Լրահոս
Օրվա լրահոսը

«Էյր Ֆրանսի» գործադուլից ե’ւ ընկերությունն է ֆինանսական վնասներ կրում ե’ւ ուղեւորները

Սեպտեմբեր 18,2014 18:27

«Էյր Ֆրանս» ավիաընկերության օդաչուների գործադուլի պատճառով այս օրերին մի շարք չվերթներ չեղյալ են հայտարարվել: Ուղեւորները տոմսերը ձեռքներին չգիտեն, կթռչե՞ն թե ոչ: Այսօր Aravot.am-ին ահազանգել էին Գյումրիի բնակիչներից` դժգոհելով, որ գնացել են օդանավակայան հարազատներին դիմավորելու եւ պարզել, որ ինքնաթիռը անհայտ պատճառներով չի ժամանելու: Նրանց խոսքերով, շատ գյումրեցիներ են օգտվում այս ավիաընկերության ծառայություններից, քանի որ գյումրեցի գրեթե ամեն երկրորդ ընտանիք արտերկրում հարազատներ ունի:

Aravot.am-ի հարցին ի պատասխան «Էյր Ֆրանս» ավիաընկերության հայաստանյան գրասենյակից հայտնեցին, որ այսօրվա չվերթը դեպի Փարիզ կայանալու է, սակայն չգիտեն վաղվա չվերթների ճակատագիրը: Տեղեկանալու համար չվերթը տեղի կունենա թե ոչ, ուղեւորները պետք է տվյալ օրը դիմեն ավիաընկերության գրասենյակ: Նույն պատասխանը ստացանք նաեւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի տեղեկատուից:
Նշենք, որ, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, «Էյր Ֆրանս» ավիաընկերության օդաչուների հիմնական դժգոհությունը կապված է այս ամռանն ընդունված «Պերֆորմ 2020» ծրագրի հետ, որը նախատեսում է օդաչուների մեծ խմբի տեղափոխում տարածքային դուստր ընկերություններ: Բացի այդ, օդաչուները նաեւ աշխատավարձի փոփոխությունից են դժգոհում` մտավախություն ունենալով այն կնվազի` եթե տեղափոխվեն այլ տարածքներ:

Ըստ որոշ հաշվարկների, գործադուլի յուրաքանչյուր օր ընկերության համար կարժենա 10-15 մլն եվրո, քանի որ գործադուլ են դուրս եկել ընկերության օդաչուների 50 տոկոսից ավելին:

«Էյր Ֆրանսի» օդաչուների գործադուլից վնասներ են կրում նաեւ ուղեւորները, որոնք, Aravot.am-ին ահազանգած գյումրեցիների խոսքերով, «հազար ու մի պայմանավորվածություններ ու գործեր ունեն»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930