Լրահոս
Օրվա լրահոսը

Լիտվայի դեսպանատան աշխատանքից բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունները անհի՞մն են

Սեպտեմբեր 02,2014 14:30

Aravot.am-ը անդրադարձել էր Հայաստանում Լիտվայի դեսպանատան վերաբերյալ Հայաստանի որոշ քաղաքացիների բարձրացրած մտահոգություններին ու դժգոհություններին: Մասնավորապես «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ ղեկավար Կարեն Հեքիմյանը կարծիք էր հայտնել, որ դեսպանատունը հաշվեհարդար է տեսնում իր հետ, քանի որ ինքը բարձրաձայնում է դեսպանատան աշխատանքում գրանցված թերությունների մասին:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ-ին ՀՀ որոշ քաղաքացիներ ահազանգել են, որ եթե անցյալ տարի դեսպանատունը տրամադրում էր վճարման մասին ձևաթղթեր, որոնք անգամ կնքված չէին, դրանց վրա գրանցվում էին, ասենք, վաղ առավոտյան, կամ կեսգիշերային ժամեր, ապա այս տարի միայն հաճախորդի պահանջի դեպքում է դա տրամադրվում: Կամ, եթե անցյալ տարի քաղաքացիներին տրամադրում էին ռուսալեզու գրություններ, ապա այս տարի տրամադրվում են միայն անգլալեզու փաստաթղթեր:

Ըստ Կարեն Հեքիմյանի` Լիտվայի դեսպանատան տարածքում հիմնականում շրջում են այսպես ասած «գործ սարքողներ», որոնք առանց հերթի անընդհատ ազատ ներսուդուրս են անում դեսպանատուն՝ հավանաբար այցելուների փաստաթղթերն էին տանում՝ նրանց համար բարեխոսելու նպատակով: Կարեն Հեքիմյանը մեզ հետ զրույցում դժգոհել էր, թե կարող էին բացահայտ, հերթը խախտելով արկղերով գինիներ տանել դեսպանատուն, կամ մեծ ծավալի փաստաթղթեր դուրս բերել Լիտվայի դեսպանատնից:

Կարեն Հեքիմյանը պնդում է, որ Լիտվայի դեսպանատունը խախտել է իր հանգստի և ազատ տեղաշարժի իրավունքները՝ Իսպանիա մուտքի արտոնագիր չտրամադրելով՝ այն դեպքում, երբ վերջին 5-6 տարիներին ինքը եղել է բազմաթիվ շենգենյան պետություններում է և որևէ իրավական խնդիր չի ունեցել:

Aravot.am-ը նշված խնդիրների մասին պարզաբանում ստանալու ակնկալիքով գրավոր հարցեր էր հղել Լիտվայի դեսպանատանը: Ստացված գրավոր պատասխանում ամրագրված էր, որ մեր հրապարակման մեջ նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Դեսպանատնից պարզաբանում են. «Նախ, մենք ցանկանում ենք նշել, որ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիայի 41 բաժնի պահանջին համաձայն՝ բոլոր այն անձինք, ովքեր օգտվում են սույն Կոնվենցիայով հաստատված արտոնություններից եւ անձեռնմխելիություններից, պետք է հարգեն ընդունող երկրի օրենքները եւ այլ իրավական ակտերը, սակայն դա չի ենթադրում, որ դեսպանատունը առաջնորդվում է ընդունող երկրի օրենքներով»:

Կապված վճարման մասին ձևաթղթերի խնդրի հետ` պատասխանում նշված է. «Հյուպատոսական վճարը մուտքագրվում է հատուկ համակարգչային ծրագրով, որը թույլ է տալիս հստակեցնել վճարողներին և վճարման նպատակը: Ի լրումն, վիզայի տրամադրման համար հյուպատոսական վճարը նշված է ճանապարհային փաստաթղթի մեջ փակցված վիզայի վրա»:

Կարեն Հեքիմյանը նշել էր, թե ի տարբերություն նախորդ տարվա, երբ որոշ աշխատակիցներ այցելուների հետ հայերեն էին շփվում, այս տարի շփվում են միայն ռուսերենով, փաստաթղթերն էլ տրամադրվում են միայն անգլերենով: Դեսպանատնից այլ բան են պնդում. «Հյուպատոսական հարցերով դեսպանատուն այցելողներին տրամադրվող բոլոր տեղեկությունները հրատարակվում են ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Այցելուներին սպասարկում են դեսպանատան աշխատակիցները` ՀՀ քաղաքացիները, այսպիսով՝ նրանք, ովքեր չեն տիրապետում օտար լեզուների, զերծ են ցանկացած դժվարություններից: Ընդհանրացնելով դեսպանության աշխատակիցների լեզվական հմտությունները՝  նշենք, որ դեսպանատանը կարող են շփվել ութ լեզուներով, անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, լիտվերեն, գերմաներեն, լեհերեն, ռուսերեն և ուկրաիներեն»:

Լիտվայի դեսպանատնից նշում են նաև, որ ամառային արձակուրդների հետ կապված՝ավելացել է վիզայի դիմումների քանակը (օրինակ՝այս տարվա հունիսին դեսպանատուն դիմել է 1629 մարդ), համապատասխանաբար ընդունելության ժամկետը երկարել է, սակայն դեսպանատունը, առաջնորդվելով սահմանված կանոնակարգերով, արտահերթ ընդունում է հիմնավորված դիմումները և գործում է ճկուն այն իրավիճակներում, որտեղ վիզայի տրամադրման որոշումը պահանջում է հրատապություն:

Վիզայի տրամադրման մերժումների հետ կապված դժգոհություններին ի պատասխան դեսպանատնից մեզ պատասխանում են. «Վիզայի մերժման կամ տրամադրման որոշումները ընդունվում են համաձայն հաստատված իրավական ակտերի, և եթե հայտատուն համաձայն չէ դեսպանատան որոշման հետ, վեճը կարող է ներկայացվել դատարան՝ համաձայն Լիտվայի Հանրապետության վարչական վարույթի օրենքով սահմանված կարգին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարում՝ Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Karen Heqimyan says:

    Ճիշտն ասաց բան չհասկացա…….Երեւի այդպես էր պետք….Կցանկանայի,որ դեսպանը խոսեր ըստ էության,օրինակ՝ի՞նչ է նշանակում տեղեկատվության անարժանահատություն,ինչո՞ւ են վճարման ձեւաթղթերում շատ անգամ նշվում ոչ աշխատանքային ժամեր,ինչո՞ւ դեսպանությունը չի պատասխանում քաղաքացիների հարցերին,ինչո՞ւ են արկղերով գինիներ ներս ու դուրս անում դեսպանատուն,ովքե՞ր են դեսպանատան մոտակա տարածքում ծառայություններ մատուցողները,որտե՞ղ է դեսպանը վատնում լիտվացի հարկատուների գումարները եւ այլն:Այս եւ բոլոր մնացած հարցերի պատասխանները կստացվեն երկար եւ մանրակրկիթ աշխատանքի շնորհիվ:Ինչպես կասեր հայտնի Օստապ Բենդեռը՝лед тронулся Господа присяжные,командовать парадом буду я ))))))))))))))))

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930