Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՀ մարզային կենտրոնները՝ երիտասարդական խնդիրների արագ արձագանքման ջոկատներ

Սեպտեմբեր 18,2014 16:55

2011 թվականից բոլոր 10 մարզկենտրոններում գործում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մարզային կենտրոնները։

Երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների համակարգող Հայկ Մամիջանյանը նկատում է, որ հիմնադրամն իր գործունեության ընթացքում որդեգրել է համաչափ զարգացման քաղաքականությունը և փորձում է երիտասարդական բոլոր տեսակի միջոցառումները՝ սոցիալական, կրթական, մշակութային և այլն, իրականացնել նաև ՀՀ մարզերում։ «Ընդ որում, մարզային ծրագրերը կազմակերպվում են ոչ թե քաղաքաբնակ ակտիվիստների, այլ հենց մարզաբնակ երիտասարդների կողմից, ովքեր ընտրել են ակտիվ քաղաքացու կեցվածքը, ովքեր համարում են, որ կարող են ապահովել թե′ իրենց կայուն զարգացումը, թե′ մրցունակ կրթության իրավունքը, թե′ ազատ ժամանցն իրենց ծննդավայրում։ Այսպիսով՝ մենք փորձել ենք մարզային երիտասարդական կենտրոնների հիմնմամբ և ծրագրերի որոշակի ֆինանսավորմամբ աշխուժացնել մարզային երիտասարդական կյանքը հենց մարզաբնակ երիտասարդների միջոցով։ Ընդ որում, ծրագրեր իրականացվում են ոչ միայն մարզկենտրոններում, այլև տարբեր համայնքներում, սահմանամերձ գյուղերում»,- ասում է Հայկ Մամիջանյանը։

ՀԵՀ մարզային կենտրոնների համակարգողը նշում է, որ կենտրոններն ակտիվորեն համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների, մարզային ՀԿ-ների հետ. «Մարզային կենտրոնները երիտասարդական խնդիրների արագ արձագանքման ջոկատներ են։ Մարզային շատ խնդիրներ ու նրանց լուծումներ Երևանից այնքան էլ տեսանելի չեն։ Ուստի տեղերում գործող մեր կառույցների աշխատակիցները, կամավորներն ավելի արագ են վեր հանում դրանք ու ավելի արդյունավետ լուծումներ առաջարկում»։

Հայկ Մամիջանյանը տեղեկացնում է, որ յուրաքանչյուր մարզային կենտրոն ունի մեկ միլիոն դրամի միայն ծրագրային բյուջե, որը հատկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից։ Բացի այդ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը յուրաքանչյուր մարզում հոգում է նաև բավականին մեծ և տեխնիկապես հագեցած կենտրոնների պահպանման ծախսերը։ Բոլոր մարզային երիտասարդական կենտրոնների տեխնիկական, գույքային և տարածքային ռեսուրսները տրամադրվում են տեղի հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին և երիտասարդներին՝ տարատեսակ միջոցառումների իրականացման համար։

ՀԵՀ մարզային կենտրոնների համակարգողը նկատում է նաև, որ մարզային երիտասարդական կյանքը զիջում է Երևանին թերևս միայն մասշտաբայնությամբ։ Միջոցառումների որակը և նորարարական մոտեցումները ոչնչով չեն տարբերվում մայրաքաղաքայինից. «Որոշ պարագաներում մարզային կենտրոնների գործունեությունը նաև կանխում է երիտասարդների շարժը դեպի Երևան։ Երիտասարդական ծրագրերի շնորհիվ շատ դեպքերում երիտասարդները, գիտակցելով, որ իրենց համայնքում կարող են օգտակար լինել, ձեռնպահ են մնում մայրաքաղաք տեղափոխվել և ավելի ակտիվ են դառնում իրենց համայնքներում»։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930