Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. Սաքունցը իրականության հետ չհամապատասխանող տեղեկություններով փաստաթուղթ է տարել դատարան

Սեպտեմբեր 09,2014 21:00

Այսօր` սեպտեմբերի 9-ին, ի պաշտպանություն փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության համար մեղադրյալներ Արեն եւ Արտակ Վերանյանների եւ Սամվել Դիլոյանի` կառավարության շենքի դիմաց հավաքվել էին մի խումբ ցուցարարներ:

Կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը հանդիպել էր ցուցարարներին եւ խնդրել էր գրավոր ներկայացնել իրենց պահանջը: Այդ իսկ պատճառով ցուցարարները կանչել էին Արեն Վերանյանի եւ Սամվել Դիլոյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանին: Ալեքսանդր Ղազարյանի հետ հանդիպումից հետո` նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, Ալեքսանդր Ղազարյանի լսել է հանրությանը հուզող հարցերը եւ խոստացել, որ կզեկուցի վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նաեւ նշել է, որպեսզի փաստաբանը ներկայացնի գրավոր տեղեկանքի տեսքով նամակ.

«Դա ոչ թե փաստաբանի կազմակերպած կամ պաշտպանական մարտավարության մաս էր, այլ ժողովուրդը, տեսնելով, որ հրապարակային դատաքննության արդյունքները, իրենց խոսքն էին ուզում հղել կառավարության ղեկավարին: Ես ուղղակի ներկայացրել եմ գործի իրավական կողմը, որ ամբաստանյալներից առնվազն 2-ի` Դիլոյան Սամվելի եւ Վերանյան Արենի մեղքն արդեն իսկ հերքվել է եւ նրանց անմեղությունը հաստատվել է` դատաքննությամբ հետազոտված ապացույցներով: Մեր ակնկալիքն է, որ արդար դատավճիռ պետք է լինի»:

Ցուցարարներն իրենց հետ ունեին «Ոչ սաքունցներին» պաստառը, Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է այդ պաստառի իմաստը, նա նշեց, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նախաքննության փուլում հանդիսացել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, եւ երբ որ գործը մտել է դատարան, պաշտպանական կողմը փորձել է դատարանին ներկայացնել, որ Արթուր Սաքունցն ամբաստանյալ Սամվել Դիլոյանի հետ ունի խնդիրներ` տարածքի վարձակալության հետ կապված.

«Մենք կասկածի տակ դրեցինք նրա անկողմնակալությունը, որից հետո փոխվեց տուժողի իրավահաջորդը, եւ նոր տուժողի իրավահաջորդը, որը հանդիսանում է հանգուցյալի քույրը, հրաժարվեց Սաքունցի ծառայություններից: Բայց դրանից հետո Սաքունցի հիմնարկը փորձում է ինչ-որ քայլեր ձեռնարկել, տուժողի իրավահաջորդին է կանչում իր մոտ կամ ինքն է գնում, ասում են` մենք կարող ենք ձեր համար փաստաբան վարձել, այնուհետեւ Սաքունցի հիմնարկում լրացվում է մի դիմում` տուժողի նախկին իրավահաջորդի անունով, որն այդ պահին այնտեղ չէ, եւ ներկայացվում է դատարան, որտեղ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ կան»:

Aravot.am-ը խոսել է նաեւ Արթուր Սաքունցի հետ: Հարցազրույցը` շուտով:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930