Գագիկ Ծառուկյանը՝ ամենաշատը ԱԺ նիստերից բացակայող պատգամավոր. ԲՀԿ-ից հակադարձում են

Գագիկ Ծառուկյանը՝ ամենաշատը ԱԺ նիստերից բացակայող պատգամավոր. ԲՀԿ-ից հակադարձում են

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ըստ «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի վիճակագրությամբ՝ 5-րդ գումարման ԱԺ-ի ամենապասիվ խմբակցությունը ԲՀԿ-ն է, ամենաշատը նիստերից բացակայած պատգամավորը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն իր անհամաձայնությունը հայտնեց նշված փորձագիտական եզրակացության հետ ու նշեց. «Երևի կատա՞կ եք անում: Վտահ եմ՝ հասկանում եք՝ ովքեր են պատվիրատուները չգիտեմ՝ ու՞մ կազմակերպած, չգիտեմ՝ ի՞նչ մոնիտորինգի, և կարծում եմ՝ սրանից ավել որևէ մեկնաբանության անհրաժեշտություն չկա: Ոչ մի արհեստական, ոչ մի պատվիրված եզրակացություն մեզ չի հետաքրքրում՝ բացի ժողովրդի եզրակացությունից, մեր աշխատանքը ակնհայտ է»: Մեր այն հակադարձմանը, թե փորձագիտական խմբի անդամները պնդում են, որ արդյունքները ստացվել են Parliament.am-ի պաշտոնական տվյալների մշակման արդյունքում, պարոն Ուրիխանյանը արձագանքեց. «Ես լսեցի Ձեր հարցը և պատասխանեցի, դրանից ավելի չեմ պատրաստվում խոսել: Ես զբաղվում եմ քաղաքականությամբ, այլ ոչ թե ինտրիգներով կամ հակաժողովրդական պատվերներ տվողների խոսքերը մեկնաբանելով»:

Aravot.am-ի հետ զրույցում «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն անիմաստ համարեց անդրադառնալ ԲՀԿ-ի՝ մոնիտորինգում պատվիրատու տեսնելու դիտարկմանն ու ասաց. «Երբ չկա պատասխան, առաջ է մղվում պատվիրատու փնտրելու և տեսնելու մոտեցումը»: Անդրադառնալով մոնիտորինգի մեթոդաբանությանն ու հաշվարկին՝ Լուսինե Վասիլյանը նշեց. «Ամեն ինչ հստակ է. վիճակագրական համակարգչային ծրագիրը, հիմք ընդունելով parliament.am-ի պաշտոնական տվյալները, հատուկ ալգորիթմի միջոցով մշակում է դրանք և ստեղծում ընդհանուր պատկեր, ըստ որի՝ հնարավոր է տեսնել, թե որ պատգամավորը քանի անգամ է ներկա եղել նիստերին, քանի անգամ բացակայել և ինչպես քվեարկել: Ըստ այդ ծրագրի մշակված վիճակագրության՝ Գագիկ Ծառուկյանն է ամենաշատ բացակայած պատգամավորը: Իսկ որ ԲՀԿ առաջնորդը ԱԺ նիստերին չի մասնակցում ու ամենաշատն է բացակայում, առանց մեր վիճակագրության էլ պարզ էր հասարակությանը»: Ըստ ԱԺ 5-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցի ՝ խորհրդարանական խմբակցություններից ամենապասիվն էր ճանաչվել ԲՀԿ-ն: Ծրագրի ղեկավարը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ այդ հաշվարկը կատարվել է՝ համադրելով պատգամավորների ելույթների և հարցերի թիվը՝ խմբակցության անդամների թվի հետ: Ավելին, ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի ակտիվության ցուցանիշը գրեթե նույնն է. մի քանի տասնորդականի տարբերությամբ ավելի պասիվ է ԲՀԿ-ն: Լուսինե Վասիլյանը մանրամասնեց. «5-րդ նստաշրջանի ընթացքում ԲՀԿ պատգամավորները 69 հարց են տվել և 44 ելույթ ունեցել: Հանրագումարը 113 է, որը համադրվել է խմբակցության պատգամավորների թվի հետ , ինչպես մյուսների դեպքում: Նշեմ, որ ըստ parliamentmonitoring.am-ի վիճակագրության՝ «Ժառանգությունն» ունեցել է 46 հարց ու ելույթ, ՀՅԴ-ն՝ 50, ՕԵԿ-ը՝ 102, ՀԱԿ-ը՝ 147, ԲՀԿ-ն՝ 113, ՀՀԿ-ն՝ 225: Այս ցուցանիշները բաժանելով խմբակցություններից յուրաքանչյուրի թվաքանակի վրա՝ ստացել ենք ԱԺ նիստերի դահլիճում խմբակցությունների ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ, որոնց մեջ ամենացածրը ԲՀԿ-ինն է, հետո ՝ ՀՀԿ-ինը»:

Մեր հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ ԲՀԿ-ն գնում է ոչ թե համագործակցելու, այլ մերժելու ճանապարհով, Լուսինե Վասիլյանը պատասխանեց. «Մինչև այս զեկույցի հրապարակումը այդ միտումը չենք նկատել: ԲՀԿ ներկայացուցիչները միշտ մասնակցել են ամփոփիչ զեկույցների քննարկմանն ու ներկայացմանը, իրենց դիտարկումները ներկայացրել: Այս անգամ էլ կուզեինք, որ մասնակցեին, սակայն չեն արձագանքել: Ուզում եմ շեշտել, որ սա ոչ թե սուբյեկտիվ մոտեցումների վրա հիմնված, այլ փաստերի վրա կազմված վիճակագրություն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentc CHi says:

    Ես չեմ հասկանում, բացի հանրապետականներից, մյուս պատգամավորները ինչու են գնում նիստերին: Գնում են որ ի՞նչ անեն:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք