Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. Քառյակը կենսաթոշակային նոր օրենքը կվիճարկի ՍԴ-ում 

Սեպտեմբեր 09,2014 16:15

Խորհրդարանական քառյակի այսօրվա նիստում քննարկվել է ութ հարց, կոնսենսուս չկա միայն մեկ հարցի`սահմանադրական փոփոխությունների հարցում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Քառյակն այսօրվա նիստում որոշել է կենսաթոշակային նոր օրենքը վիճարկել Սահմանադրական դատարանում: Չնայած ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» հարցը ՍԴ-ում վիճարկելու իմաստ չեն տեսնում, սակայն, բայց պատրաստ են միանալ ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի նախաձեռնությանը:

Երրորդ հարցը վերաբերում է սահմանամերձ բնակավայրեր այցելությանն ու արված հետեւություններին: «Ինչպես հայտնի է, մենք այս ընթացքում այցելել էինք սահմանամերձ բնակավայրեր, և այսօր կարևոր խնդիրներից մեկն այն է, որ այդ այցելություններից հետո որոշակի կոնկրետ արդյունք արձանագրենք: Մենք ինքներս՝ նաև մեր պատասխանատվության բաժինը ընկալելով, կարծում ենք, որ պետք է լուրջ ամփոփվի այդ այցելությունը: Դրա հետ կապված առաջարկն արդեն ձևավորվել է՝ սահմանապահ գյուղի օրենսդրական ամրագրումն է: Քառյակը որոշեց առաջարկություն պատրաստել՝ այդ նախաձեռնությունը մինչև վերջ հասցնելու համար և ներկայացնել մեծամասնությանը: Նախագիծն արդեն պատրաստ է, և դրա հետ կապված առաջին քայլերի ականատեսը կլինենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Քառյակը քննարկել է նաեւ «Նաիրիտ» գործարանին վերաբերվող հարցեր`որոշելով «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալ: Հիշեցնենք, ժամանակավոր հանձնաժողովի հարցը մեծամասնության առաջարկով նախորդ նստաշրջանում հետաձգվեց: Այսօր Քառյակը գտնում է, որ ճիշտ ժամանակն է հետամուտ լինել այդ խնդրի վերջնական լուծմանը, քանի որ հարցը դեռ օդից առկախ վիճակում է:

Քառյակը նաեւ որոշել է տարբեր եւ միասնական օրենսդրական փոփոխություններով հանդես գալ: Քննարկել է նաև արտագաղթի խնդիրը, համաձայնեցրել են նամակի տեքստը, որով քառյակը պատրաստվում է դիմել ԱԺ նախագահին` ԱԺ կանոնակարգ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում այս հարցով խորհրդարանական լսումներ հրավիրելու համար: Երեկ այդ մասին ԱԺ լիագումար նիստում Քառյակի անունից խոսեց նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նամակում նշվում է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին հինգ տարիներին Հայաստանի արտաքին միգրացիայի բացասական հաշվեկշիռը կազմել է 212 հազար մարդ՝ տարեկան միջինը կազմելով 41 հազար: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ այսօր իսկապես գործ ունենք աղետալի չափերի հասնող, երկրի անվտանգությանն ու զարգացմանը սպառնացող լայնածավալ արտագաղթի երևույթի հետ: 

Քառյակի նիստում քննարկված հաջորդ հարցը վերաբերել է քառյակի 12 կետերին: Նախնական ամփոփում են կատարել`վերջնական ամփոփումը թողնելով հետագային: «Ժամանակը, որը մենք տրամադրել էիք սրա հետ կապված, դեռ չի սպառվել, սեպտեմբերի 30-ն է: Տարբեր քաղաքական ուժեր այս 12 կետերի հետ կապված իրենց գնահատականները ներկայացրեցին: Մենք որոշեցինք, որ սա ամփոփեն կուսակցությունները, որպեսզի կարողանանք միասնական տեսակետի հանգել: Այդ ամփոփումը կկատարենք մի քիչ ավելի ուշ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Հարցին` քառյակում ի՞նչ կարծիքներ կան 12 կետերի վերաբերյալ, դրանց քանի՞ տոկոսն է կատարել կառավարությունը, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Տոկոսների հետ կապված այդպիսի գնահատում չենք արել, բայց նախնական քննարկման տպավորությունը հետևյալն է՝ ունենք երեք խմբի գնահատականներ՝ ընդհանրապես չկատարված, մասնակի կատարված կետեր և անորոշ մնացած կետեր, որոնց վերաբերյալ գնահատական տալը դժվար է»: 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930