Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլավոր Հայրիկյանին վանքերում ծոմապահությամբ կմիանան ԱԻՄ-ականները

Սեպտեմբեր 08,2014 20:11

Այսօրվանից ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը սկսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով իր հացադուլը:

Հացադուլի մեկնարկը պարոն Հայրիկյանը հայտարարեց Ազատության հրապարակում իր սակավաթիվ համախոհների ներկայությամբ: Հետո նկատեց, որ իր համախոհների քանակը շահարկելու են. «Վաղը կարող է մի երկու  թեթեւսոլիկ ասեն, որ Հայրիկյանը տասը հոգով էր հավաքվել: Բայց  արձանագրեք, որ Հայրիկյանը տասը հոգով հավաքվել էր նաեւ 69 թվականին, 73-ին, 87 թվականին»:

Hayrikyan

Հետո ասաց, որ այսօրվանից պատրաստվում են սեպտեմբերի տասներկուսին նախատեսած  «ոչ Մաքսային միությանը, «կեցցե ազատ, անկախ Հայաստանը» կարգախոսներով հանրահավաքին:

Պարոն Հայրիկյանը մինչեւ Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր գնալը, հրապարակում անդրադարձավ նաեւ այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին ներկայացված պատժաչափերին ու ասաց, որ ամենեւին չի ասում, թե աշխարհում նման գործողությունները  հետապնդելի արարքներ չէին համարվի, բայց Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ Շահենին, դատապարտել հինգ տարվա ազատազրկման ոչ թե Հայաստանի արդարադատության, այլ վրեժխնդրության հոտ է գալիս:

Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին վերաբերող հայտարարությունը ԱԻՄ առաջնորդին ու նրա համախոհներին  չհաջողվեց  նախագահական նստավայրում թողնել, որովհետեւ աշխատանքային ժամն ավարտվել էր: Պարոն Հայրիկյանն ասաց, որ նախագահական նստավայրից հետո գնալու է տարբեր վանքեր՝ աղոթելու ու հացադուլն այնտեղ շարունակելու: Նա մեզ հետ զրույցում չհստակեցրեց, թե որ վանքն է գնում, ասաց, որ իրեն տարբեր ԱԻՄ-ականներ են միացել ծոմապահությամբ, ու ինքը նրանց հետ պետք է համաձայնեցնի:

Պարոն Հայրիկյանը հավատում է Սերժ Սարգսյանի հրաժարականին ու դրա համար, ինչպես ինքն ասաց, վաղը ինքը նախագահական նստավայրի դիմաց կանգնելու է, որ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի մասին առաջինն իր հետ կիսվի:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930