Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ՌԴ-ի համար ռազմատեխնիկայի դետալներ կարտադրի՞

Սեպտեմբեր 02,2014 13:21

«Կոնկրետ ռազմաարդյունաբերական համալիրի առումով, բանակցային գործընթացներ Լեհաստանի, ՌԴ-ի, Բելառուսի հետ որոշակի վերանորոգման եւ արտադրման հետ կապված, կարծեք թե, այս պահի դրությամբ նախանշված են: Այլ մարտահրավերներ կարող են ի հայտ գալ`տարածաշրջանի զարգացման սպառնալիքների առումով, բայց հանձնաժողով կա ձեւավորված, բոլոր հարցերին`օպերատիվ կառավարման, սահմանների անվտանգության, նոր սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման… այս բնագավառի հետ կատված այս պահին ավելացնելու ոչինչ չկա: Ընթացքը նախանշված է առաջիկայի առումով: Եթե հետագայում ինչ-որ խնդիրներ կլինեն, մենք որոշակի մոտեցումներ կորդեգրենք արդեն ռազմավարության մեջ»,- անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին` նոր ինչպիսի՞ մարտահրավերներ եք տեսնում, քանի որ նաեւ զարգացման տենդենցը շատ արագ է ընթանում, գուցե փոփոխություններ են եղել, պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նախագիծը առաջիկա նստաշրջանի օրակարգ ընդգրկելու հարցը:

Օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաեւ գիտական եւ գիտատեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծումը եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ու այլ զորքերի սպառազինման պետական, ինչպես նաեւ ռազմատեխնիկական հավակնոտ ծրագրերի իրականացումը: Այն կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակները, սկզբունքները եւ խնդիրները, ռազմարդյունաբերական համալիրի մեջ ընդգրկվող պետական եւ այլ մարմինների ու կազմակերպությունների միջեւ ծագող հարաբերությունները, ռազմական պետական պատվերի ձեւավորման եւ տեղադրման կարգը, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գների կարգավորման մեթոդաբանությունը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ հիշեցրեց, որ երկու շաբաթ առաջ ՌԴ նախագահն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ հանձնարարել է այլեւս Ուկրաինայից տանկերի շարժիչներ, հրթիռների որոշակի մասեր եւ այլն, չգնել` հավելելով, որ նախատեսվում է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմամբ ինքնաբավ լինել այդ հարցերում: «Դա հնարավորություն է, որ 2,5-3 տարվա ընթացքում մենք մեր ռազմաարդյունաբերական համալիրում նաեւ մենք նույն բաները մշակենք, քանի որ ժամանակին հարուստ փորձ ունեցել ենք, կադրային բազան էլ դեռ պահպանվել է: Նախատեսվո՞ւմ է նման մի բան նախաձեռնել՝ հաշվի առնելով նաեւ ՌԴ-ի հետ համագործակցության փորձը, որպեսզի այդ պատվերները ոչ թե Սիբիրում մի գործարան անի, այլ Հայաստանում արվեն»,- հարցրեց պատգամավորը:

Փոխնախարարը ՌԴ-ի հետ ոլորտում համագործակցության պատմությանն անդրադարձավ ու ասաց, որ կախված պահանջարկից`այս հնարավորությունն օգտագործվելու է:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց, թեեւ, ինչպես նկատեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, մի քանի հարցեր մնացել են, որ կառավարության հետ պիտի դեռ քննարկվեն: Այս օրենքով պայմանավորված «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխելու կարիք է առաջանում: Կառավարությունը ենթադրում է, որ պաշտպանության մասին նոր դոկտրինի շրջանակներում բոլոր վիճելի հարցերը լուծումներ կստանան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930