Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ

Սեպտեմբեր 17,2014 17:30

Պատերազմն Ուկրաինայում շարունակվելու է

Ուկրաինայի արեւելքում հաստատվել է հարաբերական զինադադար. ռուսամետ զինյալները, իսկ իրականում, ինչպես բոլորս հասկանում ենք՝ Ռուսաստանին ենթարկվող, նրա կողմից զինված եւ նրա զինծառայողներով համալրված կազմավորումներն առաջ չեն գնում: Ուկրաինական բանակի ստորաբաժանումները Դոնեցկի եւ այլ քաղաքների ուղղությամբ հրետանուց չեն կրակում: Չնայած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս կասկած է հայտնել, որ ուկրաինական կողմից կռվողները ոչ անքան կանոնավոր բանակն է, որքան Ազգային գվարդիան եւ օլիգարխներին ենթարկվող խմբերը: Հավանաբար, նրա ասածների մեջ կա ռացիոնալ հատիկ:

Բացի այդ, Ուկրաինան, Ռուսաստանը եւ Եվրամիությունը պայմանավորվել են հետաձգել ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ Ասոցացման համաձայնագրի կիրառումը մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: Այդ հետաձգումը անհրաժեշտ է, որքան հասկանում եմ, նախեւառաջ ուկրաինական կողմին, որովհետեւ եթե ԵՄ-ն եւ Ռուսաստանը սկսեն միաժամանակ կիրառել համաձայնագրի տրամաբանությունից բխող մաքսային տուրքերը, ապա առաջին «քաշվողը» հենց Ուկրաինան է լինելու: Իհարկե, մնացած երկու կողմերին էլ այդ առումով տհաճ պահեր են սպասվում: ԵՄ ընդլայնման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սկսեց խոսել այն մասին, որ պետք է բանակցություններ սկսել ԵՄ-ի եւ Մաքսային միության միջեւ: Փայլուն գաղափար է, ինչո՞ւ Մոսկվայում կամ Բրյուսելում այն ոչ մեկի գլխում չի ծնվել, ասենք, երկու տարի առաջ:

2-1-2
Այդ թեթեւ դրական տեղաշարժերի ֆոնին կա նաեւ բացասականը: Անցած շաբաթ, օրինակ, ուժի մեջ է մտել Ռուսաստանի դեմ Եվրամիության, իսկ այնուհետեւ կամ, ըստ «ծագումնաբանության»՝ դրանից առաջ Միացյալ Նահանգների պատժամիջոցները: Անկախ այն հանգամանքից, որ Ռուսաստանի քաղաքականությունը Ուկրաինայի հանդեպ, իմ կարծիքով, խիստ դատապարտելի է, այնուամենայնիվ, հասկանալի չէ, թե այս կոնկրետ դեպքում ինչի դիմաց կամ ինչ նպատակով է ընդունվել պատժամիջոցների հերթական փաթեթը: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Բրյուսելի բյուրոկրատական մեքենան այնքան դանդաղաշարժ է, որ իրադարձություններին արձագանքում է ուշացումով, երբ այդ արձագանքը կորցնում է իր արդիականությունը:

Քաղաքագետները սովորաբար ասում են, որ «կանխատեսում անելը անշնորհակալ գործ է», բայց ես քանի որ քաղաքագետ չեմ, ինձ թույլ տամ կանխատեսում անել՝ ռուս-ուկրաինական պատերազմը վերսկսվելու է: Մեկ տարվա ընթացքում ազգակից ժողովուրդների մեջ ատելության այնպիսի պաշար է հավաքվել, որ այն հենց այնպես չի պարպվի: Հատկապես ռուսաստանյան «պաշտոնական» ալիքների «կապը կտրած» քարոզչությունը, որն ուղղված է «հայրենասիրական» զգացմունքների թեժացմանը, նպաստել է ոչ միայն Պուտինի վարկանիշի աննախադեպ աճին, այլեւ բացասական էներգիայի, ագրեսիայի կուտակմանը, որը պետք է մի տեղ դուրս գա:
Դեռեւս նախորդ դարի կեսերին ֆրանսիացի փիլիսոփա Մորիս Մերլո-Պոնտին գրում էր, որ ժամանակակից պատերազմներում կռվում են ոչ թե բնակավայրերի, այլ բարոյական իրավունքի համար, կողմերը փորձում են իրար ապացուցել, որ այն դժոխքը, որը մենք սարքել ենք ձեզ համար, ավելի մարդասիրական է, քան ձեր սարքած դժոխքը: «Հենց այդ պատճառով էլ, – գրում է Մերլո-Պոնտին,- հիմա բոլոր պատերազմները վարվում են հանուն խաղաղության»: Կամ, ինչպես հիմա է ընդունված ասել՝ որպեսզի հակառակորդին «խաղաղություն պարտադրվի»:

Ռուսներն ու ուկրաինացիները դեռ խնդիր ունեն իրար ապացուցելու, թե որ դժոխքն է ավելի «մարդասիրական»: Իսկ ավարտվելու է այդ ամենը նրանով, որ Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերը նույնպես անցնելու են Ռուսաստանին, եւ այնտեղ տնտեսական վիճակը նույնքան տխուր է լինելու, որքան հիմա Ղրիմում է: Փոխարենը մնացած Ուկրաինան կդառնա Ռուսաստանի համար չափազանց «ոչ բարեկամ» երկիր, Լեհաստանի եւ Լիտվայի նման, եւ, ի վերջո, կանդամակցի ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին: Դա լավ լուծում է, թե վատ՝ չգիտեմ: Դա էլ թող քաղաքագետներն ասեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. alexander says:

    Կանխատեսումը իմ կարծիքով ճիշտ չէ; Ավելի շուտ Ռուսաստանը կստանա իր Ղարաբաղը Նովորոսիայի տեսքով: Եվ բազում տարիներ տևող չճանաչված Նովորոսիայի առկայությամբ, որը ինչ-որ չափով թափարգելի դեր կունենա ՆԱՏՈ-յի և Ռուսաստանի միջև:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Կարծես թե իմ ասածին չի հակասում: «Իսկ ավարտվելու է այդ ամենը նրանով, որ Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերը նույնպես անցնելու են Ռուսաստանին», – գրված է հոդվածում:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930