Լրահոս
Օրվա լրահոսը

Կապիտալիզմ եւ քաղաքականություն– 3

Սեպտեմբեր 15,2014 11:07

Ես հասկանում եմ, որ վերնագիրս առանձնապես չի համապատասխանում քաղաքական և բազմակուսակցական էս տվայտանքներիս, որովհետև իրականությունը, որ կա ներկայիս Հայաստանում, միայն հարաբերականորեն կարելի է կապիտալիզմ անվանել: Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ, պիտի խոստովանեմ, որ ավելի ճշգրիտ չէի էլ կարող լինել, որովհետև իրական ու իսկական կապիտալիզմի պայմաններում երբևէ չեմ ապրել և չգիտեմ թե` իրենից ինչ է ներկայացնում իրական ու իսկական կապիտալիզմը:

Բայց քանի որ ստույգ գիտեմ, որ Հայաստանում սոցիալիզմը ոչ ևս է, ենթադրում եմ, որ մեզ բոլորեքյան շուրջկալած էս տարերային ու անհավասար իրականությունն է իրական ու իսկական կապիտալիզմը, և էս տեսակ եզրակացության հանգելով` սկսում եմ մտածել նաև, որ, ինչպես սոցիալիզմը, կապիտալիզմն էլ է իրականության մեջ ներկայանում երկու դեմքով` մարդկային ու անմարդկային:

Չնայած ուրիշ չեմ տեսել, ենթադրում եմ, որ մերն անմարդկայինն է: Բայց, այնուամենայնիվ, մերն ուրիշ է: Մեր սոցիալիզմն էլ էր ուրիշ:

Վերջին տարիների մեր կյանքը ցույց տվեց, որ մեր ժողովրդավարությունն էլ է ուրիշ: Ընտրությունների մեր պատկերացումներն ու մեր ընտրախախտումներն էլ են ուրիշ` ուրիշներից էականորեն տարբեր: Որովհետև մեր իշխանություններն էլ են ուրիշ: Ինչպես նաև` մեր ընդդիմությունը: Ամեն ինչ տեղի է ունենում կապիտալիզմի քողի տակ: Որովհետև մենք դեռևս չգիտենք ու երևի երբևէ չենք էլ իմանա` ինչ է իրենից ներկայացնում իրական կապիտալիզմը: Ինչպես նաև` իրական ժողովրդավարությունը: Ինչպես նաև` արդար ու ժողովրդավարական ընտրությունները: Ինչպես նաև` իսկական ընդդիմությունը: Ինչպես նաև` իսկական իշխանությունը:

Այսինքն, իսկապես մեր ամեն ինչն ուրիշ է:

Մենք ամեն ինչից խոսում ենք` փողից բացի: Հանրահավաքներում ժողովրդի սոցիալական վիճակից համարյա չենք խոսում: Բայց, այսուհանդերձ, բոլորի մտքում փողն է: Չնայած գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, էսքան տարիների ընթացքում սոցիալական միակ շարժումը երիտասարդական ու քաղաքացիական այն ընդվզումն էր, որի շնորհիվ հասարակական տրանսպորտի գինը մնաց 100 դրամ:

Մինչդեռ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն ինչ փողն է որոշում: Պատկերացրեք մի կուսակցություն, որի բոլոր անդամներն անխտիր հայրենասեր ու ազնիվ են, բայց միջոցներ չունեն համագումար կազմակերպելու համար: Այդ կուսակցությունը կհայտնվի ծիծաղելի վիճակում: Լավագույն դեպքում այդ կուսակցությունը կհայտնվի Շանթի կուսակցության վիճակում:

Շանթի ու իր համախոհների ընդվզումը մի հավելյալ ապացույց էր, որ այսօր Հայաստանում ֆինանսապես աղքատ կուսակցությունը լավագույն դեպքում կարող է հասնել քաղբանտարկյալի կարգավիճակի, և այն էլ` ոչ բոլորի կողմից կարող է քաղբանտարկյալ ճանաչվել:

Իբրև ընդդիմադիր քաղաքական գործիչներ` Շանթն ու իր համախոհներն ի՞նչ պիտի անեին, որ չարեցին: Ինչ որ արեցին` իրենց հնարավորության սահմաններում էր. ավելին չէին էլ կարող անել, որովհետև միջոցներ չունեին: Իրենք որպես կուսակցություն` նույնիսկ համագումար անելու միջոցներ չունեին, էլ չեմ ասում` ընտրակաշառքով պատգամավոր դառնալու մասին: Մինչդեռ, եթե մեր քաղաքական դաշտում Շանթն ու իր համախոհները կան ու գոյություն ունեն, Ազգային ժողովում էլ պիտի իրենց ներկայացուցիչն ունենային:

Էս ասածս շատերի զարմանքը կհարուցի, որովհետև Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Շանթի ու իր նմանների պատգամավոր դառնալու ճանապարհը փակ է. էդպիսի ճանապարհ չկա, գոյություն չունի: Էդ ճանապարհը փակ է նաև նախախորհրդարանականների, սեֆիլյանականների, քաղաքացիական երիտասարդության և էլի շատերի համար: Այսինքն, հնարավորություն չկա, որ երբևէ մեր ներքաղաքական իրական պատկերը մեր Ազգային ժողովում արտահայտված տեսնենք: Այսինքն, եթե փող չունես ու եղունգ ունես` գլուխդ քորի: Կամ էլ` յոթ-ութ հոգով հեղափոխություն արա:

Բայց եթե որոշել ես քաղաքականության մեջ լինել ու մնալ, ավելի ճիշտ կանես` փողատեր դառնաս: Հենց քաղաքականության միջոցով ու քաղաքականության շնորհիվ: Այնպես` ինչպես որոշներն են անում:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930