Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական ոլորտում աշխատողը չի կարողանում արտաժամ մնալու համար հատուցում պահանջի»

Սեպտեմբեր 17,2014 20:06

Չնայած աշխատանքային օրենսդրությունը հավասարաչափ տարածվում է թե պետական, եւ թե` մասնավոր հատվածի վրա, այնուամենայնիվ, իրավաբանները փաստում են, որ մասնավոր ձեռնարկությունների աշխատողներն, ի տարբերություն պետականի, կարող է պահանջատեր լինել եւ պաշտպանել իր իրավունքները:

Aravot.am-ի հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նկատեց, որ, ինչպես  փորձն է ցույց տվել, բյուջետային, այսինքն` պետական աշխատողներն ավելի կաշկանդված են, անգամ արտաժամ մնալու դեպքում հատուցում պահանջելու իրավունք չունեն:

Տիկին Տիգրանյանի դիտարկմամբ`պետական ոլորտում կա մի սկզբունք, որ պետական աշխատողները պետք է ըմբռնումով մոտենան բյուջեի սղությանը, պետության ֆինանսական սահմանափակ հնարավորություններին.«Սա կոչ է նրանց կողմից որոշակի զսպվածություն ցուցաբերել, ինչը աշխատանքային իրավունքի հետ անհամատեղելի է: Պետական ոլորտում արտաժամ մնում են գրեթե բոլոր տեղերում` վարչության պետեր, բաժնի պետեր եւ այլն, եւ նրանք կարող են ազատ լինել այն ժամանակ, երբ նրանց կտրվի հրահանգ` աշխատանքն ավարտելու եւ  տուն գնալ»:

Մինչդեռ մասնավոր հատվածում, ինչպես նշեց իրավաբանը, հատկապես այն ձեռնարկություններում, որտեղ ներդրված է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ, կամ օտարերկրյա ներդրումներով ու համատեղ ընկերություն է, աշխատողներն նախանձախնդիր են իրենց իրավունքների նկատմամբ, գործատուներն էլ ավելի հակված են չխախտելու աշխատողների իրավունքները:

Aravot.am-ի հարցին, թե կենսաթոշակային օրենսդրության փոփոխության արդյունքում, երբ մասնավոր հատվածի աշխատակիցների պարտադիր սոցվճարումները 3 տարով հետաձգվեցին, իսկ պետականինը` ոչ, արդյոք իրավունքների խախտում չէր, տիկին Տիգրանյանն ասաց. «Պետական աշխատողների ազատության սահմանափակումը հստակ երեւաց կենսաթոշակային ոլորտի օրենքի այդ փոփոխություններից հետո, երբ մասնավորի մոտ վարձու աշխատողին օրենքն իրավունք տվեց մինչեւ 2017 թվականն այդ վճարից ազատվելու, ինչը չտարածվեց պետական աշխատողի վրա: Քանի որ պետականի գործատուներն էին ասել, նա զրկվեց այդ վճարից հրաժարվելու հնարավորությունից, բնականաբար, խախտվեց պետծառայողի աշխատանքային իրավունքը»:

Իրավաբանն ասաց, որ աշխատանքային օրենսդրությունում կան թերություններ` մասնավորապես քաղաքական հայացքների հիմքով աշխատանքից ազատելու դեպքում օրենսդրությամբ չկա որեւէ պատասխանատվություն գործատուի համար, իսկ Հայաստանում լինում են դեպքեր` քաղաքական հայացքների պատճառով մարդուն ազատում են աշխատանքից: Մասնագետի դիտարկմամբ` «Պետք է դրույթ լինի, եթե խախտվում է խտրականության արգելքի ինստիտուտը, այդ հիմքով գործատուն պատասխանատվության ենթարկվի: Օրինակ` հղի կնոջն այդ շարժառիթով` հղիության պատճառով գործից ազատելու դեպքում, գործատուի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն`եթե ապացուցվի, որ այդ շարժառիթով է ազատվել»:

Իրավաբանի նշած փոփոխությունը, եթե կատարվի, ապա, եթե ապացուցվի, որ քաղաքական հայացքների, հասարակական ակտիվության, այլ ոչ թե աշխատանքային որակների համար են անձին ստիպել աշխատանքից ազատման դիմում գրել, ուրեմն հնարավորություն կլինի վիճարկել ազատման օրինականության հարցն ու նաեւ պատասխանատվության խնդիր դրվի:

Մեր այն հարցին էլ թե էլ ի՞նչ կարեւոր փոփոխությունների կարիք կա օրենսդրությունում, իրավաբանը նշեց` «Առաջին հերթին հստակեցնել` ինչ է հարկադիր աշխատանքը, դրա սահմանումը չկա, հստակեցնել աշխատողին տրվող հատուցումների առաջնահերթությունն ու երաշխիքները, որպեսզի նաեւ պաշտպանված լինեն: Աշխատանքի անցնելու մատչելիությունը, մեր օրենսդրությունը չի նախատեսում, որ աշխատատեղը մատչելի է բոլորի համար, խտրականություն է սահմանում, նույն սահմանափակումները կապված` սեռատարիքային առանձնահատկությամբ.սահմանել դրույթ, որ գործատուն բացի մասնագիտական որակավորումից, այլ պահանջ չներկայացնի աշխատողին»:

Օրինակ, եթե աշխատողին տրվող հատուցումների առաջնահերթություն ու երաշխիքներ լինեին, այսօր արդեն չաշխատող «Արմավիա» ավիաընկերության նախկին օդաչուներն ու այլ աշխատակիցները իրենց աշխատավարձերի պարտքերը ստացած կլինեին: Այսինքն, իրավաբանը գտնում է, որ ձեռնարկությունների սնանկացման կամ չաշխատելու դեպքում ներկայիս օրենսդրությամբ պարտքերի առաջնահերթ փոխահատուցումը տրվում է պետությանը, մինչդեռ աշխատողները ռիսկի տակ են ընկնում, որ եթե ընկերությունը սնանկ ճանաչվի, բավարար միջոցներ չմնան աշխատավարձերի պարտքերի համար:

Նշենք, որ տիկին Տիգրանյանն այսօր որպես փորձագետ մասնակցել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնութան կազմակերպած քննարկմանը, որը վերաբերում էր Հայաստանում աշխատանքային իրավունքին:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930