Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձրեւի առկայության գործոնը օգտագործվում է ինքնապաշտպանության նպատակով»

Սեպտեմբեր 18,2014 14:00

2012թ. օգոստոսի 31-ին տեղի ունեցած վրաերթի մասին «Առավոտն» անդրադարձել է՝ լուսաբանելով Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Արտակ Ավդալյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստերը:

Արտակ Ավդալյանին մեղադրանք էր հարուցվել այն բանի համար, որ նա իր անձնական օգտագործման «Ջիփ Գրանդ Չերոկի» մակնիշի 50 ՕՕ 505 պետհամարանիշի ավտոմեքենայով Երեւանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 13 շենքի դիմաց խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնների 67 կետի պահանջը, այն է՝ իր երթեւեկության համար վտանգի առաջացման սկզբնապահից սկսած մինչեւ վրաերթի վայրին հասնելը ունենալով ավտոմեքենան կանգնեցնելու տեխնիկական հնարավորություն, ժամանակին արգելակման չդիմելով՝ ինքն իրեն զրկել է վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ինչի հետեւանքով ավտոմեքենայի առջեւի աջ մասով վրաերթի է ենթարկել իր ընթացքի ուղղության նկատմամբ աջից դեպի ձախ փողոցը հատող Գոհարիկ Ավալյանին՝ անզգուշությամբ նրան պատճառել մահ:

Գործը սկզբնապես գտնվում էր դատավոր Դավիթ Բալայանի վարույթում: 2013թ. ապրիլի 8-ին Արտակ Ավդալյանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման եւ զրկվեց նույնքան ժամանակով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: Նրա պաշտպանությունն իրականացնող փաստաբաններ Զարուհի Վարդանյանն ու Ռուբեն Բալոյանը դիմեցին վերաքննիչ դատարան, որը բեկանեց նշյալ դատավճիռը եւ գործը ուղարկել էր նույն դատարան՝ այլ կազմով քննելու համար:

Գործն այս անգամ մակագրվեց երկրորդ դատավորին՝ Վազգեն Ռշտունուն: Սակայն 4 ամիս հետո Ռշտունին տեղափոխվեց այլ աշխատանքի, տեղի ունեցավ դատարանի կազմի փոփոխություն, եւ գործը հայտնվեց դատավոր Մարինե Մելքոնյանի վարույթում:
Ինչպես տեղեկացրել ենք, նշանակվել էր դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Առաջադրվել էր հետեւյալ հարցը. առկա ճանապարհատրանսպորտային իրադրության պայմաններում, եթե ասֆալտը գտնվեր թաց վիճակում, «Ջիփ Գրանդ Չերոկի» մակնիշի 50 ՕՕ 505 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Արտակ Ավդալյանը վրաերթը կանխելու հնարավորություն կունենա՞ր, թե՞ ոչ:

Ինչպես ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին ուղղված իր պատասխանում գրում է քաղհայցվոր, տուժողի իրավահաջորդ Արամ Հակոբյանը, փորձաքննության արդյունքները ստացվել էին եւ ըստ այդ փորձաքննության՝ տվյալ իրադրության պայմաններում վարորդը 40 կմ արագությամբ երթեւեկելու եւ հետիոտնի՝ երթեւեկելի մասը հանգիստ քայլով հատելու դեպքում կունենար վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն. «Երթեւեկության համար վտանգ առաջանալիս ավտոմեքենան վրաերթի տեղից կգտնվեր 62.2 մետր հեռավորության սահմաններում, իսկ ավտոմեքենայի լրիվ կանգառման համար՝ երթեւեկելի մասը թաց լինելու պայմաններում անհրաժեշտ է 24.2 մետր տարածություն»: Փորձագետները մեքենայի նույն արագության եւ հետիոտնի մասն արագ վազքով հատելու դեպքի համար էլ նույնպես հանգել էին այն հետեւության, որ վարորդը վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն կունենար, քանի որ երթեւեկության համար վտանգ առաջանալիս ավտոմեքենան վրաերթի տեղից կգտնվեր 25. 0 մետր հեռավորության սահմաններում, իսկ ավտոմեքենայի լրիվ կանգառման համար՝ երթեւեկելի մասը թաց լինելու պայմաններում, անհրաժեշտ է 24.2 մետր տարածություն:

Ըստ տուժողի իրավահաջորդ, քաղհայցվոր Արամ Հակոբյանի, անձրեւի առկայության գործոնը շահարկվում եւ օգտագործվում է Արտակ Ավդալյանի կողմից ինքնապաշտպանության նպատակով, մինչդեռ իրականում վրաերթի պահին ներկա եղած վկաները ժխտում են անձրեւի առկայությունը: Արամ Հակոբյանը ներկայացրել է քաղաքացիական հայց 2 մլն դրամի չափով, որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում:

Առաջին ատյանի դատարանի այս տարվա մայիսի 21-ի դատավճռով հօգուտ տուժողի իրավահաջորդի պետք է բռնագանձվի 2 մլն դրամ:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարան վերաքննիչ բողոք է բերել Արտակ Ավդալյանի ներկայացուցիչ Զարուհի Վարդանյանը:

Բողոքաբեր կողմը դատարանին խնդրում է բեկանել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 21-ի դատավճիռը եւ կայացնել արդարացման դատական ակտ, ինչպես նաեւ բեկանել քաղհայցի մասով կայացված դատավճիռը եւ տուժողի իրավահաջորդի հայցադիմումը մերժել ամբողջությամբ, Արտակ Ավդալյանի նկատմամբ կիրառել «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշումը:
Արամ Հակոբյանի բողոքի դեմ բերված պատասխանի համաձայն էլ, ամբաստանյալի ներկայացուցիչը խախտել է «Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջը: Ըստ նշյալ օրենքի՝ փաստաբանը պարտավոր է չկատարել վստահորդի շահերին հակասող որեւէ գործողություն, չընդունել դիրքորոշում՝ առանց նրա հետ համաձայնեցնելու, հակառակ պաշտպանյալի դիրքորոշման՝ չընդունել դեպքի հետ նրա առնչությունը եւ մեղավորությունը: Մինչդեռ տուժողի ներկայացուցչի կարծիքով, ամբաստանյալի ներկայացուցիչը՝ հակառակ ամբաստանյալի դիրքորոշման, ընդունել է ամբաստանյալի մեղքը եւ վերաքննիչ դատարանից խնդրում է կիրառել համաներում, այն դեպքում, երբ ամբաստանյալը խնդրում է արդարացնել իրեն: Հետեւաբար, Ա. Հակոբյանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը պետք է քննության առարկա դարձնի միայն ամբաստանյալի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:

Քաղհայցվոր Ա. Հակոբյանն անդրադառնալով Արտակ Ավդալյանի բողոքին՝ հայտնում է, որ ըստ բողոքաբերի, դեպքի պահին տեղացել է անձրեւ եւ եղանակային պայմաններում տեղի ունեցած պատահարում իր մեղավորությունը բացակայում է: Հղում անելով փորձագիտական եզրակացությանը, տուժողի ամուսինը՝ Ա. Հակոբյանը, գրում է, որ անձրեւային եղանակին, անգամ եթե դա այդպես էր, Ավդալյանն ունեցել է հնարավորություն կանխելու վրաերթը. «Ավդալյանը նշում է, որ դեպքի պահին երթեւեկությունը եղել է ծանրաբեռնված, սակայն ինչպես հայտնել են բոլոր վկաները, այդ պահին փողոցում այլ մեքենաներ չեն եղել, առավել եւս՝ ամբաստանյալի վարած մեքենայի առջեւից ընթացող ավտոմեքենա»:

Ի դեպ, առաջին ատյանի դատարանում պաշտպանական կողմը նշում էր, որ վկա Հասմիկ Ավալյանը, որը տուժողի քույրն է, դեպքից 3 ամիս անց է «ի հայտ եկել»: «Նախ նշենք, որ Հասմիկ Ավալյանը ոչ մի տեղ չէր անհետացել եւ ներկայացել է ոստիկանության քննիչին առաջին իսկ հրավերով: Կարծում եմ նաեւ, որ պետք է հաշվի առնել, որ նա կորցրել է քրոջը եւ գտնվում էր հոգեկան ծանր ապրումների մեջ»,- նշում է Ա. Հակոբյանը:
Ինչ վերաբերում է քաղաքացիական հայցին, Ա. Հակոբյանը հղում էր արել ՀՀ Վճռաբեկ դատարանի 30.11.2007թ. թիվ ՎԲ-150/07 քաղգործին, որտեղ գումարի կոնկրետ չափը չէր նշված, այլ նշված էր ծախսերի շրջանակը, որ կարող է մտնել հուղարկավորության ծախսերի մեջ: Դրանք պետք է կատարված լինեին ըստ անհրաժեշտության եւ ողջամիտ:
Տուժող Գ. Ավալյանի հուղարկավորության ծախսերը կատարել է քաղհայցվորը:
ՀՀ Վճռաբեկ դատարանը 30.11.2007թ.-ի թիվ ՎԲ 150/07 քաղ. գործով հայտնել է հետեւյալ դիրքորոշումը, «հուղարկավորության հետ կապված ծախսերը պետք է լինեն ողջամիտ, ըստ արժեքի եւ անհրաժեշտ՝ ըստ նպատակահարմարության. դագաղի արժեքը, դիահերձարանի ծառայությունները, դագաղը գերեզման հասցնելը, գերեզման փորելը, թաղման ծիսակարգի ծախսերը (հուղարկավորման կարգը, արարողությունը եկեղեցում, հոգեհացը)»։

Այսինքն՝ տվյալ պարագայում ՀՀ Վճռաբեկ դատարանը չի սահմանում կոնկրետ գումարի չափ, այլ նշում է միայն այն ծախսերի շրջանակը, որոնք կարող են մտնել հուղարկավորության ծախսերի մեջ։ Մասնավորապես նշվում է, որ դրանք պետք է լինեն կատարված ըստ անհրաժեշտության եւ լինեն ողջամիտ։ Նման դիրքորոշում հայտնելիս դատարանն անշուշտ հաշվի է առել այն հանգամանքը, որ հարազատին կորցրած անձինք հիմնականում կտրոններ եւ կատարված վճարումները հավաստող փաստաթղթեր չեն հավաքում, եւ կատարված ծախսերի համար հիմք է ընդունվում սովորաբար նմանատիպ պայմաններում ողջամիտ համարվող ծախսերը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930