Լրահոս
Օրվա լրահոսը

Խնամատար ընտանիք՝ ընտանեկան ջերմությունը վայելելու միակ հույսը շատերի համար

Սեպտեմբեր 04,2014 13:45

«Մա՜մ, իմ մաման ու պապան ո՞ւր են»,- 3 տարեկանից խնամատար ընտանիքում մեծացած 7-ամյա Արմենի հարցը թեև սպասելի էր խնամատար ծնողների համար, սակայն սթափեցնող ու պարտավորեցնող, իսկ պատասխանը երեխային ստիպեց փակել անցյալի անհայտ էջերն ու արդեն գիտակցված շարունակել կյանքը՝ հարազատ դարձած խնամատար ծնողների ընտանիքում:

«Միշտ հարցնում էր մա՛մ, ինչի՞ ա քո ու պապայի ազգանունն ուրիշ, իմն՝ ուրիշ: Ծնողական ժողովներին էլ, որ գնում էի, դե բոլորը ջահել հարսներ էին, ընկերներն Արմենիս ասում էին, որ ես իր մաման չեմ, այլ տատիկը, ինքն էլ հարցնում էր ինձ, ասում էի չէ, մամադ եմ, բայց հստակ հնչած հարցից հետո որոշեցի երեխային ճիշտը բացատրել, ասացի, որ մամադ ու պապադ չեն կարողացել քեզ պահել, ես եմ վերցրել՝ պահում, սկզբում շատ ծանր տարավ, բայց արդեն երեք տարի է անցել այդ օրից և այդ մասին էլ չենք խոսել»,-պատմում է արդեն երեք երեխաների մայր, չորս թոռների տատ, լոռեցի 63-ամյա Լիզա Գևորգյանը, ով 2005 թվականին հեռուստատեսությամբ տեսել էր մանկատան երեխաներին ընտանիքներում մեծացնելու ծրագրի մասին ու որոշել մի երեխայի էլ ինքը պարգևի ընտանիքում ապրելու բերկրանքը:

«Ամուսնուս, երեխաներիս հետ խորհրդակցեցի, ոչ մեկը դեմ չէր երեխա որդեգրելուն, դիմեցինք ու 2007-ին Արմենին մեզ տվեցին: Երեք տարեկան էր, շատ փոքր էր, արդեն յոթ տարի մեր տանն է, շատ խելոք ու խելացի է, սկզբում չէր կարողանում անգամ բառեր արտասանել, հիմա էլ չեմ կարողանում լռեցնել,- ժպտալով պատմում է Լիզան ու ցույց տալիս ալբոմներում դասավորված Արմենի նկարները:

_---------------------- _--------------1 _-----------------------1

Լիզան մասնագիտությամբ տնտեսագետ է, նրա ամուսինը՝ ռադիոտեխնիկ ու երկար ժամանակ ապրել և աշխատել են Վանաձորում, սակայն վերջին տարիներին ամուսինները որոշել են տեղափոխվել Լիզայի հայրական տուն՝ Վանաձորից 17 կմ հեռավորության վրա գտնվող Մարգահովիտ գյուղ:

«Տղաս Ռուսաստանում է ապրում, աղջիկս՝ Դիլիջանում: Վանաձորում տուն ունենք, այնտեղ էինք ապրում, աշխատում, բայց հիմնարկը փակվեց, ստիպված եղա խոհարար աշխատել, հետո աշխատանք չունենալու պատճառով ստիպված եղանք գալ գյուղ, զբաղվել գյուղատնտեսությամբ՝ մշակել հողն ու օգտվել ամեն բարիքից»,-ասում է Լիզան:
Լոռվա թիկնեղ սարերի մեջ տեղավորված գյուղի կենտրոնում գտնվում է նրանց համեստ տունը՝ երկու սենյակ, փոքրիկ խոհանոց, տարբեր պահածոներով լցված մառան և հողամաս՝ ծանրացած պտղատու ծառերով, հատապտուղներով ու բանջարեղենով:

Արմենը գյուղում էլ հաճախում է դպրոց: Մայրն ասում է, թեև լավ է սովորում, սակայն ինքն ավելին է պահանջում: Հաճախում է նաև ռուսաց լեզվի և ըմբշամարտի խմբակներ: Ասում է, որ ըմբշամարտում հաջողություններ ունի ու ապագայում մասնակցելու է մրցումների:
«Մեր տանը միակ կռիվն Արմենի նորմալ հաց չուտելն ու համակարգիչն ա: Ամբողջ օրը թողնեմ համակարգչով կխաղա, ծաղիկ եմ աճեցրել, դրել կողքին, որ գոնե քիչ լինի ճառագայթումը,-սրտնեղում է Լիզան ու շոյում որդու գլուխը,-Վայ մաման մեռնի ջանիդ, արա,- Լիզայի հոգատար գոչյունով ողողվում է սենյակն ու ժպիտ պարգևում Արմենի ամոթխած դեմքին:

Տիկին Լիզան ցույց է տալիս պահարաններում խնամքով դասավորված Արմենի ամառային, ձմեռային հագուստները, դպրոցական կոստյումները, վերնաշապիկները:
«Իմ երեխաների նկատմամբ, ճիշտն ասած, էդքան ուշադիր չեմ եղել, ինչքան Արմենի: Հոգատար եղել եմ, բայց երիտասարդ էինք, հոգսերը շատ էին, իսկ Արմենի նկատմամբ յուրահատուկ ուշադրություն ունեմ, իր մոտ ամեն բան պետք է տեղը տեղին լինի: Երեխաներս նույնիսկ նախատում են, ասում են. մամ մեր նկատմամբ ավելի խիստ ես եղել, քան Արմենի»,-ասում է խնամատար մայրը:

Խոսելով Հայաստանում խնամատարության ինստիտուտի ներդրման մասին, արդեն 7 տարվա խնամատար մայրն ասում է, որ սա շատ կարևոր ծրագիր է, որի շնորհիվ երեխան մեծանում է ընտանիքում, զգում է ծնողի ջերմությունը, սակայն ցավով նշում է, որ ընտանիքներին գրեթե ուշադրություն չեն դարձնում:

«Մենք ընդհանրապես որևէ բանի կարիք չունենք, երբեք ինձ չի հետաքրքրում պետությունը երբ կտա երեխային պահելու համար տրվող 107 հազար դրամը, հիմա օր օրի ամեն բան թանկանում է, այդքան գումարով դժվար է պահելը, բայց մենք ունենք հողամաս, երկուսս էլ թոշակ ենք ստանում ու ամեն բան հասցնում ենք, ցավոք, երեխային մեզ տվեցին ու ոչ մի անգամ չհարցրեցին, թե ո՞նց ենք պահում, ճիշտ կլիներ, որ երբեմն այցելեին մեզ, երեխան զգա, որ իրեն պետությունն էլ է ուշադրություն դարձնում»,-ասում է Լիզան՝ հավելելով, որ հայտնի չէ նաև այս երեխաների ապագան, քանի որ խնամատարությունը հաստատված է մինչև երեխայի 18 տարին լրանալը:

Ընտանիքն այժմ փորձում է երեխայի որդեգրման հարցը լուծել: Տիկին Լիզան ասում է, որ իրենց բոլոր բարեկամներն ու ընկերները շատ սիրում են Արմենին, Արմենն էլ՝ նրանց և չի պատրաստվում ապագայում հրաժարվել երեխայից:

«Էսքան պահելուց հետո ո՞նց կարող ենք երեխային թողնել բախտի քմահաճույքին, ուզում ենք իր համար էլ մի տուն ստեղծենք, իմ միակ նպատակն է, որ այս երեխան կյանքում պիտանի մարդ դառնա, կյանքում իր տեղը գտնի: Անպայման պետք է սովորի, էսօր ես կամ, վաղը` չկամ, պետք է սովորի, որ կարողանա իրեն պահի»,-ասում է մայրը:
Տիկին Լիզան ասում է, որ մինչև Արմենին վերցնելը մի քանի անգամ եղել է մանկատանը, տեսել այնտեղի երեխաներին, զրուցել աշխատակիցների հետ ու նշում է, որ շատ նրբություններ կան մանկատան և խնամատար ընտանիքների միջև:

«Մանկատան բոլոր երեխաները սպասողական վիճակում են, նրանք միշտ սպասում են իրենց ծնողներին, նրանց ժպիտը երբեք լիարժեք չէ, նրանց աչքերը միշտ թախծոտ են, երևի հենց դա էլ ինձ ստիպեց փրկել մի երեխայի կյանք, իսկ փրկել ասելով նկատի ունեմ, որ այդ երեխան զգա ծնողի քաղցրությունը, զգա ինչ է նշանակում ծնողի հոգատարությունը, ծնող ու երեխա հարաբերությունները: Կուզեի, որ ոչ մի մանկատանը երեխա չավելանար, առանց այն էլ մեր հայ ազգը շատ է տուժել, ինչի՞ երեխան որբ մնա, երբ ունի ծնողներ»:

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886 Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930