Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ Շուշան Պետրոսյանի նախաձեռնության արձագանքի մասին

Սեպտեմբեր 18,2014 17:18

Օրերս ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը պաշտպանության նախարարին առաջարկեց, որ դպրոցների, կրթօջախների նորոգման, կահավորման նախադեպն օգտագործել բանակի համար եւ գործարարների, բարերարների միջոցով կահավորել հենակետերը, զինվորի պայմանները բարելավել. «Թող ցուցանակներն էլ վկայեն, թե ում շնորհիվ են բարելավել զինվորի ծառայության պայմանները»:

Նախարարն ասաց, որ անկասկած, դրա կարիքը կա. «Հատկապես տեխնիկական հարցերը, ինժեներական հարցերը, մարտական հերթապահության հարցերը թողնել ՊՆ-ի վրա, ուժերը սեւեռել նախարարությանը, զինվորին բարոյապես աջակցելու, պատմամշակութային միջոցառումներ իրականացնելու եւ ամենակարեւորը՝ սոցիալական խնդիրներով աջակցելու բանակին»:

Այսօր Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե այս 1 շաբաթվա ընթացքում պատգմավորներից որեւէ մեկն արձագանքե՞լ է Ձեր կոչին, գումար հավաքե՞լ է կամ ինչ-որ բանով օգնե՞լ է բանակին:

Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ ԱԺ-ում Շուշան Պետրոսյանի հարցին պատասխանելիս էլ ասել է, որ ՀՀ ԶՈՒ-ն առաջին գծի ամրապնդման բոլոր միջոցառումները, կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներն իրականացնում է. «Ես ասացի, որ նրանք կարող են ոչ թե մարտական խնդիրներում, այլ մշակութային եւ սոցիալական տարբեր խնդիրների շրջանակում աջակցություն ցուցաբերեն: Այդպիսի պատրաստակամություն հնչել է նաեւ այլ կառույցներում, բուհերում: Երեւի թե նրանք հիմա աշխատում են: Այս շաբաթվա ընթացքում ես կապ չեմ ունեցել: Նաեւ տեղեկացնեմ, որ հուլիս-օգոստոսյան այդ իրադարձությունների շրջանում շատ-շատ բարերարներ աջակցել են ե՛ւ բանակին, ե՛ւ ստորաբաժանումներին, եւ հատկապես զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին: Նրանց ես իմ երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930