցի տնօրենը Հանրապետական է , և այն սերնդի ներկայացուցիչ է, որը ոչ կոմունիստ է եղել, ոչ էլ կոմսոմոլ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Արսեն Ալեքսանյան, ինչպես կարո՞ղ էիր պիոներ չլինել, երբ ԽՍՀՄ կազմաքանդման ժամանակ՝ 1991-ին, 16 տարեկան էիր: Այսինքն, պիոներ եղել ես…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930