Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն հավակնում է նախագահի աթոռին 

Սեպտեմբեր 09,2014 13:53

ՀՅԴ-ն էլ լքում է Քառյակը:

«Բացարձակապես նորմալ է, որ հանրային մեծ վստահություն ունեցող այնպիսի քաղաքական ուժն, ինչպիսին ԲՀԿ-ն է, հավակնի`առաջադրելու նախագահի թեկնածու: Այդտեղ դատապարտելու ոչինչ չկա: Ավելին, հակառակը կլիներ անտրամաբանական»,- Aravot.am-ի հետ զրույցում, արձագանքելով դիտարկմանը, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ այն քաղաքական ուժերը, որոնք կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին, բայց դեմ են սահմանադրական բարեփոխումներին, աթոռակռիվ են տալիս`հավակնելով նախագահի աթոռին, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նաեւ հավելեց, որ առաջիկայում ԲՀԿ-ն առավել հանգամանալից կներկայացի, թե ինչո՞ւ է կարծում, որ այս փուլում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա:

Քիչ հետո տեղի է ունենալու Քառյակի`ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» նիստը: Նիստի օրակարգը հայտնի չէ: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ տեղում են որոշելու: Սակայն, լուրեր են շրջանառվում, որ ՀՅԴ-ն այս նիստից հետո կլքի Քառյակի համագործակցությունը, քանզի սահմանադրական բարեփոխումների շուրջ այդպես էլ քառյակում կոնսենսուսի չեն գալիս`ՀՅԴ-ն կողմ է, մյուս ուժերը`այս պահին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չեն տեսնում: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խուսափեց լրագրողների հետ շփումից եւ այս հարցին պատասխանելուց: Ասաց` հարցազրույցն այս պահին իր առաջնահերթությունների մեջ չի մտնում, բոլոր հարցերին կպատասխանի մի քանի ժամից հետո:

Aravot.am-ի հավանակա՞ն է, որ ՀՅԴ-ն լքի Քառյակը եւ Քառյակի ծրագրերում փոփոխություններ մտնեն, մանավանդ, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանն արդեն իսկ հայտարարել է, որ վերջնական տարբերակում կանգ են առել խորհրդարանական կառավարման համակարգի մոդելին անցնելուն , Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ճիշտ կլինի, որ այդ հարցին ՀՅԴ-ն պատասխանի: Ես որեւէ պատճառ չեմ տեսնում, որ Քառյակի այն կուսակցությունները, ովքեր գտնում են, որ այս փուլում սահմանադրական փոփոխություններ անելու որեւէ անհրաժեշտություն չկա, իրենց ծրագրերում փոփոխություն անեն: Այսօր մենք ունենք հանդիպում, ճիշտ կլինի բոլոր այդ հարցերի պատասխանները ստանալ այդ հանդիպումից հետո»:

Հարցին`ԲՀԿ-ն իր դիրքորոշումը չի՞ փոխի, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Այո: Մենք դեմ չենք որեւէ բարեփոխման, սակայն, ցանկացած փոփոխություն պիտի արվի ճիշտ ժամանակին`լայն հասարակական, քաղաքական կոնսենսուսի պայմաններում: Հակառակ դեպքում կարող են դրա հետեւանքները շատ ավելի աղետալի եւ վտանգավոր լինել»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ թեմայի շուրջ ասաց, որ Քառյակը փոքր համագործակցություն է խորհրդարանի ներքո եւ դեռ չի վերաճել այնպիսի համագործակցության, որը կսպասարկի համազգային շահը`ամբողջական իշխանափոխություն, ԱԺ-ի լուծարում, նոր նախագահական ընտրություններ: «Հենց ազգային շահի սպասարկման գործընթացը կսկսվի, իսկ ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի, այն ուժերը, որոնք դուրս կմնան այդ գործընթացից, դուրս կմնան նաեւ քաղաքական գործընթացներից»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Մի առիթով տատս ասել է…Ջհանդամը թե չի լքի… Լքի, թե չլքի մեկ է` արտագաղթը չի դադարելու ու Հայաստանում ոչ մի հարց չի լուծվելու…………….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930