Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատգամավոր բիզնեսմենները չեն ուզում լեգալացնեն բիզնեսն ու ռուսական շուկան գրավեն»

Սեպտեմբեր 01,2014 21:31

Երբ Ռուսաստանում արգելվեցին եվրոպական, ամերիկյան եւ այլ երկրների մի շարք սննդամթերքների ներմուծումը, որոշ հայ պաշտոնյաներ, տնտեսագետներ ու գործարարներ վստահ հայտարարեցին, որ հայկական արտադրողների համար նոր հնարավորություններ են բացվում ռուսական շուկայում:

Իսկ ահա ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական էմբարգոյի մասին  այլ կարծիք է հայտնել: Ռուսաստանում լույս տեսնող «Նոեւ Կովչեգ» հայկական թերթի օգոստոսի 28-ի համարի հարցազրուցում պարոն Քոչարյանը, մասնավորապես, ասել է. «Ընդհանրապես, մեծ մոլորություն է կարծել, թե Հայաստանի տնտեսությունը պատժամիջոցներից կարող է շահել»: Պարոն Քոչարյանը նշել է, որ օրինակ`  գյուղմթերքի հայ արտահանողները կարող են էականորեն ընդլայնել դեպի Ռուսաստան արտահանումների ծավալները, բայց որպեսզի ամրապնդվեն այդ շուկայում երկարաժամկետ, պետք է արտադրեն որակով ու գնով մրցունակ ապրանք:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն առաջիններից էր, որ հայտարարեց, թե ռուսական պատժամիջոցները հայ արտադրողներին նոր հնարավորություններ են տալիս, ուստի Aravot.am-ը պարոն Մակարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի 2-րդ նախագահի կարծիքը: «Մեր ասածները չեն հակասում իրար, իսկապես, պետք է մտածել ինչպես պետք է ավելացնել քանակն ու որակը: Մեր շատ մթերքների որակը վատը չէ, մի շարք ապրանքատեսակներ միջազգային սերտիֆիկատներ ունեն: Բայց խոշոր պետությունների շուկաները գրավելու 2 միջոց կա. կամ` էժան, որակյալ ու մեծ քանակով ապրանք, կամ` շատ թանկ, քիչ քանակի, բայց ինտելեկտուալ, հավելյալ արժեքով ապրանք: Ասենք` հատուկ տեսակի օրգանական սնունդ, հատուկ համերով մթերք, սնունդ, իսկ սովորական գինի, լիմոնադ, պահածո, կոնյակ եթե արտահանում են, պիտի իմանան, որ այնտեղ կան Չիլիիից, Մոլդովայից, Բելոռուսից,  Թուրքիայից, Ադրբեջանից ներմուծած ապրանքներն, ու ո՞նց պիտի մրցես»:

Այս տեսակ մրցակցության դեպքում, ըստ Գագիկ Մակարյանի, հայկական արտադրողները պետք է որոշակի քանակ ապահովեն, որովհետեւ Ռուսաստանը մեծ երկիր է, նրանց խոշոր սուպերմարկետներն ամսական հսկայական քանակի իրացում ունեն: Իսկ եթե մերոնք մի պահ քանակը չապահովեն, նրանք այլեւս որպես գործընկեր չեն հետաքրքրի ռուսներին: «Ուստի իմ ասածներն ու նախկին նախագահի ասածները չեն հակասում իրար: Այո, ճիշտ է ասում, որ այդ խնդիրները պետք է լուծել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեր հանդիպման ժամանակ փորձում էր մոտիվացնել արտադրողներին`եթե պետք է` արտադրության ծավալներն ավելացնեն, վարկեր վերցնեն, իսկ արտադրողներն էլ պետք է ճկուն լինեն, պարապ չմնան, արագ աշխատեն, պետության կողմից սուբսիդավորված վարկեր վերցնեն»,-ասաց պարոն Մակարյանը:

Aravot.am-ի հարցին` մեր արտադրողները ոգեւորվա՞ծ են, շահագրգռվա՞ծ են, տնտեսագետն ասաց. «Ոչ, առանձնապես ոգեւորված չեն, որովհետեւ մի որոշ արտադրողներ պատգամավորներ են, կամ ասենք` ախպերության, բարեկամության, կուսակցականության քողի տակ են աշխատում ու այդ «ջերմության» պայմաններում իրենց լավ են զգում, աշխատում են կիսաստվերային, կիսալեգալ, իրենց համար նեղություն է սկսել լեգալացնել, սերտիֆիկացնել ապրանքը, պիտի չարչարվեն, վազվզեն, չեն ուզում»:

Այդուհանդերձ, ինչպես պարոն Մակարյանն ասաց, կան որոշ արտադրողներ, որոնք արդեն քայլեր են անում ռուսական շուկայում ընդլայնվելու համար, իսկ գործատուների միությունը աջակցում է նրանց` գործընկերներ գտնելու հարցում:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930