Լրահոս
Օրվա լրահոսը

Տուրիզմի մասնագետ. «Հայաստանը աշխարհին բացասական եւ ողբերգական է երեւում»

Սեպտեմբեր 12,2014 22:30

BBC-ն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հարցում էր անցկացրել տարբեր ազգության պատկանող մարդկանցից` պարզելու համար, թե ի՞նչ գիտեն նրանք Հայաստանի մասին: Պարզվել էր` շատ քչերն են լսել Հայաստանի մասին, ոմանք էլ Հայաստանի մասին պատկերացում են կազմում հանրահայտ հայ աստղերի շնորհիվ, իսկ նրանք, ովքեր լսել են Հայաստանի մասին եւ գիտեն քարտեզում նրա տեղը` գիտեն նաեւ, որ հայերն իրենց գոյության տարիների ընթացքում շատ են տանջվել:

Aravot.am-ն այս առնչությամբ զրուցեց «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության» ղեկավար Կարինե Դավոյանի հետ: Տիկին Դավոյանը նշեց, որ Հայաստանը այլ երկրներում վատ է ներկայացված, եւ այդ հարցում մեծ դեր ունի կատարելու կառավարությունը.

«Մենք Բրիտանական ավիաուղիներ ունեինք, երբ որ դա փակվեց, շատ խանգարեց, որ մենք զբոսաշրջիկներ ուղարկենք Մեծ Բրիտանիա: Ես դա լսել եմ նաեւ Բրիտանիայի դեսպանատնից: Մեծ դեր ունեն նաեւ մեր բոլոր դեսպանատները, որովհետեւ, ցավոք սրտի, մեր դեսպանատներն այդ հարցով չեն զբաղվում: Հայաստանում դեսպանատների գրեթե մեծ մասն ունի տուրիզմով զբաղվող բաժին: Ես հարցրել եմ նաեւ Արտաքին գործերի նախարարությունից, մենք չունենք մարդիկ, ովքեր կզբաղվեն այդ հարցերով»:

Նա համարում է, որ Արտաքին գործերի նախարարությունը կարող է կապել իրենց այլ երկրներում գործող միությունների հետ, որպեսզի վերջիններս կարողանան համագործակցել. «Տուրիզմը հենց արտաքին հարաբերություններ է, եթե մենք Արտաքին գործերի նախարարության հետ չհամագործակցենք էլ ի՞նչ տուրիզմ, շատ կարեւոր է դա»:

Տիկին Դավոյանը կարեւորում է նաեւ Հայաստանի համբավը: Նա վատ է համարում այն երեւույթը, երբ Հայաստանը ցեղասպանությամբ է երեւում.

«Մի ժամանակ, երբ երկրաշարժն էր, դա արդեն վաղուց է, անցել է, սերունդները մեծացել են: Մի քիչ բացասական եւ ողբերգական ենք երեւում, որը շատ վատ է: Ժողովրդավարական տեսակետից դա շատ կարեւոր է, եթե 90-ականների սկզբին այն դժվար պահերին, երբ որ մենք ծանր վիճակում էինք, մեզ, այնուամենայնիվ, նայում էին որպես տարածաշրջանում ժողովրդավարական եւ մարդու իրավունքների պաշտպանության ավանդույթներով երկիր, հիմա, ցավոք սրտի, այդպես չէ»:

Նա շատ է կարեւորում այլ երկրներում կազմակերպվող տոնավաճառները, սակայն ըստ նրա` ոչ բոլորն են կարողանում մասնակցել այդ տոնավաճառներին: Արդյունքում` ստացվում է այնպես, որ դրանց մասնակցում են այն տուրօպերատորները, որոնք ի վիճակի են վճարել.

«Դա շատ կարեւոր է, եթե Հայաստանից շատ տուրօպերատորներ մասնակցեն, բնականաբար, շատ կիմանան Հայաստանի մասին: Իսկ որպեսզի շատ մարդ մասնակցի, էլի պետք է ինչ-որ աջակցություն կա’մ միջազգային կառույցները, կա’մ մեր դեսպանատները, գոնե ստենդ տան անվճար, թեկուզ մենք մեր միությունով գնանք ներկայանանք»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930