Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին դատի է տվել ՀՀ արտգործնախարարությանը

Սեպտեմբեր 09,2014 17:45
femida

«Անցել է 37 օրացուցային օր, և ոչ մի արձագանք: Դա աննախադեպ երևույթ է: Սա նշանակում է Հայաստանի ԱԳՆ-ն` ի դեմս ԱԳ նախարարի, անգործության է մատնված: Դրա համար պահանջում եմ դատարանից, որ պարտավորեցնի ԱԳ նախարարին ինձ տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ ղեկավար Կարեն Հեքիմյանը:

Հիշեցնենք, որ Կարեն Հեքիմյանը բազմիցս իր դժգոհությունն էր հայտնել ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան աշխատանքից, պնդել, թե այդ քննադատությունները հնչեցնելու համար իր հետ դեսպանատունը հաշվեհարդար է տեսնում: Դեսպանատնից մեզ պատասխանել էին , թե Կարեն Հեքիմյանի ներկայացրած «փաստերը չեն համապատասխանում իրականությանը»:

Հենց այս միջադեպն էլ առիթ է դարձել, որ Կարեն Հեքիմյանը դիմի ՀՀ ԱԳՆ-ին, որպեսզի նախարարությունը վերականգնի իր իրավունքները, որոնք խախտվել են ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպանատան «անարդար և կողմնակալ գործողություններից»: Սակայն ԱԳն-ից արձագանք չի ստացել: Այս մասին Կարեն Հեքիմյանը մանրամասնեց. «ԱԳՆ-ից նաև խնդրել եմ, որ վերականգնի իմ և ՀՀ-ի բարի համբավը, որի վրա փորձ է արվում ստվեր գցել` դեսպանատան կողմից հնչեցված «անարժանահավատ», «կեղծ տեղեկատվություն» ձևակերպումներով: ԱԳՆ-ին խնդրել եմ միջոցներ ձեռնարկել, որ վերականգնվեն Լիտվայի դեսպանության կողմնակալ գործունեության արդյունքում ինձ հասցված նյութական և բարոյական վնասները, խնդրել եմ միջոցներ ձեռնարկել, որ ՀՀ ԱԳՆ-ն նպատակաուղղի դեսպանատան աշխատանքը իրավական դաշտ»:
Պարոն Հեքիմյանը, հղում կատարելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածի ա կետին, նշում է. «Եթե ԱԳՆ-ից ինձ չեն պատասխանել, ուրեմն համարում եմ, որ իմ պահանջները բավարարվել են, վարչական ակտն ընդունված է, և ես ձեռնամուխ եմ լինում իմ իրավունքների իրականացմանը»:
Մեր հարցին` այդ դեպքում ի՞նչ է պահանջում ՀՀ-ում Լիտվայի դեսպանատնից, այն դեպքում, երբ անգամ ՀՀ ԱԳՆ-ն է անարձագանք թողնում իր դիմումները, Կարեն Հեքիմյանը պատասխանեց. «Քիչ բան եմ պահանջում: Ես չեմ դադարում պայքարել. նամակներ եմ հղել Լիտվայի ԱԳ նախարարին, նախագահին: Ի տարբերություն մեր նախարարի` Լիտվայի նախագահի պատասխան նամակը բարոյականության և դաստիարակվածության վերջն էր, այդտեղ անգամ ներողություն է խնդրում ինձնից այն անհարմարությունների համար, որ պատճառել է Լիտվայի դեսպանատունը»:
Կարեն Հեքիմյանը նաև շեշտեց, թե ՀՀ-ում Լիտվայի դեսպանատանն անընդհատ գրություններ է ուղղում տարբեր խնդիրներով, սակայն կամ չեն պատասխանում, կամ անընդհատ օտարալեզու գրություն են ուղարկում, որոնք ինքը չի հասկանում:
Aravot.am-ը փորձեց այս հարցերով պարզաբանումներ ստանալ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանից: Նա մեզ հորդորեց հարցը գրավոր ուղարկել, որպեսզի կարողանան համակողմանիորեն ուսումնասիրել նյութն ու ամբողջական պարզաբանում ներկայացնել: ԱԳՆ-ից պատասխանի ստացման դեպքում կհրապարակենք նաև այդ կողմի դիրքորոշումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Այ էդ մեկը լավ եք նշել. ԱԳՆ-ից պատասխանի դեպքում: Կպատասխանեն, բա չէ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930