Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության հասնում են թշնամուն պարտադրելով

Սեպտեմբեր 04,2014 14:00

Անկախ սոցիալական, ծառայողական, կենցաղային եւ ֆինանսական խնդիրներից՝ հայ սպան ու զինվորը ապահովում են մեր խաղաղ կյանքը

Ոչ ալիեւյան «հզորությունը», ոչ գերժամանակակից սպառազինությունը, այլ հայ զորականի ոգու ուժն է ապահովում խաղաղությունն ու պահպանում հայի հաղթողի կոչումը:
Ս. թ. հուլիսի վերջին եւ օգոստոս ամսվա սկզբին ողջ հայ ժողովուրդը, ՀՀ-ն եւ ամբողջ աշխարհը ականատես եղան Բաքվի արդեն կրկնվող հիստերիկ քայլերին՝ դիվերսիոն գործողություններին, որոնք էլ ավելի սրեցին դրությունը հայ-ադրբեջանական շփման գծում: Բոլորս ականատես եղանք ազերի հրոսակների ջախջախմանը եւ հայ զինվորի հերոսական կեցվածքին, որով հայ մարտիկը կրկին հակառակորդին պարտադրեց խաղաղություն՝ թույլ չտալով ալիեւյան հեքիաթի իրականություն դառնալուն: Հայոց բանակի սպան ու զինվորը ապացուցեցին, որ 90-ականների ոգին չի մեռել եւ դեռ կա, որ հայ մարտիկը պատրաստ է պաշտպանելու հայրենիքը կյանքի գնով:

Ինքս երկար տարիներ ծառայել եմ առաջնագծում եւ գիտեմ խաղաղություն պարգեւող, խրամատում կանգնած զինվորին, սպային, որ մի կողմ դրած բազում սոցիալական, ընտանեկան խնդիրներ, առաջնային են համարում հայրենիքի պաշտպանությունը: Խրամատում կանգնած տղաները, բոլորն անխտիր, հերոս տղաներ են: Նրանց ներաշխարհը տարբերվում է բոլորից: Այդ նրանք են զօր ու գիշեր ապահովում մեր պետության խաղաղ գոյությունը, պատրաստ լինելով անընդհատ զսպաշապիկ հագցնելու ցանկացած հակառակորդի:

Անկախ իրենց սոցիալական վիճակից, վատ ապրելակերպից, արցախյան ազատամարտի բովով անցած տղաները այդ օրերին եւս կանգնեցին հայոց բանակի կողքին՝ մոռանալով, որ ժամանակին մոռացված ու անտեսված են եղել իշխանավորների կողմից, հայրենիքի շահը բարձր դասելով անձնական շահից:

Չեմ ընդունում այն բախտախնդիրներին, որոնք ամեն կերպ ջանում են պախարակել բանակը, հայ սպային: Ճիշտ է՝ կան շատ լուրջ խնդիրներ (արատավոր ու բացասական երեւույթներ…), որոնք հրատապ լուծում են պահանջում եւ անընդունելի են: Բայց այս ամենի մասին պետք է խոսել զգույշ՝ չուրախացնելով թշնամի «ազգերին», մանավանդ վտանգի պահին, երբ հայ ազգը առավել քան երբեւէ պետք է միասնական լինի: Հայոց բանակը ապացուցեց, որ չնայած այդպիսի խնդիրներին, ունակ է կատարելու մարտական խնդիր եւ անառիկ պահելու մեր սահմանները: Հայ սպան, զինվորը դրության տերն են ողջ սահմանագծում եւ որպես հաղթող կողմ՝ խաղի կանոնները թելադրում է հայ զինվորականը: Նույնիսկ ազերիների դիվերսիոն գործողությունները, տեղեկատվական պատերազմը, խաղաղ բնակիչների եւ ռազմագերիների սպանությունները, պատահաբար գերության մեջ հայտնված հայ գյուղացուն որպես դիվերսանտ ներկայացնելն անկարող են կոտրել եւ ընկճել հայ ռազմիկի ոգին:

Ազգովի պարտավոր ենք սիրելու, փայփայելու մեր բանակը, կանգնելու նրա կողքին, հարկ եղած դեպքում՝ համալրելու նրա շարքերը: Հայ սպան,զինվորը ղեկավարվում են անցյալի հերոսական ոգով : ՀՀ ղեկավարությունը, բանակի հրամանատարական կազմը պետք է ամեն ինչ անեն լուծելու բանակում առկա, հայ զինվորականի առջեւ ծառացած խնդիրները (սոցիալական, կենցաղային, ծառայողական) եւ թույլ չտան նրանց, նույնիսկ, մտածելու դրանց մասին: Հուսանք՝ կլինեն հետեւություններ:

ՆՈՐԱՅՐ  ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930