Լրահոս
Օրվա լրահոսը

Խդր Հաջոյան. «Մեր հիմնական պաշտպանները մենք ենք` եզդիներս»

Սեպտեմբեր 12,2014 22:52

«Նորություններ Իրաքից, իհարկե, ունենք, բայց որ ասենք լավ է, դա սուտ կլինի»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց «Եզդիների միության» նախագահի առաջին տեղակալ, «Ոչ ցեղասպանություններին» նախաձեռնության անդամ Խդր Հաջոյանը:

Նա նշեց, որ հիմա Իրաքում կան տարածքներ, որտեղ եզդիները դրսում են ապրում, եւ «Ոչ ցեղասպանություններին» նախաձեռնությունը ստեղծվել է այդ մարդկանց օգնելու համար.

«Մեր նախաձեռնությունով տարբեր միջոցառումներ կանցկացնենք, հումանիտար օգնություն հավաքագրելու եւ հանգանակելու այնտեղի մեր եղբայրների համար, ինչո՞ւ չէ միջազգային ատյաններում: Եվրոպական մի շարք կառույցներում, մի շարք ծրագրերում մշտապես այս խնդիրը կբարձրաձայնվի»:

Նա Իրաքի հյուսիսում տեղի ունեցածի գլխավոր մեղավոր է համարում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, եւ ըստ նրա` այդ գործողություններն իրականացնող իսլամիստական ծայրահեղական կազմակերպությունը ստեղծվել է հենց Արեւմուտքի կողմից`ընդդեմ Ասադի զորքերի.

«Այն արդեն դուրս է եկել իրավիճակից եւ իրենք չեն կարողանում տիրապետել, այսինքն` նրանք ուղարկել էին Սիրիա` կռվելու ընդդեմ իշխանական զորքերի, սակայն պարտությունից հետո, իրենք ներխուժեցին Իրաք եւ հենց առաջինը գրավեցին շատ կարեւոր նշանակություն ունեցող քաղաք»:

Խդր Հաջոյանը մեղադրում է Արեւմուտքին, քանի որ վերջինս, տեսնելով կատարվածը, քայլեր չի ձեռնարկել. «Իրենք մշտապես խոսում են, որ իրենք ունեն շատ լավ ռազմավարություն եւ տեղյակ են բոլոր քայլերից, բնականաբար, իրենք շատ լավ տեղյակ էին, որ ահաբեկիչները կներխուժեն Իրաք: Իրենք որեւէ գործողություն չկատարեցին սկզբնական շրջանում, երբ որ ահավոր սպանդ էր տեղի ունենում բացահայտ, եւ որեւէ մեկը չէր խոսում»:

Նա վստահ է, որ կատարվող իրադարձությունները հանրության ուշադրությունը չէին գրավի, եթե եզդի ժողովուրդը ցույցեր չաներ.

«Երբ որ արտերկրում, հատկապես` Գերմանիայում, բազմահազարանոց եզդիներ ցույցեր արեցին, նոր իրենք իբրեւ թե ողջունում էին եւ փորձում էին օգնել եզդիներին, սակայն որեւէ գործնական քայլ չկատարվեց: Նույնիսկ, զենքերը, որ ցանկանում էին ուղարկել, որպեսզի պաշտպանեն եզդիներին ուղարկում էին Իրաքի կառավարական զորքերին կամ Իրաքի Քուրդստանի զորքերին, որոնք փախչեցին ուղղակի, եզդիներին չպաշտպանեցին եւ թողեցին բախտի քմահաճույքին: Մեր հիմնական պաշտպանները մենք ենք` եզդիներս, հենց այնտեղ կռվող»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ի վերջո՝ միշտ «մեղավոր» է ԱՄՆ-ն: Բայց արի ու տես,որ հե՛նց ԱՄՆ -ն է միշտ ԿՈՆԿՐԵՏ ԲԱՆ անողը: Եթե ԱՄՆ-ն չլիներ, երևի արդեն պարզ է,թե ինչ կլիներ Սինջարի լեռներ փախած եզդիների ճակատագիրը: ԱՄՆ-ն Սիրիայում (Ասադի դեմ կռվող) ծայահեղական սուննիներին էապես չի օգնել: Բա երկերեսանի Գերմանիան և Թուրքիան:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930