Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակո՞ւմ է թատրոն հաճախել Շիրակի ոստիկանապետը

Սեպտեմբեր 17,2014 23:40

Շիրակի մարզի ոստիկանապետ նշանակվելուն պես, գնդապետ Վարդան Նադարյանը Վարդան Աճեմյանի անվան թատրոնի պատասխանատուներին խնդրել էր ոստիկաններին նախապես տեղյակ պահել ներկայացումների մասին, որպեսզի իրենք անձնակազմով հաճախեն ու դիտեն: Իր հարցազրույցներում էլ գնդապետը հաճախ էր նշում, որ ժամանակակից ոստիկանը չպիտի լինի բիրտ, նախկին ծեծ ու ջարդողը, այլ պիտի գնա մշակութային միջոցառումների, մի խոսքով պիտի վերափոխվի:

Այսօր Aravot.am-ը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պատասխանատուներից հետաքրքրվեց, թե՞ ոստիկանապետը իր խոսքի տե՞րն է, պարտադրո՞ւմ է աշխատակիցներին հաճախել թատրոն: « Այո, ոստիկանները գալիս են թատրոն, վաղը չէ մյուս օր պրեմիերային կտեսնեք ոստիկաններին, բայց պարտադրանք չենք կարող ասել, ոստիկանապետը չի պարտադրել, որ իր աշխատակիցները թատրոն գան: Ինձ թվում է դժվար բան է ուղղորդել, պարտադրել, որ մարդիկ թատրոն գնան», -ասաց թատրոնի տնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Իսկ գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ այսուհետ խնդրողի ու պարտադրողի դերում հանդես է գալու հենց թատրոնը: «Ես կուզենայի, որ բացի մշակույթի նախարարությունից քաղաքի ղեկավարությունը լինի թատրոնի հետ: Շատ կարևոր է, երբ որ դու դիմում ես մայրաքաղաքում ու ասում ես` գիտեք ինչ մենք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնն ենք, իսկ իրենք ասում են` դուք ունենք գործարարներ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ, ձեր թատրոնին ինչ -որ բանով օգնո՞ւմ են: Ես չեմ ասում չեն օգնում, սա առաջին անգամն է, բայց ինքս պետք է մոտենամ, խնդրեմ , որ լինեն թատրոնում: Նախ շատ գան թատրոն, դա շատ կարևոր է, որ մեր ղեկավարությունը լինի թատրոնում, որովհետև ժողովրդի համար կարևոր է, երբ որ նա գալիս է թատրոն, թատրոնում է, ասենք, քաղաքապետը, պատգամավորը: Գալիս, ներկայացում են նայում, չնայած մենք ունենք պատգամավորներ, որոնք միշտ հաճախում են թատրոն, թատրոնի կողքին են, բոլորին է հայտնի: Ճիշտ է`մենք պատկանում ենք մշակույթի նախարարությանը, բայց առաջին հերթին պահանջում ենք մեր քաղաքի ղեկավարությունից, սա առաջին քայլն է, որը կարծում եմ պիտի ստացվի»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե Գյումրու քաղաքապետը պահպանո՞ւմ է իր «Դուետ» միջազգային փառատոնը մշտապես ֆինանսավորելու մասին իր տված խոստումը, ռեժիսորն ասաց, որ քաղաքապետի խոստումը լավ հիշում է, և կարծում է, որ նա իր աջակցությունը պարտադիր կունենա: Թատրոնը պատրաստվում է դիմել քաղաքապետին, քանի որ սկսվել են «Դուետ»-ի նախապատրաստական աշխատանքները: Ըստ ռեժիսորի, նաև Շիրակի մարզպետն է պատրաստակամություն հայտնել օգնել թատրոնին: Ըստ նրա, մնում է խոստումները գործի վերածեն:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Էդ ձեր քաղաքապետ բալասանյանի թինապահները չէին, որ ծեծել էին թատրոնի աշխատակցին?բա ոնց, նա պետք է հիմա խոստանա , որ թատրոնին պտի լաաավ աջակցի, բայց որ աջակցի ինչ լինի?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930