Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում թերթերն առավոտյան գնում են, իրիկունը մաշված վիճակում վերադարձնում կրպակներին

Սեպտեմբեր 02,2014 19:38

Aravot.am-ի հետ զրույցում «Շրջապատ» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանը, խոսելով Գյումրիում տպագիր մամուլի սպառման մասին, ասաց, որ այն բավական տխուր վիճակում է:

«Ես գիտեմ օրինակներ, որ մեր թերթը մի հոգի գնում է, ամբողջ շենքով կարդում են:Անգամ կրպակավարներից մեկը ինձ պատմեց, որ առավոտյան գալիս, առաջնահերթ մեր թերթն են տանում, բայց իրիկունը արդեն մաշված վիճակում հետ են բերում: Գյումրիից արտագաղթը ահավոր վիճակի է հասցրել տպագիր մամուլը, ենթադրում եմ, որ արտագաղթողների մեծ մասը ընթերցող մասսան է: Իհարկե, ամառային սեզոնը ևս իր բացասական դերակատարությունը ունի մեր աշխատանքի վրա, թեև ահավոր ձևով ազդում է նաև մյուս ոլորտների վրա: Մարդը հացի փող չունի, չես մեղադրի, որ թերթ չգնի: Մի փաստ էլ կա մարզային թերթերի հետ կապված, մարզային թերթերի մեծ մասը ֆինանսավորվում են կամ քաղաքապետարանի կամ մարզպետարանի կողմից կամ էլ առանձին օլիգարխների, կամ էլ պետական սուբսիդավորում են ստանում մշակույթի նախարարության կողմից: Գյումրիում, իմ թերթի օրինակով ասեմ, նման բան չկա, բացարձակ ինքնաֆինանսավորում է, իսկ տպագրական ծախսերը ահավոր մեծ են ու դժվար է այսպիսի պայմաններում թերթ հրատարկելը:Մի խնդիր էլ կա. եթե նախկինում տեղական ինքնակառավարման մարմինները իրենց հայտարարությունները տեղադրում էին մեր թերթերում, խոսքս վերաբերում է նաև մարզպետարանին, հիմա այդպես չէ, օրենքը չի պարտադրում, որ հայտարարությունները պետք է լինեն թերթերում, կայք են բացել, իրենք էլ գերադասում են անվճար կայքի ծառայություններից օգտվել: Թերթերը անգամ գովազդատուներ չունեն, եթե մարդիկ փակում են իրենց բիզնեսը, էլ ի՞նչ գովազդի մասին է խոսքը, մեր թերթում տպագրվող հայտարարությունների (ի դեպ, հայտարարություններն անվճար են ) 99 տոկոսը վաճառքի մասին է կամ վարձով տրվող օբյեկտների ու տների, գնորդները ընդամենը մեկ տոկոսն են, դե պատկերացրեք ինչ է կատարվում»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hovsep says:

    Հարգելի Եպրաքսյա,
    ցավում եմ, որ ձեր թերթը նման իրավիճակում է հայտնվել, սակայն պետք է նշեմ, որ դա բնական երևույթ է և տեղի է ունենում ողջ աշխարհում: Եթե նույնիսկ Գյումրիի բնակչությունը լիներ գնողունակ, երևի թե նրանցից քչերը կգնեին ձեր թերթը, քանի որ մենք ապրում ենք ինֆորմացիոն տեխնոլոգիաների դարում: Ես գործի բերումով աշխատել եմ տարբեր երկրներում և ներկայումս էլ գտնվում եմ Հարավային Ասիայի զարգացած մի պետությունում, որտեղ թերթերն ընդհանրապես անվճար են բաշանվում մարդկանց: Փողոցներում կան հատուկ այդ նպատակով հատկացված արկղեր, որտեղ հրատարակողները պարբերաբար թողնում են իրենց թերթերը, իսկ մարդիկ էլ ըստ ցանկության օգտվում են դրանցից:
    Ինձ թվում է, թերթը ինտերնետի ագրեսիվ քայլարշավի պայմաններում դարձել է ոչ անհրաժեշտ մի բան: Ու հենց այդ պատճառով, դուք և ձեր խմբագրակազմը պետք է փոխվեք և հարմարվեք նոր ժամանակների պահանջներին: Նախկին սովետական աշխատաոճն այլևս չի կարող արդյունավետ լինել մեր ժամանակներում: Փորձեք մարդկանց գրավել այլ եղանակներով:

    • Syuzi says:

      Հարգելի Հովսեփ, հավանաբար Դուք Շիրակի մարզից, Գյումրիից չեք («Շրջապատը» մարզում է տարածվում, հակառակ դեպքում՝ կիմանայիք, որ մեր թերթի նկատմամբ 10 տարի այլ վերաբերմունք կա ձեվավորված. ասում են՝ ընթերցվող թերթ է). եվ ինչի՞ց որոշեցիք, որ մեր թերթը «սովետական աշխատաոճ» ունի… ՞՞՞
      Եթե նորից ընթերցեք հոդվածը, ապա կտեսնեք, որ ես ոչ թե ասում եմ, թե մեր թերթը չեն գնում, որովհետեվ մենք «նոր Ամերիկա» չենք հայտնաբերել, այլ, որ մարդիկ առաջնահերթ մեր թերթը վերցնում, ընթերցում, ու/բայց մաշված ետ են վերադարձնում…
      Լրագրողի հետ մեր զրույցն այլ ընթացքից հասավ թերթերին, հակառակ դեպքում, անշուշտ, կմատնանշեի համացանցի ազդեցությունը ավանդական լրատվամիջոցների վրա, ինչում Ձեզ հետ համամիտ եմ…
      Եվ վերջում… հավատացեք, տպագիր մամուլն ավելի խորը ազդեցություն ունի եվ թյուր է Ձեր այն կարծիքը, թե թերթերը ոչ անհրաժեշտ են դարձել…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930