Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարությունը չի՞ «լղոզում», փորձում է հարցին լուծո՞ւմ տալ

Սեպտեմբեր 09,2014 19:48

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանն այսօր մտահոգություն էր հայտնել այն մասին, որ Գագիկ Մաթևոսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն նրան շարունակում են պահել անազատության մեջ:

Ըստ Արթուր Գրիգորյանի՝ «Գագիկ Մաթևոսյանի մեկ աչքը բացակայում է, իսկ մյուս աչքի տեսողության սրությունը բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ 0.05-ը չի գերազանցում, նա ստացել է հաշմանդամության երկրորդ կարգ: Նա մասնակցել է Ղարաբաղյան ինքնապաշտպանությանը: Բայց նա շարունակում է պատիժը կրել: Ուստի այստեղ խոշտանգումների խնդիր է առաջ գալիս»:

Հիշեցնենք, որ Գագիկ Մաթևոսյանը «Մուսկուլ Գագոյի» խմբի գործով՝ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված մահափորձի առթիվ հարուցված քրեական գործով դատապարտյալ է: Փաստաբանը, հղում կատարելով «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի» մասնավորապես 112-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, որը որպես պատժից ազատելու հիմք, նախատեսում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն, պնդում է, թե «եթե այդ հիվանդությունը ազատման հիմք չի դառնում, ապա գործ ունենք խոշտանգման հետ»:

Արթուր Գրիգորյանը նշել էր, որ բազմիցս դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն, սակայն ստացել են «լղոզված» պատասխան և «սայլը տեղից չի շարժվել»:

ՀՀ առողջապահության նախարարությունից Aravot.am-ին պարզաբանեցին, թե փաստաբանից ստացված բոլոր նամակներին տրվել է համապատասխան պատասխան, իսկ «որակավորումները, թե դրանք որքանով են լղոզված, թողնում ենք իրենց»:

Այնուհետև տեղեկացրին, որ Գագիկ Մաթևոսյանի հարցը ուշադրության կենտրոնում է, առողջապահական հանձնաժողովը ուսումնասիրում է նրա առողջական վիճակը և մանրամասներ կհաղորդվեն առաջիկայում:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930