Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի վերադարձը տարակուսանք չի առաջացնում

Սեպտեմբեր 17,2014 12:22

Արամ Հարությունյանի կարծիքով՝
ոչ թե հետեւանքների, այլ խնդրի դեմ պետք է պայքարել

«Ինձ թվում է՝ այդ ստորագրությունները Սերժ Սարգսյանն իր համար պետք է հավաքի, որ տեսնի, թե քանի հոգի կուզենա, որ նա լինի Հայաստանի Հանրապետության նախագահ: Ես համոզված եմ, որ այս դեպքում հավաքված ստորագրությունները մի քանի տոկոսը չեն անցնի: Մեր կուսակցությունը եւ անձամբ ես այն կարծիքին ենք, որ որեւէ հարցի չանդրադառնանք ու հիմնական խնդիրը պետք է լինի Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը: Թե չէ՝ անընդհատ փորձում ենք իր քայլերը մեկնաբանել, կամ նշանակումների հետ կապված՝ կարծիք հայտնել, իսկ դա ավելորդ աշխատանք է, դրա համար ոչ իր նշանակումների հետ եմ հույս կապում, ոչ էլ դատապարտում կամ նորմալ ընդունում: Եթե մի իշխանության, նախագահի հիմնական խնդիրը վերարտադրությունն է եւ իր շրջապատին ու իրեն հարստացնելը, նրանից ամեն ինչ սպասելի է: Սուրիկ Խաչատրյանը երեւի նրան պետք է ապագա ընտրությունների համար, դրանք կլինեն հանրաքվեի տեսքով, թե պառլամենտական՝ կարեւոր չէ: Կրկնում եմ, մենք չպետք է հետեւանքների դեմ պայքարենք, որի պատճառը Սերժ Սարգսյանն է: Համակարգային փոփոխություն ասելով՝ ես գտնում եմ, որ առաջին հերթին պետք է նա հեռանա, քանի որ այդ համակարգի գլխին նա է, եւ եթե ինքը մնալու է ինչ-որ ձեւով, ապա այս համակարգը երբեք չի փոխվի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի օգտին Սյունիքում կազմակերպվող ստորագրահավաքին, որը, շրջանառվող լուրերի համաձայն, վերջինին հանձնարարել է հենց ինքը՝ նախագահը, ասելով, որ եթե ստորագրահավաքն արդարացնի իրեն, ապա Սուրիկ Խաչատրյանը կվերանշանակվի իր նախկին պաշտոնին: Իսկ սա այն ամենի ֆոնին, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը օրերս հայտարարել էր, որ իրենց նպատակը իշխանությունների վերարտադրությունը չէ:

Հարցին՝ Սուրիկ Խաչատրյանի վերադարձը հնարավոր համարո՞ւմ եք, Արամ Հարությունյանը նշեց, որ մեր նախագահից ամեն ինչ սպասում է: «Նա իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի: Հիմա, Սուրիկ Խաչատրյանին վերադարձնելու փաստն այս կոնտեքստում կտեղավորվի, թե չէ, սա ուրիշ խնդիր է, բայց, որ Սերժ Սարգսյանից ամեն ինչ սպասելի է՝ որեւէ տարակուսանք չկա»,- հայտնեց նա:
Հավելենք, որ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ նաեւ հայտարարությամբ, այն մասին, որ Սերժ Սարգսյանը երկար տարիներ ղեկավարելու է ՀՀԿ-ն, որն էլ երկար տարիներ մնալու է Հայաստանի ամենաազդեցիկ կուսակցությունը։

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930