Լրահոս
Օրվա լրահոսը

«Ափսոսում եմ, որ դեռ լավ չեմ յուրացրել Կոմիտաս»

Սեպտեմբեր 15,2014 12:30

Անվանի դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը Հայաստանում է

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից 8-րդ անգամ անցկացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդ. Թոփչյան, Ալ. Չաուշյան) բացմանը, այլ ստեղծագործությունների թվում, Թոփչյանի ղեկավարմամբ հնչեց Ռախմանինովի դաշնամուրի երկրորդ կոնցերտը՝ միջազգային մեծ ճանաչում ունեցող ամերիկաբնակ ռուս դաշնակահար Կիրիլ Գերշտեյնի մեկնաբանմամբ:

Երկրորդ անգամ Հայաստան այցելած դաշնակահարն «Առավոտի» հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ դեռ լավ չէր յուրացրել Կոմիտաս, հակառակ դեպքում՝ անակնկալ կմատուցեր՝ ներկայացնելով հայ երաժշտարվեստի նահապետի որեւէ երկ: Ժպտալով էլ հավելեց, թե դա անպայման կիրականացնի հաջորդ այցին: Ճանաչված նվագախմբերի եւ համերգասրահների ցանկալի հյուրից հետաքրքրվեցինք, թե իր խիտ հյուրախաղային գրաֆիկում ինչ տեղ ունի մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը: Կիրիլ Գերշտեյնը պատասխանեց. «Շատ եմ շփվել հռչակավոր նվագախմբերի հետ, սակայն Հայաստանի ֆիլհարմոնիկը ճանաչածս փոքրաթիվ այն կոլեկտիվներից է, որի երաժիշտներն ընդհանրապես չեն խոսում բիզնեսի մասին, համենայնդեպս, փորձերից առաջ եւ հետո նրանց հետ իմ շփման նյութը միայն երաժշտությունն է: Իհարկե, համոզված եմ, որ դա գալիս է մաեստրո Թոփչյանից»: Երաժիշտը հավելեց նաեւ, որ իրեն հայտնի են առաջին անգամ վերջերս Իտալիայի Ռիմինի, Մերանո եւ Ռավելլա քաղաքներում Հայաստանի ֆիլհարմոնիկի փայլուն ելույթները: Ասաց նաեւ, որ փառատոնային համերգներին հրավիրված են եղել ճանաչված շատ կոլեկտիվներ, այդ թվում՝ Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեքսիկայի ազգային նվագախմբերը, Յուրի Բաշմետի ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» անսամբլը, Թուրինի, Բերգամոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը եւ այլն: «Կարծում եմ, որ 47-րդ անգամ մեկնարկած «Դելլե Նացիոնի» իտալական փառատոնը, որ մշտապես առատ է ոչ միայն նվագախմբերով, այլեւ հանրահայտ մենակատար-երաժիշտներով, առանձնացավ հայկական դասական երաժշտության մատուցմամբ»,- նշեց մեր զրուցակիցը:

Դաշնակահարից հետաքրքրվեցինք, թե ինչն է իրեն ժամանակին «տարել» ԱՄՆ: Կիրիլ Գերշտեյնը հայտնեց, որ 14 տարեկանում է տեղափոխվել ու սովորել Բոստոնի Berklee College of Music-ի ջազային բաժնում: Վերջինս ավարտելուց հետո է միայն խորացել դասական երաժշտության ոլորտ՝ Նյու Յորքի, Մադրիդի եւ Ռադոշիցի (Բուդապեշտ) հեղինակավոր երաժշտական հաստատություններում: «Խորհրդային տարիներին էր, երբ, չգիտես ինչու, առանձնացնում էին դասական երաժշտությունը ջազից կամ ժողովրդականից եւ այլն, մինչդեռ երաժշտությունը մի ամբողջություն է»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե Արեւմուտքում սովորական է, երբ ճանաչված երաժիշտը ինքն է ստեղծագործություն պատվիրում կոմպոզիտորին… դաշնակահարը նշեց, որ ժամանակակից կոմպոզիտորական արվեստն իր ուղղություններով այնքան բազմազան է, որ դա նորմալ է: Հետո էլ ընդամենը բերեց մեկ օրինակ. «Երեք տարի առաջ, երբ արժանացա Gilmore Artist Award մրցանակին ու Avery Fisher Career գրանտին, ստացածս գումարով գործեր պատվիրեցի Օլիվյե Կնուսսենին, Բրեդ Մելդաուին եւ Չիկ Կորեային»: Մանրամասնեց, որ ցանկացած երաժշտի երկացանկում տեղ գտած պատվիրված գործերի նպատակը մեկն է՝ ամբողջովին ճանաչելի դառնալ ունկնդրին: Իսկ դա թույլ է տալիս անձնական ճաշակը, հույզերն ու խառնվածքը արտահայտող երաժշտությունը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ www.classica.fm

«Առավոտ» օրաթերթ
13.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930