Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքապետը թաքնվեց ու ես այդպես էլ չհասկացա` ինչո՞ւ եմ ազատման դիմում տալիս»

Սեպտեմբեր 09,2014 22:33

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրը, երեկ աշխատանքից ազատվելու  դիմում է ներկայացրել  քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

Ինչպես տեղեկացրել ենք, մեր նախորդ հրապարակումներում, այս պաշտոնյայի ու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հարաբերությունները սրվել էին դեռևս վեց ամիս առաջ: Ըստ որոշ տեղեկությունների,  պատճառն այն էր, որ Արտաշես Կարապետյանը «Ցայգ» հեռուստաընկերությամբ   գովեստի խոսքեր էր հնչեցրել իր նախկին ղեկավարի` քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցեին, որը դուր չէր եկել պարոն Բալասանյանին: Ի պատասխան այս ամենի, Սամվել Բալասանյանը մեկուսացրել էր  նրան. ոչ մի իրադարձության չէր հրավիրում, պարտականությունները դրել էր այլ աշխատակցների վրա:

Մի խոսքով, 6 ամիս մեկուսացված աշխատելուց հետո Արտաշես Կարապետյանը երեկ աշխատանքից ազատվելու  դիմում է ներկայացրել Սամվել Բալասանյանին: Ինչպես   Aravot.am-ին պատմեց Արտաշես Կարապետյանը,  բարձրացել է քաղաքապետի ընդունարան` դիմումը անձամբ նրան հանձնելու  ու ի վերջո հասկանալու, թե ինչո՞ւ է հեռանում աշխատանքից: «Նա քաղաքապետ է, որպես այդ կառույցի ղեկավար պարտավոր  էր ասել, թե ես ի վերջո ինչո՞ւ եմ գնում: Ի՞նչ եմ արել, միգուցե մե՞ղք եմ գործել ու  ներողություն պիտի  խնդրեի դրա համար,  բա չհասկանայի՞… Նրա գործավարուհին`Թամարան, վերցրեց դիմումս ու ներս տարավ: 3 րոպե հետո դուրս եկավ `ասելով, թե պարոն Կարապետյան, դուք աշխատակազմի ղեկավար մոտ գնացեք, ձեզ պարոն Բալասանյանը կկանչի: 1 ժամ սպասել եմ Ասատրյան Ռոբերտի մոտ, բայց ինձ քաղաքապետը այդպես էլ չկանչեց: Փաստորեն  քաղաքապետը թաքնվեց  ինձանից` առանց ասելու, թե ո՞րն էր իմ ազատման պատճառը:

Խուսափեց իմ հետ դեմ առ դեմ հանդիպելուց, որ գոնե ասեի` բաղձանքդ կատարվեց, հեռանում եմ, մակագրի դիմումս, հրճվանքդ տեսնեմ: Դա քաղաքապետին ոչ վայել պահվածք է, գոնե ասեր `դու վատ մարդ ես , դրա համար էլ գնում ես,  ոչ մի պատասխան չստացա…

Իհարկե, ես նոր աշխատանքի եմ անցել, քաղծառայության  մրցույթի եմ մասնակցել ու դիմում տալուս օրը, այսինքն` ամսի 8-ին նշանակվել եմ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Արագածոտնի եւ Շիրակի տարածքային բաժնի պետ: Ես դարձյալ իմ սիրած ոլորտում եմ, բավականություն պիտի ստանամ  Օշականով, Մաշտոցի գերեզմանով  անցնելիս, այնպես որ հաճելի  աշխատանքի եմ անցնում»,- ասաց Արտաշես Կարապետյանը:

Ի դեպ, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև իրավաբանական բաժնի պետ Արտակ Ղազարյանը, որին պարոն Բալասանյանը հրավիրել էր մայրաքաղաքից: Մեր աղբյուրների տեղեկացմամբ, այժմ իրավաբանական բաժինը նոր պետ ունի, որը դարձյալ տարեց անձնավորություն է, նա  Գյումրիից է:

Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն, քաղաքապետարանի վերահսկողության  բաժնի պետը ևս պատրաստվում է   հրաժարական տալ: Թե ինչո՞ւ են Գյումրու քաղաքապետարանի կադրերը հերթով  հեռանում  կամ հեռացվում աշխատանքից, այս մասին առաջիկայում կփորձենք պարզաբանում ստանալ քաղաքապետից:

Հիշեցնենք, որ մի քանի  ամիս առաջ պաշտոնազրկվեց, ավելի ճիշտ արձակուրդ գնաց ու այլևս աշխատանքի չվերադարձավ փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը: Քաղաքապետը նրան փոխարինեց իր մանկության ընկերոջով` Շիրակի մարզի դատախազի նախկին տեղակալ  Վաղարշակ Մխիթարյանով: Իսկ  մի քանի օր առաջ հեռացավ նաև  Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը, որին լրատվամիջոցները համարում էին քաղաքապետարանի ամենահաջող կադրը: Ըստ լրագրողների, մամլո խոսնակի հարցում Սամվել Բալասանյանը, թերևս, ամենաճիշտ ընտրությունն էր կատարել. Զոհրապ Եգանյանը   կարողանում էր  լեզու գտնել բոլոր լրատվամիջոցների հետ ու  մեծ դերակատարություն ունեցավ  քաղաքապետի իմիջի բարձրացման հարցում: Նկատենք սակայն, որ եթե մամլո խոսնակի կամ փոխքաղաքապետի պաշտոնները հայեցողական են, ապա բաժնի պետերը համարվում են համայնքային ծառայողներ:  Համայնքային ծառայության մրցույթ անցնելու ամբողջ իմաստն այն է, որ վերջիններս պաշտպանված լինեն օրենքով, չենթարկվեն կամայականությունների:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Suren Nikoyan says:

    բալասանյանը կամ նրա իմիջմեքերը իմիջ ունեին? որ մի հատ էլ ստեղծեին?բալասանյանին սաղը միշտ իմացել են որպես բռնել տվող, կուսակցությունից կուսակցություն թռնող, հիմա եթե էդ իմիջն են ստեղծել, ապա, իրոք, հաջողված իմիջ է , անշուշտ, իսկ բաժինների պետերի շարան-շարան թռնելը բալասանյանից մի բան է նշանակում, նրա հետ նրա բերածները չեն կարող աշխատել, որովհետև ինքը անկառավարելի է ու տարօրինակ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930