Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհայտ կորածների հարազատները տեղեկատվության կարիք ունեն»

Սեպտեմբեր 06,2014 20:40

«Անհայտ կորած անձանց մասին» օրենքի բացակայության պայմաններում շատ հարցեր կան, որ այդպես էլ լուծում չեն ստանում:

Չնայած նրան, որ «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքներն ավարտվել են դեռ 2011 թվականին, այնուամենայնիվ, այն մինչ օրս չի մտել ՀՀ Ազգային ժողով:IMG_1570IMG_1576

«ՀՀ Արդարադատության նախարարությունից այս տարի տեղեկացանք, որ օրենքի նախագիծն ունի իրավական ձեւակերպումների հետ կապված խնդիր, այդ պատճառով այն չի ուղարկվել ԱԺ: Հիմա տեսնենք` ինչ կարող ենք անել` չնայած նրան, որ բոլոր գերատեսչությունները, որոնք կապ ունեն այդ խնդրի հետ, բոլորը ներկա են եղել նախագծի ստեղծմանը, եւ պիտի որ խնդիր չլիներ»,-Անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ անհայտ կորածների հիշատակին նվիրված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կազմակերպած միջոցառման ժամանակ Aravot.am- ի հետ զրույցում ասաց կազմակերպության խաղաղասիրական բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը:

Նա նկատեց, որ օրենքի բացակայության պայմաններում շատ հարցեր կան, որ այդպես էլ լուծում չեն ստանում:
«Առաջին իսկ խնդիրն այն է, որ գոյություն չունի անհայտ կորածի կարգավիճակ, դա արդեն իսկ խնդիր է մի շարք տարբեր հարցերում` փաստաթղթային, սոցիալական, սեփականության իրավունքի հետ կապված, մյուս հարցն այն է, որ այդ օրենքով դրվի անհայտ կորչելու հանգամանքների խնդիրը, թե ինչ հանգամանքներում է անձը կորել: Մեզ համար դա շատ կարեւոր է, որովհետեւ մենք տեղեկություններ ունենք, որ շատ դեպքերում անձը կորել է հենց ՀՀ տարածքում եւ ոչ թե գերեվարվել է եւ այլն: Այսինքն` այս հարցերի պատասխաններն ստանալը շատ կարեւոր է»:
Արմինե Սադիկյանը հավելեց, որ խնդրի վերաբերյալ հասարակության մեջ կա իրազեկվածության պակաս:

«Իրազեկվածության խնդիր էլ կա: Եթե մի քանի տարի առաջ մենք կարողանում էինք որոշակի գործողություններ կատարել եւ մյուս կողմի հարազատների հետ հանդիպումներ էինք կազմակերպում, ինչը նպաստում էր հաշտեցմանը, հակամարտության կարգավորմանը, ապա այժմ դա անհնար է դարձել: Կարծում եմ, որ այստեղ իշխանությունները մեծ անելիք ունեն, շատ կարեւոր է այս օրենքի ընդունումը: Եթե դու չունես օրենք, չես կարողանում իրավական լուծումը տալ, դա ցույց է տալիս` քո վերաբերմունքը քո քաղաքացիների նկատմամբ ինչպիսին է, թե ինչպիսին է մարդու իրավունքների վիճակը քո երկրում»,-ասաց Արմինե Սադիկյանը:

Կազմակերպության խաղաղասիրական բաժնի համակարգողը նշեց, որ ոչ միայն հասարակությունն իրազեկվածության պակաս ունի, այլ նաեւ անհայտ կորածների հարազատները ունեն տեղեկատվության կարիք:
«Հարազատները տեղեկատվության կարիք ունեն: Տեղեկատվություն ստանալու իրավունքը այդքան էլ չի ապահովվում, եւ պետությունն էլ պատշաճ չի իրազեկում, թե կոնկրետ ինչ է արվել, ինչ է արվում: Համակարգային լուծում չկա այս հարցին: Լրիվ անորոշության վիճակ է` սկսած տեղեկատվություն ստանալու իրավունքից վերջացրած իրավական, սոցիալական, առողջապահական մի շարք հարցեր»,-եզրափակեց Արմինե Սադիկյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարություն Մինասյան says:

    Հարգելի լրագրողներ, ոչ թե անհայտ, այլ անհետ, այսինքն առանց հետքի, որևէ հետք չթողնելով կորած: Մեռանք նույն բանը կրկնելով, էլի սխալ եք գրում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930