Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ. Անկախությո՞ւն, թե՞ վերամիավորում

Սեպտեմբեր 02,2014 13:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ Երեւանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:

Արամ Աբրահամյան.- 23 տարի առաջ սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի անկախությունը, բայց առ այսօր վեճեր կան՝ արդյոք «ԼՂՀ» նախագիծը ճի՞շտ էր, թե՞ պետք է իրագործել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի վերամիավորման որոշումը:
Թեւան Պողոսյան.- Եթե կա մի որոշում, որի համար տեղի է ունեցել հանրաքվե, եւ ժողովուրդը քվեարկել է դրան կողմ, ապա այդ ծրագիրը, բնականաբար, ամենաճիշտն է: Չմոռանանք, որ սեպտեմբերի 2-ին անկախությունը հռչակվել է, բայց դրա հետ միասին ունեցել ենք դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, որտեղ ԼՂՀ բնակչության մոտ 99 տոկոսը կողմ է քվեարկել անկախությանը, ուրեմն ինքներս պետք է հարգենք այդ որոշումը, քանի որ ինքներս միշտ խոսում ենք, որ մենք ժողովրդավարության կողմնակից ենք: Տակտիկական որոշում է ընդունվել 91 թվականին, պետք է հասկանանք` երբ Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը, ԼՂՀ իշխանությունները օգտվեցին այն ժամանակ սովետական սահմանադրությամբ իրենց տրված իրավունքից՝ առանձին որոշում կայացնելու ինքնավար միավորման ճակատագրի համար, եւ այդ որոշումը այդ րոպեի համար երեւի ամենաճիշտն էր: Իսկ դրանից հետո, արդեն ժողովրդի կարծիքը հարգելով, փորձել իսկապես առաջնորդվել այս որոշմամբ եւ գնալ առաջ:

Ա. Ա.- 1990թ. Գերագույն խորհրդի որոշումը եւ 1991թ. հռչակագիրը, իսկ այնուհետեւ հանրաքվե՝ ո՞րն է ճիշտը:

Արթուր Ղազինյան.– Այս առումով ես կհամաձայնեմ. ժողովրդավարության դրսեւորումը, բնականաբար, հանրաքվեի միջոցով ընդունված որոշումն է: Հանրաքվեն պետք է համարել ժողովրդի կամքի բացարձակ արտահայտման միջոց եւ գործիք: Պետք է հասկանալ նաեւ հարցի բարոյահոգեբանական մասը, չէ՞ որ ի սկզբանե պայքարը մղվում էր ԼՂՀ-ի եւ ՀՀ միավորման համար: Շարժումը սկսվեց այդ նպատակով, մենք հիշում ենք դրա կարգախոսը՝ միացումը: Ղարաբաղում եւ Հայաստանում մարդիկ դուրս էին եկել փողոց եւ խորհրդային իշխանություններից պահանջում էին, որպեսզի միավորվեն այս երկու հայկական տարածքները: Բայց մյուս կողմից` եթե մենք փորձենք հասկանալ, որ արդեն Խորհրդային Միությունը փլուզվում էր, եւ արդեն սկսվում էր պետությունների ճանաչման գործընթացը, ապա պարզ է, որ խնդիրն արդեն դուրս էր գալիս Խորհրդային Միության ներքին իրավական կանոնակարգումներից եւ մտնում էր միջազգային իրավունք: Այստեղ թերեւս ավելի հեշտ կլիներ իրացնել ազգերի ինքնորոշման սկզբունքը, քան փոփոխել գծած սահմաները` փորձել հասնել այդ երկու սուբյեկտների միավորմանը: Հետեւաբար որոշում կայացվեց նաեւ ստրատեգիական առումով` իրացնել միջազգային իրավունքի ազգերի ինքնորոշման իրավունքը:

Ա. Ա.– Իրացրեցի՞նք այդ իրավունքը:

Թ. Պ.– Իրացրել ենք այսօրվա դրությամբ, քանի որ պետք է գիտակցենք, որ օրեցօր կա նաեւ ճանաչում, միգուցե ոչ պետությունների կողմից: Այսօր ունենք ԱՄՆ հինգ տարբեր նահանգների կողմից ճանաչում, ունենք տարբեր ավտոնոմ կարգավիճակների կողմից ճանաչում, ԼՂՀ անկախության խնդիրներին տարբեր միջազգային կառույցների առնչություն… քայլ առ քայլ գնալու ենք այդ լուծումներին: Բոլորն արդեն Ղարաբաղին սկսում են վերաբերվել որպես մեկ առանձին միավորի:

Ա. Ա.– Կալիֆոռնիան ճանաչել է, ԱՄՆ մի քանի այլ նահանգներ ճանաչել են, միջազգային մի քանի կազմակերպություններ դե ֆակտո ճանաչել են, Հայաստանը չի ճանաչում, ինչո՞ւ:

Ա. Ղ.– Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը կնշանակի ավարտ բոլոր տեսակի բանակցություններին, կնշանակի դուրս գալ բանակցային գործընթացից, կնշանակի մերժել Մինսկի խումբը: Միջազգային հանրությունը որոշում է կայացրել վարել բանակցություններ հակամարտության վերջնական, խաղաղ կարգավորման համար: Հետեւաբար, հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, Հայաստանը նպատակահարմար չի գտնում ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ բանակցությունների առարկան ինքնին հենց հանդիսանում է նաեւ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Քննարկումն ամբողջությամբ

 

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

«Առավոտ» օրաթերթ
02.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930