Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարի գործով վերաքննիչը հրապարակեց դատական ակտը

Սեպտեմբեր 17,2014 20:40

Դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արտակ Ավդալյանի, նրա պաշտպաններ Ռուբեն Բալոյանի եւ Զարուհի Վարդանյանի բողոքների քննությունը:Դատարանն անփոփոխ թողեց Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Երկու տարի առաջ օգոստոսի 31-ին, ժամը 19.30-ի սահմաններում Երևանի Տ. Պետրոսյան փողոցում Արտակ Ավդալյանը «Ջիպ Գրանդ Չերոկի» ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը հատող Գոհարիկ Ավալյանին՝ անզգուշությամբ պատճառելով մահ: Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը Արտակ Ավդալյանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման, զրկելով նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով: Դատավճիռը բողոքարկվել էր, բեկանվել, եւ ուղարկվել էր կրկին նույն դատարան նոր կազմով քննելու համար:

Դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել էր տուժող կողմի 2.000.000 դրամի պահանջը՝ որպես վթարի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում:

Ռուբեն Բալոյանը մինչ դատական ակտի հրապարակումը հանդես եկավ նոր ապացույցներ ձեռք բերելու միջնորդությամբ, այն է, միջնորդեց դատաավտոտեխնիկական կրկնակի փորձաքննություն անցկացնել, պարզելու, թե արդյոք, Արտակ Ավդալյանն ունեցե՞լ է տեխնիկական հնարավորություն վթարը կանխելու համար, եւ խախտե՞լ է ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները:

Ըստ պաշտպանական կողմի, վթարային վիճակը ստեղծվել էր ոչ միայն հետիոտների՝ մեղքով, ովքեր ճանապարհը փորձել էին հատել չթույլատրված հատվածով, այլ նաև անձրեւային եղանակի պատճառով:  Արդյունքում տեխնիկապես հնարավոր չի եղել արգելակել ավտոմեքենան և կանխել վթարը:

Պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց, որ ելակետային տվյալ համարվի իրենց պաշտպանյալի ցուցմունքը: Համաձայն այդ ցուցմունքի, վրաերթի նախորդող պահին տուժողի հետ միասին փողոցը հատել է մի տղամարդ`Հակոբ Քոչարյանը, որը տեսնելով Ա. Ավդալյանի մեքենան, ցատկել է առաջ: Այդ պահին ինքը մի փոքր աջ է մանևրել, որպեսզի չհարվածի և Հ. Քոչարյանին, և Գ. Ավալյանին: Քոչարյանը աջ մանևրման ընթացքում գրեթե մեքենային քսվելով հասցրել է խուսափել վրաերթից, իսկ 50-ամյա Գոհար Ավալյանը ենթարկվել է վրաերթի: Դեպքից առաջ սկսվել է հորդառատ անձրև, որի պատճառով էլ հետիոտները վազելով փորձել են հատել փողոցը, ստեղծելով վթարային իրավիճակ:

Ըստ պաշտպանական կողմի,  հետիոտն Հ. Քոչարյանը ցուցմունք էր տվել, որ դեպքի ժամանակ անձրև չի տեղացել: Դատարանը մերժեց այս միջնորդությունը:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930