Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց այդ պատճառով է, որ տանուլ ենք տալիս երկիրը

Սեպտեմբեր 11,2014 17:00

Այդ ի՞նչ բարդ խնդիրներ ունի լուծելու, այդ թվում՝ հենց Սերժ Սարգսյանի անմիջական ջանքերով, վաղուց գործադիրի կցորդ ու խամաճիկ դարձած Ազգային ժողովը, որ նա ՀՀԿ խորհրդի նիստում՝ հոգեհացի թամադայի դեմքի արտահայտությամբ, կոչ է անում ՀՀԿ-ական պատգամավորներին բոլոր անձնական խնդիՌները մի կողմ թողնել ու լծվել օրինաստեղծ աշխատանքին: Այդ ի՞նչ օրհասական վիճակ է, որ ստիպում է նրան դիմել կազարմային (զորանոցային) ալեգորիաների ու համեմատել խորհրդարանը կռվի դաշտի հետ, իսկ պատգամավորների գլխներին մի-մի կասկա հագցնել ու խցկել ԱԺ դահլիճի խրամատները: Սեփական անփառունակ կառավարությունների օրենսդրական նախաձեռնությունները սուսուփուս դակող ու մի բուռ ընդդիմության «վտանգավոր» նախաձեռնությունները բարուրում խեղդող ՀՀԿ-ական պատգամավորներից ինչո՞ւ է դժգոհ եւ ինչո՞ւ է նոր նրանց մեծամասնության ուժերից վեր պահանջներ դնում իրենց առաջնորդը:

Անկեղծ ասած՝ երբ անտեսում ես հռետորի եւ կադրում՝ իր հետեւում, նախագահությունում միայնակ դեգերող վարչապետի՝ դեմքերին քաշած խստալրջամտահոգ դիմակները եւ մի թեթեւ վերլուծում ես ամպագոռգոռ տեքստի բուն իմաստը, ապա պարզ է դառնում, որ խոսքը ընդամենը քվեարկություններից չբացակայելու եւ կոճակները ճիշտ եւ ժամանակին սեղմելու մասին էր: Կարող էին, իհարկե, հավաքվել որեւէ օբյեկտում եւ նույնը ասել բաց տեքստով, օրինակ՝ քֆուր դնելով: Գուցե նիստից հետո այդպես էլ կանեն, բայց, դե, պետք է, չէ՞, նաեւ հասարակությանը ցույց տալ, որ պետության կառավարման բարդագույն պրոցես է գնում:

Որպես ցինիզմի գագաթնակետ հնչեց Սերժ Սարգսյանի՝ միջազգային կառույցներում ակտիվորեն աշխատելու կոչը՝ ուղղված ՀՀԿ-ական պատգամավորներին: Նույնիսկ հայերեն իրենց մտքերը շարադրելու հարցում դժվարացողներին կոչ է արվում հասցնել մեր ճշմարտությունը այլ երկրների ու միջազգային կառույցների իրենց գործընկերներին: Աստված սիրեք, գուցե պետք չէ՞: Կամ գուցե սահմանափակվեք ռուսական շրջանակներով՝ նրանք այնքան էլ չեն զարմանա մեր ՀՀԿ-ական կոնտինգենտի մակարդակով, իսկ մեկ-երկու բաժակից հետո ամեն ինչ տեղը կընկնի՝ մինչեւ սթափվելու պահը:
Ինչպես ասում են, գլուխները քարը, իրենք իրենցով ինչի մասին ուզում են, ինչքան ուզում են՝ թող խոսեն, ինչ մակարդակի տեքստեր ուզում են՝ թող լավ կամ վատ ընթերցեն: Բայց երբ այդ անմակարդակ միջոցառումները իրենց ենթակա լրատվամիջոցներով ներկայացվում են որպես դարակազմիկ մի բան, ինչպե՞ս լռես: Երբ ճամարտակում են, թե «խորհրդարանում, կառավարությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում եւ ընդհանրապես՝ մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում վճռորոշ է հանրապետականների դերակատարությունը», ինչպե՞ս չբացականչես՝ այո, այդպես է, հենց այդ պատճառով էլ այսքան ողբերգական է ժողովրդի վիճակը, հենց այդ պատճառով էլ դուք հարստանում եք, իսկ մենք՝ աղքատանում, հենց այդ պատճառով է, որ տանուլ ենք տալիս երկիրը:

ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել