Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվածների հարազատները հորդորել են Սեյրան Օհանյանին չլացել իրենց որդու հուղարկավորությանը

Սեպտեմբեր 18,2014 18:04

Այսօր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսեց բանակի այսօրվա կարողությունների մասին, խելացի մարտավարության եւ զինվորների անձնուրաց գործողությունների մասին: Նա կոչ արեց այսօրվա հերոսներին չմոռանալ, ասաց, որ պետք է ուշադիր լինել նրանց հարազատների նկատմամբ. «Այսօրվա իրավիճակում բանակի ղեկավարությունը, իհարկե, ուրախանում է: Բայց մենք չենք ուզում դափնիները մեր ուսերի վրա ման գանք: Յուրաքանչյուր բանակի հրամանատար սառնասրտորեն է մոտենում՝ հետագա որոշումների ընդունման համար: Մեծանում է պատասխանատվությունը: Նույնիսկ մեր զոհված ընկերները զրկում են մեզ սխալվելու իրավունքից»:

Խոսելով հուլիս-օգոստոս ամիսների իրադարձությունների մասին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ ՀՀ ԶՈՒ-ն եւ ԼՂՀ պաշտպանության բանակը ստիպված եղավ իրականացնել պատժիչ գործողություններ, որ հակառակորդը դադարեցնի այն անիմաստ քայլերը, որոնք բերում են կյանքի կորուստների. «Չնայած մենք կորուստներ ունեցանք, մեր տղաները հերոսացան»:

Նախարարը պատմեց, որ երբ իրենք գնացել են զոհվածների հուղարկավորությանը մասնակցելու, շատ ծնողներ հորդորել են հանկարծ չլացել իրենց որդու թաղմանը. «Արգելեցին լացել՝ հուղարկավորության ժամանակ: Ասում էին՝ սա մեզ համար ոչ թե ողբերգություն է, այլ հերոսություն է: Մենք ոչ թե կորցրեցինք մեր զավակներին, այլ գտանք այն իրական հերոսներին, ովքեր փրկեցին մեր ազգի արժանապատվությունը, բարձր պահեցին մեր ժողովրդի պատիվը, բարձր պահեցին մեր բանակի մարտական ոգին, նաեւ այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ քաղաքական-հասարակական շատ շատ ուժեր մի կողմ դնելով իրենց հայացքները, համախմբվեցին բանակի շուրջը: Ինչպես ընդունված է մեր ամբողջ պատմության մեջ, վտանգի պահին մենք միասնական ենք, նրանք համախմբվեցին բանակի շուրջը, աջակցություն ցույց տվեցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930