Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Երկարող ստվերներ

Սեպտեմբեր 18,2014 13:51

Տղան շնչասպառ էր լինում: Մարմնի յուրաքանչյուր մաս հիմա առանձին միավոր էր և չէր զգում, չէր ըմբռնում, չէր օգնում մյուսին: Սարսափը, հուզումը, տևական վազքն անելին արել էին. խախտվել էր ներդաշնակությունը, և ոտքերն իրենց փրկելու մասին էին մտածում, թոքերը՝ իրենց, նույնը՝ ստամոքսը, ձեռքերը, գլուխը, սիրտը: Համաձայնություն չկար անգամ երկու ձեռքի, մարմնի երկու կեսի միջև: Ոչ մեկը չէր կամենում ետ մնալ, ոչ մեկը չէր ուզում ավելի մոտ լինել հետապնդողին: Աջ ոտքը չգցած՝ ձախն էր խելակորույս առաջ նետվում, մի ձեռքը չպարզած՝ մյուսն էր գալիս: Սիրտը կտկտում էր, և արյան հորձանքից քիչ էր մնում թմբկաթաղանթները պատռվեն, թոքերը մրմռում էին՝ միջոց չգտնելով ստորին հատվածներում կուտակված օդը դուրս տալ, թուքը բերանում ցամաքել էր, և պատեպատ զարկվող լեզուն զովանալու համար իրեն հովին էր տվել, ստամոքսը լարումից ցանկանում էր ետ տալ պարունակությունը՝ սպասելով հարմար պահի, բոբիկ ոտքերը չէին զգում գետինը, միտքը տասն ու ավելի անգամ լքելով մարմինը, ելել էր դիմացի սարը և, թեթևացած, վտանգից ձերբազատ, հետևում էր դեպքերի ընթացքին, ու այդպես՝ յուրաքանչյուր մկանը, և այդպես՝ յուրաքանչյուր նյարդը: Փրկությունն ամեն մեկին առանձին և միատեղ համակած սարսափի մեջ էր, որ առաջ էր մղում ուժասպառ մարմինը:
Նրա և հետապնդողի միջև տարածությունը գնալով կրճատվում էր: Տղան վաղուց գցել էր արևածաղկի գլուխը՝ հույսով, թե տերը գոհանալով՝ կդադարեցնի հետապնդումը: Բոստանատիրոջ սիրտն առնելու համար նա բաթաթը ոչ թե շպրտեց, այլ ընթացքի հետ կռանալով՝ կոթունի կողմից դրեց ճամփեզրի կանաչին: Տղայի համոզմամբ քայլն անձնատուր լինելու պես բան էր և գնահատության արժանի: Հաշվենկատ վարմունքը, սակայն, սպասված արդյունքը չտվեց: Հետապնդողը հասավ արևածաղկին, ոտքի շարժումով ապահով տեղ գլորելուց հետո շարունակեց վազքը: Տղան հասկացավ, որ մարդը խիստ է զայրացած և, բռնվելու դեպքում, չպատժվելու հավանականություն չկա: Եթե չփախչեր, եթե տարիքն առած բոստանատիրոջը չստիպեր այդքան տարածություն կտրել, գուցե մեկ-երկու ապտակով պրծներ: Բայց հիմա բանը բանից անցել էր, ու տղան վազում էր:
Անզգայությունն աստիճանաբար ծնկներից վեր էր ելնում, թվում էր, ոչ թե ինքն է վազողը, այլ դաշտամիջյան ճանապարհն է ժապավեն դարձած մտնում ներբանի տակ: Ինքը կտորի ճոթը ոտքի տակ առած շուլալում էր, շուլալում, իսկ խանձած բլուրների արանքով ձգվող ճամփա-փաթթոցին վերջ չկար: Երբեմն ոտքը քարին էր առնում, երբեմն մեքենաների անցուդարձից ծեծկված փուշ էր կոխ տալիս, սակայն տղան անհաղորդ՝ հևիհև շարունակում էր վազքը:

Աստծո առավոտը որոգայթ էր լարել, իսկ նա մինչև բոստանատիրոջ ցանկապատին հասնելը դա չգիտեր: Սովորական ժամի արթնացել էր, սովորականի պես լավաշի մեջ պանիր դրել ու բրդուճն ատամների տակ քաշքռտելով, հացի հետ կռիվ տալով՝ պտտվել էր թաղում, հետո, խաղընկեր չգտնելով, գնացել կալերի կողմը:

Աշնան սկիզբ էր, օրը՝ կիրակի: Տղան դասերը դեռ շաբաթ օրն էր սովորել, «ջուր» արել ու իր քեֆին ման էր գալիս և գողություն անելու ոչ մի մտադրություն չուներ. նպատակակետը կալատեղն էր, ուր պիտի զմայլվեր ցորենի շեղջերով, կալվոր կանանց հետևելով պիտի ջանար քիթ, բերան փակած դեմքերից ճանաչել նրանց, հետո, եթե համարձակությունը բավեր, ազատ թիերից մեկը վերցնելով մյուսների օրինակով պիտի էրներ բերքը: Նա դիտմամբ ցորենն ավելի բարձր պիտի նետեր՝ տեսնելու արևի շողքերի խաղը ջրվեժող հատիկների արանքում: Նրան այդ բոլորն անպատմելի դուր էր գալու, որովհետև ցորենի հետ խաղալու համար էր կալ գնում:

Կալատափ տանող ճանապարհին էր օրը թակարդ լարել, և թե նա շարունակեր ոտնատակ ընկած հողի մեջ ժանգոտ մեխ փնտրելով շարունակել ճամփան, գուցեև ծուղակը չընկներ, ու փորձանքը կողքով կանցներ: Բայց, կարծես դիտմամբ, աչքը ցանկապատին առավ, և նրա աչքի դեմ ծանրորեն օրորվեցին տռուզ, գրկաչափ գլուխներով արևածաղիկները: Ասես զորահրամանատարի առաջ շլինքները ծռած զինվորներ էին պատից այն կողմ կանգնած, և տղայի մեջ նրանցից մեկի վիզը պոկելու անհաղթելի ցանկություն ծնվեց: Շուրջը բոլորի բոստանները մինչև վերջին ցողունը պլոկած, մաքուր էին, ու միայն պարսպից այն կողմ բերքով ծանրաբեռ ծառեր, պարանոցները ծուռ արևածաղիկներ կային: Կոկիկ ներկած տունը, կոկիկ այգին, կոկիկ բանջարանոցը նրանց հեռավոր բարեկամ Տաճատինն էին, և չխոսկան ու դաժան մարդու համբավ ուներ նա:

Ծառերը ճկռում էին ծանրությունից, պտղի մի մասն աշնանը մնում էր, կեր դառնում ճնճղուկներին, սակայն այլոց այգիները սրբած մանկտիք այդպես էլ նրա ցանկորմին մոտ չէին գնում, պարտեզը քար չէին գցում: Գյուղի վերջին տունն էր: Հողի կեսից ավելին ծառերն էին զբաղեցրել: Այգու մի մասից մյուսը մետաղալար էր ձգված, ու սև գամփռը մինչև խոր աշուն բերնից լորձ թափելով՝ չափչփում էր տիրոջ հողը: Մնացյալ՝ դեպի կալերն ընկած հատվածում բոստանն էր: Կարտոֆիլի մարգերին չհասած՝ երկաթալարը ավարտվում էր, սակայն շան մասին հիշողությունն իսկ բավական էր, որպեսզի ծաղկոցին ոչ ոք չմերձենա: Քանի՜ անգամ տղաներով բոքոնի մեջ ասեղ էին դրել, դեղահաբ՝ փողոցից շպրտելով շանը: Չէր կերել, շան պես գլխի էր ընկել:

Տղան միայն մեկ անգամ էր եղել նրանց այգում: Հոր հետ էին: Ծառերի տակ որդնած խնձորներ կային: Մի քանիսը ժողվելուց, շապկի փեշով մաքրելուց հետո մեկը բերանը տարավ: «Քըխ է, չուտես»,-ասաց տանտերը: Տղան դադարեցրեց, բայց միրգն այդպես էլ չնետեց: «Քըխ է, թափիր, շան մազ կլինի վրան»,-իրենը պնդեց այգեպանը: Հայրը ձեռքից վերցնելով պտուղը՝ շպրտեց շան կողմը: Կենդանին վրա հասավ, հափռեց, հետո զգալով, որ քիմքին օգտակար բան չէ, ետ գցեց՝ մելամաղձոտ հայացքը հառելով նրանց: Հոր շպրտելու եղանակից, ուժգնությունից գլխի ընկավ, որ տանտերը ոչ թե երեխայի համար էր մտահոգ, այլ, պարզապես, չկամ էր:

Բանջարանոցում ոչ ոք չկար: Շունը նույնպես չէր նկատվում: Արևածաղիկները գայթակղիչ տեսք ունեին, տղան մի թեթև խև էր, կող ուներ, և նրա անունը Թորոս էր:

Թորոսը լոքելով պատը՝ կախվեց ամենամեծ արևածաղկի գլխիկից: Գիտեր՝ կոթունը սկավառակի մոտ լայնանում է, ուստի հարկավոր է ոչ թե ոլորել, այլ միանգամից մատները խրելով վզիկի մեջ՝ ձգել: Կես րոպեի գործ էր: Մարգերի մեծ մասը քանդած չէր: Ավելի դենը դդումները, փորերը դեմ արած երկնքին, արև էին կլլում: Նրանք այնքան ազդու տեսք ունեին, որ տղան, եթե նկարիչ դառնար, անպայման այդ դդումները կնկարեր: Եվ հրաշալի նկար կստացվեր: Եվ դդումները նկարում նույնքան պերճաշուք կլինեին:

Թորոսը մի ձեռքով բռնելով արևածաղկի մազմզոտ կոթունից՝ մոտեցրեց իրեն, մյուսով կտրուկ ձգեց բոքոնաչափ թասակը: Արևածաղիկն առպահ դիմացավ ճնշմանը, սակայն հաջորդ պահին մատները խրվեցին բամբականման, քիչ լպրծուն վզիկի մեջ, և գլխիկը հայտնվեց նրա գրկում: Տղան շոյեց սկավառակի երեսը: Սմքած ծաղկաբույլերը խուտւտ տալով ափը՝ հատիկ-հատիկ թափվեցին՝ երևան հանելով տռուզ սերմերի ուսընդուս զորաբանակը: Այդ պահին էլ այգու խորքից ականջին հասավ հողատիրոջ բղավոցը.
-Քո ստեղծողի…

Միաժամանակ հաչոց լսվեց, և մետաղալարին քսվող շղթայի սվսվոցը՝ ծառերի արանքում: Թորոսը սարսափահար պոկվեց տեղից, թվաց, շունը հրես պոկելով շղթան՝ պատառ-պատառ կանի: Նա ավելի շուտ կհասներ պատին, սակայն հակառակի պես ոտքն առավ կարտոֆիլի չորացած ցողունների խրձին, և չուստը ոտքից դուրս պրծավ: Թորոսը թփը կոտրած դարձավ, սակայն իրեն կտրատող կենդանու ահարկու տեսքն ու բարձրացրած ժխորը, արդեն այգուց ելնող Տաճատն այնքան սարսափազդու էին, որ փոխելով մտադրությունը՝ հանեց մյուսն ու սուրաց դաշտերի կողմը: Ամենամեծ սխալը տղան, թերևս, այդ պահին թույլ տվեց: Եթե գյուղի կողմը թեքվեր, ենթադրաբար ծուռումուռ փողոցների, տների խառնիփնթորում մի տեղ կմոլորեցներ բոստանատիրոջը: Սակայն հիմա դեմն արձակ դաշտեր էին, և թաքնվելու հնար չկար:

Կալերը շրջանցելիս մի պահ մտքով անցավ դիմել այդ կողմը, այդուհանդերձ ճանաչվելու ահը թույլ չտվեց բեկվել ճամփից: Սկզբում հեշտ էր, վազում էր թեթև, մրրիկի պես սուրում էր: Չէր կարծում, թե հետապնդումը երկար կշարունակվի: Նրանց հսկայական տարածություն էր բաժանում, և տղան համոզված էր, որ հիսուն-հարյուր քայլ վազելուց, տասը-քսան բերան հայհոյելուց հետո Տաճատը կանգ կառնի: Մինչդեռ մենատնտեսն իր տիրույթը ոտնահարողին պարտադիր բռնելու անհողդողդ մտադրությամբ էր վազքուղի ելել:
-Կանգնիր, ժամանակ առ ժամանակ գոռում էր նա, որ տղայի հորն ի մոտո էր ճանաչում:
Թորոսը հևիհև շարունակում էր փախուստը:
-Մեկ է, ձեռքիցս չես պրծնի,-հավելում էր նա, ով Տաճատ պատկառելի անունն ուներ:
Թորոսը կանգ չէր առնում, թեև մատղաշ մարմնում այլևս պահեստած զորություն չուներ:
-Արտադրողիդ…-բարկացայտ հայհոյում էր հետապնդողը, ով Թորոսենց տոհմից էր՝ ազգանվանակիր:
Տղան հիշոցների դեմն առնելու մի պարզունակ եղանակ ուներ. հա կծում էր լեզուն՝ մրմնջալով՝ հիշողաց, հիշողաց, հիշողաց, բայց վիրավորանքը տալիս անցնում էր հոգու բոլոր պատնեշ-պատսպարանները, ու նա հեկեկում էր՝ դաշտամիջյան փոշոտ ճանապարհով քարշ տալով ուժասպառ մարմինը: Շուրջը ցորենի հասուն արտեր էին, բլուրներ, արտույտներն ու լորերը տաղ էին ասում, դաշտամկները, ձմռան պաշար դիզելուց դադրած, ձգլվզում և, անդաստանը չափելուց հետո, շարունակում հատիկ ժողվել: Նույնը՝ մրջյունները, ճպուռները, բզեզներն ու թիթեռները, մեղուներն ու մողեսները, անգամ օձերը: Բոլորը, բոլորը վայելում էին աշնան պարզ օրը, իսկ տղան հոգնել էր, անհաղորդ էր այդ ամենին, և, եթե վազքը մի փոքր էլ շարունակվեր, կանգ կառներ ու հեկեկոցով՝ քրտնաթոր, վախից փշաքաղ մարմինը կհանձներ մենատնտես բարեկամի զայրագնած բռունցքներին:
Թիկունքից մեքենայի աղմուկ լսվեց: Տղան թեքեց գլուխը: Ինքնաթափը փոշու ամպ թողնելով՝ հասավ Տաճատին, փոշամպախեղդ արեց և ցատկռտելով առաջ անցավ: Թորոսը ճամփից ելավ ու, չիմանալով անելիքը, մտավ ցորենի արտը: Հասուն ցողունները զարկվեցին ծնկներին, խշրտացին ոտքերի տակ:
-Քեզ հետ եմ՝ ինձ մոտ, ինձ մոտ,-լսվեց կողքից:
Թորոսը շրջվեց: Վարորդը մեքենայի ընթացքը դանդաղեցրել, արտի կիպ եզրով էր քշում: Տղան ձեռքերն առաջ պարզած՝ մինչև պարանոցը հասնող հասկերի միջով լողաց դեպի մեքենան: Եվս մեկ քայլ, և նա հայտնվեց խցիկի աստիճանահարթակին:
-Պինդ բռնիր,-ասաց վարորդը հուպ տալով գազի ոտնակը:
Մեքենան մեքենայավարի վրնջալով պոկվեց տեղից: Ետհարվածից տղան ընկրկեց, այդու հասցրեց կախվել հայելու կոթունից: Վարորդը, ձեռքը պատուհանից հանելով, գոտկեց տղայի մեջքը: Թորոսն այլևս վախենալու պատճառ չուներ, ու երբ մեքենան սահուն ընթացք վերցրեց, հետ նայեց. փոշին բռնել էր ճանապարհը, և Տաճատը չէր երևում:
Դաշտամիջյան հողե ուղին ձգվում էր դեղին ծոցի միջով, կորչում հեռուներում: Դաշտերից շոգի էր ելնում: Միայն տեղ-տեղ ոսկեգույնը ընդմիջվում էր կանաչով. միջնակներ էին, ուր ոչխարի կտրիչներից մահապուրծ խոտը դեռ չէր չորացել: Բնական արգելոց, որ դարձել էր պատսպարան ամեն կարգի թևավոր ու անթև արարածների, բույսերի:
Տղան տրվել էր քամուն: Գոլ հովը ետ էր տարել ճակատի տամկած մազափունջը, վերնաշապկից սողոսկելով ներս՝ սպառնում էր պոկել կոճակները: Շունչը տեղն էր եկել, և նա վայելում էր հարթավայրի գույները, մարմինը պարուրած քամու զովությունը, շարժիչ գվվոցն ու մեքենայի ծուլ-ծուլ լինելը, երբ դողի տակ քար էր ընկնում:
-Կմրսես,-անհանգստացավ վարորդն ու մեկից արգելակեց: -Դեմով արի:
Մինչ Թորոսն առաջամասով կշրջանցեր, նա բացեց դուռը:
-Նստիր:
Խցիկում համեմատաբար շոգ էր: Թորոսն արձակեց վերնաշապկի կոճակները:
-Կոշիկիդ մե՞կն ուր է:
Տղան խեղճացած կուչ եկավ. ամաչում էր բոբիկ լինելու, մաշված չստի համար, որին անծանոթը կոշիկ անվանեց: Նա, իբրև պատասխան, անորոշ թոթվեց ուսերը:
-Կորցրել ես: Ուզու՞մ ես ետ դառնանք:
-Չէ,-կտրուկ արձագանքեց. իսկ եթե Տաճատը շարունակում է հետապնդու՞մը:
Վարորդը նկատեց տղայի անհանգստությունը:
-Վերադարձին կնայենք: Իսկ հիմա շտապենք. կոմբայնավարներն սպասում են: Մի վախենա, քեզ տուն կհասցնեմ:
Նա աղմուկով գործի գցեց շարժիչը, և տղան մտովի շնորհակալ եղավ, որ այլևս ուշադրության կենտրոնում չէ: Առժամանակ լուռ մնացին: Թորոսի կաշկանդվածությունն անցնում էր: Ձեռքը հենել դռնակին, աչքի պոչով տնտղում էր խցիկը:
-Ինչու՞ էր հետևիցդ ընկել:
-Բաթաթի համար,-զանցանքն անծանոթին վստահեց Թորոսը:
-Կալատեղ չհասած, ձախակողմի տունն իրե՞նցն է:
Թորոսը զարմացավ:
-Ի՞նչ իմացար, դու նրան ճանաչու՞մ ես,- հաստատ համոզում ուներ, թե դիմացինի հետ, եթե մեկն է, պիտի դու-ով խոսել:
-Մի շաբաթ է այս ճամփով գնում-գալիս եմ: Եկել ենք ձեզ օգնելու:
-Ու՞մ,-չհասկացավ տղան:
-Ձեր գյուղին: Երևի մի շաբաթ դեռ քաշի:
Նա թեքվեց ճանապարհից, և մեքենան հիմա հնձած արտի միջով էր ընթանում: Չորս կողմը անթիվ ծղոտի կույտեր էին:
-Հաճա՞խ ես գողություն անում:
-Ես գող չեմ,-Թորոսը նեղսրտեց:
Դողերի տակ տափանվող ծղոտի աղմուկի մեջ պատասխանը չլսվեց:
Հը՞,-հերթական կիտուկը շրջանցելուց հետո քաջալերական ժպիտով տղային դարձավ վարորդը:
Չարձագանքեց: Եթե խոսեր, ձայնը կերկերոցով կելներ, և նախադասությունը չավարտած՝ կսկսեր հեկեկալ: Կոկորդն արդեն սեղմվում էր: Մեքենավարը տղայի խուսափուկ հայացքից զգաց, որ սխալ է թույլ տվել:
-Մի կարծիր, թե քեզ չեմ հասկանում: Միայն թե ոչ բոլոր ցանկությունները պետք է տեղնուտեղն ի կատար ածել: Ավելի հաճախ տասնապատիկ թանկ ես վճարում դրա դիմաց:
Վերջին բառերը տխրորեն հնչեցին, և Թորոսն իր հերթին հասկացավ, որ խորհուրդներն այլ հասցե ունեն, և հասցեատերը վարորդն է: Վստահ էր, եթե Տաճատի փոխարեն անծանոթը լիներ այգու տերը, թույլ կտար բոլոր արևածաղիկները պոկել: Ընդհանրապես, վարորդի խոսելու եղանակի, պահվածքի մեջ գրավիչ բան կար: Գեղջկական ամոթխածությունը խանգարում էր, այլապես կհարցներ ով և որտեղացի լինելը:
Հովտի ծայրում երևացին կոմբայնները: Երկուսն էին: Վարորդը մեքենան քշելով նրանցից մեկի տակ՝ վարպետորեն գամեց տեղում: Կոմբայնի ստվերում ձմերուկ ուտողներից մեկը մագլցեց վերև՝ բունկերը դատարկելու: Նստածներն առաջարկեցին իջնել:
-Ժամանակը չթամբած ձի է,-գլուխը խցիկից հանելով՝ ձայնեց նա:
Նոր ծանոթը տարօրինակ, զարմանալի մարդ է և գրքեր, ըստ երևույթին շատ է սիրում: Համենայնդեպս, իրենց գյուղացիներից ոչ մեկին նման չէ,-որոշեց Թորոսը:
-Երեխային ուղարկիր,-ասացին ներքևից՝ տալով անունը՝ Վրեժ:
Ծանոթ անուն էր: Իրենց գյուղում ևս երեք-չորսը կային: Ժողովուրդն ինչու՞ էր զավակներին այդ անունով կնքում և ումից լուծելիք վրեժ ուներ, տղան առայժմ չգիտեր: Նրան անունը դուր էր գալիս, որովհետև հիշեցնում էր կինոնկարներից մեկում տեսած ջրվեժը. գետը դաշտավայրով հոսում էր և՝ միանգամից վայրէջք – ջուրը շառաչյունով, փրփրակալած գահավիժում էր ցած: Վրե՜ժ:
-Կգնա՞ս ձմերկի:
Տղան պատրաստակամ բացեց դուռը:
-Լավ, մնա: Ոտքերդ ծղոտը կհարի: Համ էլ՝ փառահեղ տեսարանը չթողնենք,-նա շրջվել, խցիկի պատուհանից նայում էր թափքին: -Հրեն:
Զետեղարանի մետաղե փողրակը ցնցվեց, և բերանից, ինչպես ջուրը: Ավտոյի հատակին շեղջ գոյացավ, որն սկսեց արագորեն բարձրանալ՝ սպառնալով կողերից թափվել: Թափք ցատկած կոմբայնավարի պատանի օգնականը ցորենը տենդագին այսուայնկողմ քշեց: Նա հիմա ծնկներով թաղվել էր հատիկի մեջ, և դեմքը, քունքերն ու մազերը ծիրանի գույն էին ստացել: Տղան մտածեց, որ եթե ինքը վերևում լիներ, կմեկնվեր շիթի տակ, լոգանք կընդուներ: Մեքենան պռնկեպռունկ լցվել էր, իսկ հոսքը չէր դադարում: Անհանգստացած՝ Թորոսը նայեց Վրեժին:
-Հիմա կվերջանա:
Հոսքը, իրոք, ինչպես մեկից սկսվել էր, կտրվեց: Ցամքը բարակ շիթ էր, որ օգնականի իջնելուց հետո էլ շարունակվեց:
-Դե ասա,-տղային դարձավ Վրեժը:
-Փառահեղ էր,-ժպտաց Թորոսը,-բառը բերանում անբնական հնչեց, սակայն կարևորը դա չէր:
-Ես՝ հիմա,-տղային աչքով անելով՝ վարորդն ուղղվեց կոմբայնի ստվերում նստածների կողմը:
Թորոսն այդ ամբողջ ընթացքում մտքից չէր հանել ձմերուկը: Շոգ էր, նա ծարավ էր և, ինչպես բոլոր երեխաները, քաղցր շատ էր սիրում: Իսկ կտրատած ձմերուկներն այնքան անփութորեն էին կիտած հացի շորին, որ առատության, կոմբայնավարների գծուծ չլինելու մասին էին վկայում: Տղան չէր հիշում դեպք, որ կուշտ ձմերուկ կերած լինի: Նրանց ընտանիքը բազմանդամ էր, ու որքան մեծ լիներ ձմերուկը, ամեն երեխայի մի շերտից ավելի չէր հասնում: Լվանում էին, պղնձե սկուտեղով դնում սեղանին: Հայրը գրպանից հանելով դանակը՝ ձեռնափով մաքրում էր, ապա, հարմար դիրք ընդունելով, շեղբը լայնակի խրում ձմերուկի կողը: Փուխր սիրտ ունենալու դեպքում այն լեղաճաք էր լինում, և ջուր-արյունը լճանում էր սկուտեղում: Երեխաները ակնապիշ հետևում էին, քիչ էր մնում քթները դանակին տան: Հայրն այնքան դանդաղ, հանդիսավոր էր կտրում ձմերուկը, որ փոքրիկների համար հավասարակշռված, հասուն մարդ հասկացությունը բացասական իմաստ էր ձեռք բերում, քունքերին դեռևս ճերմակ մազ չունեցող ծնողի պաղարյունությունը՝ ապացույց ծերության:
Արարողությունը մի քանի առավել լարված, առանցքային նշանակության պահեր ուներ: Առաջին՝ երբ Համզեն կտրում էր ձմերուկի գլուխը: Սեղանի շուրջ հրմշտոցն ավելանում էր, և երբ շեղբն ավարտում էր շրջագիծը, ճարպիկ ու համարձակ ձեռքերը ձգվում էին պնականման գլխիկի կողմը: Կանաչ թասակը ճանկած մատները նույն պահին ուղղություն էին վերցնում դեպի բերանը, և վայրկյան անց մանրիկ ատամները ակոսներ էին բացում կարմրին տվող շերտի վրա: Մյուսները, ստամոքսի թրթիռը զսպելու համար ցուցադրական անտարբերությամբ ողջ ուշադրությունը սևեռում էին ձմերուկին: Մնացյալը բախտի խնդիր էր: Սրտները թունդ էր լինում, երբ հայրը տալով ընտանիքի հերթական անդամի անունը՝ գործի էր դնում դանակը: Կյանքի, մահու խնդիր էր՝ շեղբն ինչպե՞ս կընթանա: Մազ այս կողմ, միլիմետր այն, հերիք էր, որպեսզի բախտատերն իրեն լքված, հոր կողմից չսիրված համարի և կամ՝ հակառակ: Դանակը խրթոցով շերտատում էր ձմերուկը և՝ այս մեկը Մերուժին, սա՝ Ծովոյին, ապա՝ Թորոսին, Արային, Խորենին, Պարույրին, Գալեին, Տարոնին: Միջուկը Սաթենիկ տատինն էր: Ու խփշտում էին: Ուտում էին մի քանի տակ, սկզբում՝ կարմիր, խրխիր մասը, ապա վերստին էին դառնում կերածին: Երրորդ անգամ կլեպը բարակում էր, տեղ-տեղ ծակվում: Խորենն ու Ծովոն ուտելու իրեն եղանակն ուներին. ամենալավ բերանը թողնում էին վերջում – բնավորության հարց էր: Հայրը ճաշակում էր դանակով: Թորոսը հետո պիտի հասկանար, որ նա դիտմամբ էր առանց ախորժակի ուտում՝ երեսանց կտրելով ձմերուկը, որպեսզի զավակներին կրծելու բան մնա: Սաթենիկ տատը մատներով պատառը բերանն էր տանում, և ավելի շատ խաղ էր անում, քան ուտում: Քիչ անց նա գոգնոցով սրբելով շրթունքները՝ մի կողմ էր հրում պնակը:
-Մարե, կեր,-պնդում էր հայրը:
-Կշտացա, տուր երեխեքին:
-Չեղավ, ի՞նչ կերար, որ՝ պըրծա,-նեղսրտում էր Համզեն:
-Այ որդի, կուլ չի գնում,-իր հերթին դժգոհում էր տատը. նրա առաջ էին, չէ՞, թոռները միմյանց ձեռքից կեղև, սերմ խլխլում:
-Պահիր:
Վրեժը վերադարձել էր՝ ձեռքին ձմերուկի մի ամբողջ կես:
-Մեկը կա, տեղն արել է: «Մոսկվիչով» շաբաթը մեկ քսանհինգ-երեսուն ձմերուկ է բերում, փոխարենը ցորեն են տալիս: Ես դա գողություն չեմ համարում: Մինչև արևմտոց բանում են, թող օրը երկու-երեքն էլ կտրեն,-հետո դարձավ տղային: -Ի՞նչ ես շշկլել, դիմացդ դանակ կա:
Թորոսը խորշից հանեց դանակը:
-Ինձ մի նայիր: Ասում ես՝ անունդ ի՞նչ է:
-Թորոս:
-Թորոս, առանց ամաչելու: Ես այսօր արդեն մի անգամ կերել եմ: Այսինքն՝ լավ, մի բերան տուր:
Տղան միջուկից մի կտոր շեղբի ծայրով մեկնեց նրան:
-Մնացածը՝ քեզ, միայն զգույշ, չթափես,-նա միացրեց շարժիչը, և մեքենան ծանրորեն պոկվեց տեղից:
-Երևանում եղե՞լ ես:
-Չէ:
-Իրիկունը տուն եմ գնալու: Մեկ շաբաթ կլինի, մերոնց չեմ տեսել: Եթե թույլ տային, քեզ հետս կտանեի: Ծնողներ ունե՞ս:
Թորոսը գլխով արեց:
-Կոշիկի համար բան չե՞ն ասի:
-Եսի՞մ:
-Ոտքերդ ո՞ր համարն են:
Թորոսը նորից թոթվեց ուսերը: Ձմերուկը կես էր եղել, և եթե չամաչեր, նախշուն թասակը բերանին պահած՝ կըմպեր կուտակ ջուրը:
-Ուզու՞մ ես քեզ մի հեքիաթ պատմեմ:
-Ցերեկը հեքիաթ չեն պատմում:
-Ինչու՞:
Տղան դադարեցրեց ուտելը, դեմքին զարմանք կար:
-Որովհետև ալյուրը կխլսի,-հիասթափված, որ Վրեժն այդ հասարակ բանը չգիտի, բացատրեց:
-Պահ,-զարմացավ Վրեժը: -Միտքը որտեղի՞ց:
Թորոսին թվաց, հեգնում են:
-Մարես է ասել:
Խոսքի տոնը վերապահություն չէր ընդունում: Տատը հեղինակություն էր, նրա ասածը՝ անբեկանելի ճշմարտություն: Եվ ոչ մեկը թող չփորձի կասկածի ենթարկել մեծական խոսքը, թեկուզև դա Վրեժը լինի,-բարբառում էր անխոս հայացքը: Վրեժը, սակայն, նման մտադրանք չուներ:
-Փառահեղ է,-ասաց նա: Այնուհետ կրկին կրկնեց,-փառահեղ է, խոսք չկա: Եթե մարդիկ ցերեկը հեքիաթ պատմեն, ո՞վ պիտի աշխատի: Բայց այս ցորենին, ինչպես ասի՞ր, խլսել, հա՛, խլսել չկա:
Թորոսը շրջվեց: Շարժումից շեղջը լիովին հարթվել էր, բռնել ողջ թափքը:
-Պատմիր,-չկամենալով նոր բարեկամին վշտացնել՝ համաձայնեց տղան:
-«Մի հսկա ուներ մեծ, հրաշալի պարտեզ: Գարնանը բոլոր ծառերը ծածկվում էին վարդագույն ու սպիտակ ծաղիկներով, և երեխաները դպրոցից վերադառնալով՝ ուրախ-ուրախ խաղում էին նրանց ստվերում: Փոքրիկները հսկայից չէին վախենում, որովհետև նա տանը չէր»:
Թորոսը ձմերուկը թողած՝ պլշած Վրեժին էր նայում: Նոր բարեկամը թավշյա ձայն ուներ, և հաճելի էր նրան ունկնդրելը:
-«Բայց ահա մի օր լուր տարածվեց, թե հսկան վերադարձել է: Երբ երեխաները պարտեզ եկան, նա սաստիկ բարկացավ և գոռաց. «Ինչպե՞ս եք համարձակվում ուրիշի պարտեզը մտնել: Այն իմն է, ինձնից բացի ոչ ոք իրավունք չունի օգտվել նրանից»:
Թորոսը շպրտել էր ձմերուկը, համակ ուշադրություն դարձել: Հսկան իրենց ազգական Տաճատն էր, պարտեզը՝ նրա այգին:
Տեսնես, իրո՞ք նման հեքիաթ կա, թե՞ տեղնուտեղը հորինում է:
-«Այդ օրվանից երեխաները զրկվեցին գեղեցիկ խաղերից: Նրանք տխուր նայում էին պարտեզի բարձր պարիսպներին ու փակ դռանը և, ախ քաշելով, ասում՝ որքա՜ն լավ էր այնտեղ»:
Բաթաթն իզուր շպրտեց, կտար Վրեժին: Մի՞թե այլ վայրերում էլ են նույնպիսի բաներ պատահում: Այդքան գեղեցիկ անգամ հայերենի ուսուցիչը չի պատմում:
-«Գարունը եկավ: Ամբողջ բնությունը զարդարվեց կանաչով և երփներանգ ծաղիկներով, բայց հսկայի պարտեզը լուռ էր ու մռայլ: Գարունը չմտավ նրա պարտեզը և բարձր պարիսպների ետևից անցավ գնաց»:
Իրենց գյուղում գարունն այդ կերպ չի գալիս: Տաճատենց այգին, ընդհակառակ, ավելի ծաղկուն հարսնաշոր է հագնում, քան իրենցը:
-«Այդպես անցավ մի ամբողջ տարի: Հսկայի պարտեզում շարունակ ձմեռ էր: Նա զարմանում էր՝ չհասկանալով պատճառը: Մի գարնանային առավոտ հսկային թվաց, թե պատուհանի տակ նվագում են: Նա գլուխը հանեց լուսամուտից և ի՞նչ տեսավ – կանաչ գարունը ներս էր մտել պարտեզը, ծառերը ծաղկել էին, երփներանգ ծաղիկները տարածել իրենց անուշ բույրը»:
Տեսնես այգին ինչու՞ կանաչեց: Զարմանալի հեքիաթ է, ամենևին նման չէ իր գիտցածներին: Թեկուզև եսասեր, բայց հսկան նմանապես մեղք է. այնքա՜ն միայնակ է նա:
-«Պատի նեղ ճեղքից երեխաները ներս էին մտել, ամեն մեկը մի ծառ էր ընտրել և թաքնվել նորաբողբոջ տերևների ու ծաղիկների մեջ: Պարտեզն այնքան էր ուրախացել հյուրերի գալստյան առթիվ, որ սիրտը բացվել էր կանաչով ու ծաղիկներով»:
Նրանք դուրս էին եկել դաշտամիջյան ճանապարհ: Թորոսը լսում էր, միաժամանակ հեռաստանը դիտելու պահանջ զգում: Շուրջը ցորենի արտեր էին, խանձված բլուրներ, արտույտներն ու լորերը տաղ էին ասում, դաշտամկները, ձմռան պաշար դիզելուց դադրած, ձգլվզում և, անդաստանը չափելուց հետո շարունակում հատիկ ժողվել: Նույնը՝ մրջյունները, ճպուռները, բզեզները, թիթեռները, մեղուներն ու մողեսները, անգամ օձերը: Բոլորը, բոլորը վայելում էին աշնան պարզ օրը: Թորոսը՝ նույնպես:
-«Հանկարծ հսկան նկատեց, որ մանուկներից մեկը լաց է լինում: Նա չէր կարողացել բարձրանալ ծառը, և այն չէր կանաչել: Հսկան հուզվեց, սիրտը մեղմացավ: Նա մոտեցավ լացող մանկանը և բարձրացնելով՝ նստեցրեց ճյուղին: Ծառն իսկույն կանաչեց և ծաղկեց»:
Թորոսը կամենում էր փարվել Վրեժին: Սիրտը խայտում էր: Մեքենային ընդառաջ եկողը հայրենի շենն էր՝ գեղուղեշ բարդիներ, թիթեղածածկ տներ, կենտրոնում՝ եկեղեցու քարե գմբեթը, Նախավկա մատուռը՝ համանուն սարի ուսին: Հեռվում ելվերող կուտակ-կուտակ բլուրներ էին, ապա՝ կապտին տվող գագաթներ և մշուշ:
-«Այդ օրվանից երեխաներն ամեն օր գալիս էին պարտեզ: Բարի հսկան խաղում էր նրանց հետ, զբաղեցնում և զվարճացնում փոքրիկներին»:
Հեքիաթն ավարտված է: Թորոսի դեմքից հիացմունք է կաթում: Նա պատրաստ է ամեն, ամեն գաղտնիք բացել: Բարությամբ է լցված հարթավայրը, և տղային ոչ մի վտանգ չի սպառնում:
-Նա մեր ազգականն է:
Թե ինչու ասաց, չգիտեր: Վրեժը չարձագանքեց: Հասնում էին կալերին:
-Ես քեզ մեքենա վարել կսովորեցնեմ: Քշած կա՞ս:
-Չէ:
-Մոտ նստիր՝ առանց ամաչելու, այդպես:
Մեքենան դարձյալ Վրեժն էր վարում: Թորոսը պարզապես մի ձեռքով բռնել էր ղեկից, սակայն թեթև հպումն իսկ բավական էր, որպեսզի ողջ էությամբ զգա ինքնաթափի կենդանի, շարժուն ուժը, ցորենի ահռելի ծանրությունը:
-Թեթև: Որքան ղեկն ազատ պահես, այնքան մեքենան հնազանդ կլինի: Դու մի վշտանա, ձեր բարեկամից ավելի վատերը կան: Երևանում մենք հարևան ունենք, բաթաթները, խաղողի ճթերը թանզիֆով կապում է, ինչ է թե ծտերը չուտեն:
Թորոսի աչքին պատկերացավ լաչակներ կապած արևածաղիկների շարքը: Ուզեց զսպել ծիծաղը,սակայն մտովի տեսածն այն աստիճան զավեշտական էր, որ փռթկաց:
-Ի՞նչ եղավ,-ժպտաց Վրեժը:
-Մերոնց պատմեմ, փորխոց կընկնեն:
Ցորենը դատարկելուց հետո վարորդը մեքենայի գլուխն ուղղեց գյուղի կողմը:
-Ես քեզ խոստացա տուն տանել: Հետո Երևան եմ գնալու: Ափսոս, ոտքիդ համարը չգիտեմ: Ոչինչ, կփորձեմ աչքաչափով առնել: Վաղը կգա՞ս:
Թորոսը գլխով արեց: Նա ուզում էր որևէ սրտագրավ բան ասել, ու քանի որ խառնիփնթոր մտքերը կարգի բերելու ժամանակ և հարկավոր բառապաշար չուներ, ամաչելով, բայց բարձրաձայնեց.
-Փառահեղ հեքիաթ էր:
Այսուհետ նա իրեն իրավունք էր վերապահում օգտվել Վրեժի սիրած բառից:
-Գիտե՞ս ով է գրել:
Դու,-ասաց անվարան, համոզված:
-Չէ: Ես ու՜ր, հեքիաթ հորինելն ուր: Հիշիր այս անունը՝ Օսկար Ուայլդ: Անգլիացի գրող է:

Հեռացող մեքենայի աղմուկը դեռ ականջում էր, երբ բակից Թորոսին հասավ Տաճատի ձայնը: Կարող էր ետ գնալ, ոչ ոք չէր նկատի, չէր ասի՝ վախեցավ, փախավ, բայց մնաց: Ավելին, դարձավ անտարբեր, նման այն մահապարտին, ում համար այլևս միևնույն է: Այդպիսի փառահեղ ճամփորդությունից, փառահեղ մարդու հետ ծանոթանալուց հետո՝ Տաճատը: Քարով տաս, գլուխը ցխես: Ձայնդ գլուխդ ես գցել, որ ի՞նչ: Տեղյակ չեմ և՝ վերջ:
Այդ տրամադրությամբ էլ մտավ բակ և, առանց ծառի ստվերում կանգնած հոր ու ազգականի կողմը նայելու, ուղղվեց դեպի քարե գուռը: Շեմքի մոտով անցնելիս մուճակը կողքանց նետեց բացօթյա պատշգամբը: Թվաց, չնկատեցին: Իրոք, ծարավ էր, և խոնավ, մամռակալ պատերով գուռը տղային ներքին լարումը թաքցնելու, գնացքն ու թատերախաղն արդարացնելու, քայլքին բնականություն հաղորդելու հնարավորություն, իրավունք էր տալիս: Ետ տարավ ծածկոցը, թիթեղյա մանը թափեթափ ջուր լցնելուց հետո մեծ-մեծ կումերով, աղմուկով ըմպեց: Սակայն տղան սկսնակ դերասան էր և առանց ռեժիսորի միջամտության այլևս ի վիճակի չէր խելամիտ շարունակություն գտնել: Հայրն ու Տաճատը լռում էին, ինչը տագնապեցնող էր:
Հետմիջօրեի ժամ էր: Եռաշար դրված փեթակների վրա մնում էր արևի հանած անկողինը: Տուն էին դառնում մեղուները: Նրանք ծանրորեն իջնում և, արկանոցի առջև շարված բոռերի վրայով առաջանալով, նեղլիկ բացվածքից սահում էին ներս: Տնից վտարված բոռերից ամենահամարձակները երբեմն-երբեմն փորձում էին գործավորների ետքից խցկվել, սակայն պահապան մեղուներից անխղճորեն հալածված՝ ետ դառնալով հուսահատ ետուառաջ անում արկանոցի առջև: Առավել բախտավորները, ում հաջողվել էր անցքին մերձ տեղավորվել, ամեն կերպ մինչև առավոտ պայքարելու էին գրաված տարածքի համար: Ձախողակները քաշքշում էին, քրտնում, ջանում մտնել արանքները, որպեսզի փեթակից ելնող գոլ շունչը աշնան ցուրտ գիշերն իրենց ևս առնի, սակայն ճիգերն ապարդյուն էին. այգաբացին ցողաթաթախ խոտերին սատկած ու մահու չափ ուժասպառ տասնյակ-հարյուրավոր բոռեր ընկած կլինեին: Այդպես՝ մի շաբաթ, երկու, մինչև ոչ մի, բացարձակ ոչ մի ավելորդ ուտող բերան չմնար փեթակում:
Ուրիշ ժամանակ ջուր խմելուց հետո անմիջապես մտնելով մեղվանոց՝ կծնկեր փեթակի առաջ և ժամերով կդիտեր այդ դաժան խաղը: Այլ պարագայում հայրը կպատվիրեր սատկացնել խմբված բոռերին, որպեսզի աշխատավոր մեղուները ժամանակ, ուժ չվատնեին նրանց դուրս քշելու վրա և հասցնեին մինչև ձմեռանոց մտնելը մեղրի հարկավոր պաշարն ամբարել: Թորոսը կխոստանար, սակայն ծնողի հանձնարարականը չէր իրագործի: Պարզապես փայտող զգուշորեն կխառնշտեր բոռերի կծիկը, որպեսզի տեսնի, թե նրանք ինչպես են խելակորույս, միմյանց հրմշտելով, ոտատակ տալով նետվում արկանոցը:
Տղան գավաթը երկրորդ անգամ ընկղմեց ջուրը և, իբր, դեռ չի հագեցել, շարունակեց ըմպել, այս անգամ հանդարտ՝ ձգտելով երկարացնել պահը: Նա առավոտյան էր հաց կերել, սոված էր, ու հիմա ավելցուկը կուլ չէր գնում:
-Տղա, ոտնամաններդ ու՞ր են:
Հոր ձայնն էր: Որքան էլ նախապատրաստվել էր հարցին, անակնկալի եկավ: Մեղավոր հայացքն առավ Համզեին: Քիչ առաջվա համարձակությունից, անկախ շարժուձևից հետք չէր մնացել: Շփոթմունքն առավել սաստկացավ, երբ Տաճատի ձեռքին նկատեց բաթաթը:
-Քեզ հետ եմ: Ոտնամաններդ որտե՞ղ են, ինչու՞ ես բոբիկ:
-Տանն են,-հազիվ լսելի արձագանքեց:
-Բա սա ու՞մն է,-հայրը ոտքի ծայրով մի կողմ հրեց խոտերի մեջ ընկած մուճակը:
Կծծի մեկը, քցիպ: Ուրեմն՝ գտել է, Չի էլ ալարել, վերցրել հետը բերել է:
-Արի հոս:
Ժամանակ շահելու միտումով տղան գավաթում մնացածը դանդաղ շիթով լցրեց փոքրիկ գուռը, որ մեղուների, հավերի համար էր: Ջրի երեսին մի քանի սատկած մեղու էին լողում: Մեկը պռնկից կախվել, ջուր էր ծծում: Ալիքը նրան ներքև գլորեց, սակայն միջատը կարողանալով մինչև լրիվ թրջվելը բռնվել հատուկ նպատակով ջուրը գցված փայտի կտորտանքից՝ սողաց քարե պատն ի վեր:
-Ի՞նչ ես մլոլ տալիս, քեզ հետ եմ:
Թորոսը մեղուների գվվոցի, վերջալույսի շողերի միջով առաջացավ:
-Որտե՞ղ էիր:
-Դոր կա, որ դոր էլ:
-Կսատկացնեմ:
Խոսքին հաջորդեց շառաչուն ապտակը: Արցունքը ցայտեց որդու աչքերից:
-Ձեռքդ կկտրեմ,-շարունակեց հայրը, հետո, տղայի այտին տեսնելով սեփական մատների դաջվածքը, թևաթափ կանգ առավ:
Թորոսը համոզված էր, որ առաջին հարվածին կհետևի երկրորդը, ու երբ այն ուշացավ, արցունքոտ աչքերն ուղղեց ծնողին: Թվաց, հայրն ուզում է երկարել ձեռքը, շոյել: Հավանաբար Համզեն այդ կերպ էլ վարվեր, եթե կողքին չլիներ Տաճատը: Վերջինս հենվել ծառաբնին և, ասես, կատարվածի իր հետ կապ չունի, լռում էր: Ապա գոհունակ ժպիտ հայտնվեց դեմքին, տմբտմբացրեց գլուխն ու՝
-Այ որդի, գողություն անել չի կարելի: Գայիր, ասեիր, բա ո՞ր օրվա բարեկամ ենք, մեկի տեղ երկուսը տայի,-ասաց պաղարյուն, առանց ներքին ապրումի, ու դժվար էր ըմբռնել՝ խրատ կարդալը ծախս չէր պահանջում, դրա համա՞ր էր ասում, խիղճը հանգստացնելու՞, թե ազգականի աչքին արդարանալու:
-Ամոթ քեզ,-շպրտեց հայրն ու այնքան նախատալից նայեց որդուն, որ Թորոսի սիրտը ճմլվեց:
Իհարկե, ամոթ: Գետինը մտնեմ, ավելի լավ է: Քոսոտ բաթաթի պատճառով քեզ խայտառակ արեցի: Գծուծն ո՞վ է, որ եկել մեր դռանը խրատ է կարդում՝ մեջտեղ բերելով բարեկամությունը: Մարդ էլ լինի: Գյուղովի խոսում են, թե կռվի տարիներին այլևս ճակատ չգնալու համար թեթև վիրավոր ձեռքն այնքան է կապած պահել, որ մատները կռկած են մնացել: Գոսմատ շանորդի, դու արևածաղիկ տվո՞ղ ես: Մտաբերեց տատի խոսքերը, որ մի անգամ ասել էր Տաճատի հասցեին՝ ձմռանը ձյուն խնդրես, չի տա:
Այլևս չկարողանալով զսպել զայրույթի եռքը՝ շնչակտուր, լացախառն ձայնով շուտասելուկի պես վրա տվեց.
-Դու բաթաթ տվող չես: Քեզնից ձյուն ուզեն, կասես՝ չկա,- հետո փախավ:
Տուն եկավ, երբ բոլորը քնել էին: Թաթերի ծայրին առաջացավ, պատուհանից ականջ դրեց:
Արան, ինչպես սովորաբար, ֆսֆսացնում էր: Ուրիշ աղմուկ ականջին չառավ: Մինչ կորոշեր անելիքը, դուռը բացվեց: Համընդհանուր լռության մեջ ծխնու ճռինչն այն աստիճան անսպասելի էր, որ սահմռկած ծեփվեց լուսամուտին: Գալեն էր: Քնակոլոլ հասնելով ճանճնոցի անկյունը՝ կանգ առավ: Տատը որքան էլ խնդրում էր, դժգոհում գոզահոտից, թոռները, միևնույն է, գիշերներն արտաքնոց չէին հասնում: Հատկապես Խորենը սոսկում էր խավարից: Մի կերպ ոտքը տնից հանելով՝ ջուրը թափում էր շեմաքարին, փեթակների արանքը, ետ վազում: Ամռանն էլի լավ էր. ծծվում էր հողի մեջ, գնում կորչում: Ճիշտ է, արևը զարկում էր, շեմաքարը ջերմանում, ու մեծերը գոռգոռոցը դնում էին, բայց, դե, վրան ո՞վ կառներ: Ձմռանն ուրիշ էր: Առավոտյան ձյան վրա այստեղ-այնտեղ դեղին շիթատեղեր էին նկատվում, խորքը տանող ճեղքեր, որ տաք մեզն էր բացած լինում: Տատը թիով դեսուդեն էր տանում ձյունը, անիծում.
-Արևաչմեռներ, գլխիս բուղա եք կտրել: Երկու ոտքն ի՞նչ է, չեք գնում: Տնաչքանդներ:
Թեթևանալուց հետո Գալեն ետ եկավ: Թորոսը ձայն տվեց: Նա քնատ՝ դարձավ եղբորը, հետո, հավանաբար չընկալելով, թե ինչն ինչոց է, պատշգամբով առաջացավ, որպեսզի տուն մտնի:
-Գալե, կայնի:
Եղբայրը սթափված՝ եկավ ձայնի կողմը և, ճանաչելով Թորոսին, լայն ժպտաց.
-Մտի, վախլուկ, հայրոն քնած է:
Թորոսն առաջինը եղբորը թողեց, հետո ինքը մտավ ու, նիգը ետքից գցելով, սուսուփուս դիմեց դեպի թախտը, որտեղ իր ու մեծերից Մերուժանի անկողինն էր: Անկյունից շշուկ լսվեց, ապա՝ Պարույրի քրթմնջոցը:
-Վերմակ տուր,-արդեն բարձրաձայն դժգոհեց Գալեն:
Թորոսը գիտեր՝ Պարույր եղբայրը դարձյալ կոլոլվել է, ու հիմա Գալուստը քաշկռտում է, որպեսզի իր բաժին վերկակը պոկի: Մյուս սենյակում մահճակալը ճռճռաց:
-Տղա, դուռը չգոցես, Թորոն դրսում է:
-Թորոն շուտուց քնե,-ստեց Գալեն:
Թորոսն ի վերջո քակեցշլով տաբատի կոճակը՝ մորեմերկ սահեց վերմակի տակ: Մերուժը քնի մեջ շրջվելով՝ պինդ-պինդ գրկեց եղբորը, թույլ մնչաց: Նրանից եկող ջերմությունը դուրեկան էր: Տղան աշխատեց շունչը հարմարեցնել եղբոր շնչառությանը: Ավելի լավ է՝ արագ-արագ: Չէ, օդը չի հերիքում: Այս Մերուժն էլ մի գլուխ շունչը պահում է: Ի՜նչ էլ լայն կուրծք ունի՝ մազմզոտ: Ասում են, նման տղամարդիկ բարի են: Տեսնես Վրեժը նույնպե՞ս մազեղ է: Վաղը նա կգա: Խոստացավ կոշիկ բերել: Հետաքրքիր է՝ ի՞նչ գույնի: Հանկարծ հայրը չջղայնանա՞: Որ հարցնի՝ որտեղի՞ց: Կասի՝ Վրեժն է առել: Իսկ եթե շարունակի հարցուփո՞րձը, ասի՝ ո՞ր Վրեժը: Ինչպե՞ս բացատրի: Կհավատան, թե՞ կասեն՝ փչում է, հեքիաթ մոգոնում: Ինչու միայն հեքիաթներու՞մ են բարի հսկաներ լինում:
Մերուժանի համաչափ շնչառությունը թմբիր էր բերում, Արայի ֆսֆսոցը թմբիր էր բերում, նույնը՝ շների հեռավոր հաչոցը, լուսամուտի գոգին ընկած լուսնյակի շողքը, բարդիների մեղմ խշշյունը, մեղվանոցի թույլ, հազիվ ընկալելի հոտը, պատից այն կողմ որոճող կովը, աչքերը խուփ՝ թառին ճոճվող հավերը, ոտքերի տակ մրափող թավամազ կատուն, օրվա տպավորությունները, հայրը, Տաճատը, Վրեժը, հեքիաթի հսկան, մանուկները, կոմբայնավարները, ամենքը, ամեն ինչ, ամեն ինչ, ամեն ինչ…
Եվ Թորոսը քնեց:

Արամ Հովհաննիսյան, «Խլրտուն հող» շարքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Դավիթ Գյուլզադյան says:

    Արամ ջան, վաղո՜ւց այսպիսի բավականություն չէի ստացել։ Կարդալուց հետո, քո արտահայտությամբ, անելին եղավ…
    Եթե կարելի է այսպես ասել՝ ճեպընթաց պատմվածք էր, որ կայարան մտնելուց առաջ է միայն դանդաղում՝ կայանելու այնտեղ՝ ընթերցողի հոգում։ Մտքերդ ճիշտ և ճիշտ միայն իրե՛նց հատուկ շարահյուսական տիրույթում են, մտքեր ձևավորող հասկացությունները՝ միայն գտնվա՛ծ բառապատյաններում։
    Շնորհակալություն, եղբա՛յր։ Արժեր, որ գրականության դասգիրք մտներ այս գործը։

  2. Ռուբեն says:

    Խորքային բովանդակությամբ պատմվածք է: Հսկայի այգու մասին հեքիաթը կարդացել եմ շատ շուտ, բայց միշտ պտտվել է մտքիս մեջ: Այդ կատարյալ հեքիաթը հեղինակը վարպետորեն տեղադրել է այս պատմվածքի սյուժեյում, այն միահյուսելով ժլատ Տաճատի ցայտուն խառնվածքին և հետապնդվող Թորոսի սրտի բաբախումներին: Պատմվածքում հրաշալի է ընթանում վախի, ամոթի, ափսոսանքի, բարության, հիացմունքի, ընդվզման, մարդկային հարաբերությունների, ընտանիքի, բնության նկարագրությունների հերթափոխումները: Ամեն ինչ շատ պատկերավոր էր, կարծես կարճամետրաժ հրաշալի ֆիլմ էի դիտում:
    Արամ Հովհաննիսյանին ցանկանում եմ ստեղծագործական նմանատիպ լուսավոր նոր բռնկումներ:

  3. Արամ Հովհաննիսյան says:

    Դավիթ, Ռուբեն, շնորհակալ եմ գնահատանքի համար…

  4. Հարգելի Արամ, գնահատում եմ պատմվածքի արժանիքները՝ կերպարների ու միջավայրի բնական, պատկերավոր, ճշգրիտ, առանց ավելորդաբանությունների նկարագրություն: Թորոսը հենց սկզբից շահեց իմ համակրանքը և ես տագնապով էի ընթերցում. որևէ վատ բան չպատահի՞ այս զգայուն տղային: Բարի ավարտը ինձ գոհացրեց: Ուրախ եմ այս հանդիպման համար:

  5. Արամ Հովհաննիսյան says:

    Մեծարգո Սարգսյան, աններելի ուշացումով և պատահաբար նկատեցի Ձեր գրառումը: Զգացված եմ խորապես և նմանապես ուրախ հանդիպման համար:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930