Լրահոս
Օրվա լրահոսը

Հին ընկերների երգի ու Գագիկ Հարությունյանի նախագահ դառնալու մասին

Սեպտեմբեր 19,2014 12:30

Լեւոն Բարսեղյանը մտածում է՝ Արմեն Ռուստամյանը
խղճի խայթ է զգում Հրայր Թովմասյանին ասածների համար

Սեպտեմբերի 17-ին կայացած քառյակի նիստի ավարտից հետո, որտեղ քննարկվել է համատեղ հանրահավաքի անցկացման օրը, վայրը, որոշվել օրակարգն ու բովանդակությունը, իրենց մարզային այցերը, պարզվեց, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու սեպտեմբերի 18-ի հանրահավաքին, ինչպես նաեւ մարզային հանդիպումներ շարքին, ունենալով տարաձայնություններ՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված: «Առավոտի» հետ զրույցում ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հետեւյալն ասաց. «Քառյակից դուրս գալը- մտնելը էական չէ, իսկապես կարող է հակասություններ լինել, բայց ես գտնում եմ, որ կարեւորն այն է, որ ՀՅԴ-ն կարեւորեց ապօրինաբար իշխանությունը զավթած ռեժիմի մարդկանց հետ նստել՝ սահմանադրական փոփոխություններ մշակել: Թե ինչ հետեւանքներ կունենա սա, քառյակը կդառնա եռյակ, թե ոչ՝ չգիտեմ, բայց ավելի վտանգավոր է այն, որ ՀՅԴ-ն իր այս քայլով ճանաչում է Սերժ Սարգսյանի օրինականությունը կամ՝ իրավունակությունը սահմանադրական փոփոխություններ կատարելու:

Ինքը փորձում է մեկնաբանել, որ Սահմանադրությունը կարելի է վերամշակել, ինչը ոչ մեկը չի վիճարկում, քանի որ իդեալական փաստաթղթեր չկան, բայց հարցն այն է, թե ով է դա առաջ քաշում, կամ՝ ում հետ ես դու սեղան նստում: Եթե մի քիչ էլ խորանանք, պիտի հիշենք, որ Արմեն Ռուստամյանը երեւի խղճի խայթ ունի Հրայր Թովմասյանին ասածների հետ կապված ու հիմա ուզում է նստել նրա կողքին ու լրամշակել մի փաստաթուղթ, մանավանդ, որի մշակող-գրողներից մեկը եղել է Հրայր Թովմասյանը տասը, տասներկու տարի առաջ ու այն ժամանակ Հրայր Թովմասյանն ու իր գործընկերներն ասում էին, թե սա է լավագույնը, ինչ ունենք: Իսկ հիմա այդ հինը ոտնատակ են տալիս: Մի խոսքով՝ Ռուբեն Հախվերդյանի «Հին ընկերներ» երգը շատ լավ է գալիս էս օրվա օրը, ու այն կարելի է համարել օրվա երգ»:

Մեկ այլ հարցի հետ կապված էլ՝ լուրեր կան, որ 2018 թվականի նախագահական ընտրությունների համար պատրաստում են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, քանի որ հենց այդ թվականին լրանում է նրա 70-ամյակն ու վերջինին չեն ուզում անգործ թողնել, չմոռանանք նաեւ, որ 1998 թվականին, երբ դեռ պարզ չէր Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը ընտրություններին՝ նա չհամաձայնեց դառնալ ՀՀ նախագահ, արդյոք սա հավանակա՞ն վարկած է, Լեւոն Բարսեղյանն ասաց. «Սեպտեմբերի երեքից առաջ մենք գիտեինք, որ իշխանությունն ամեն ինչ կարող է անել ուժով իշխանությունը պահելու համար, կարող է կրակել ցուցարարների վրա, կաշառել, կեղծել: Սեպտեմբերի երեքին մենք իմացանք, որ իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ընդունակ է ամեն ինչի, ես չեմ զարմանա, որ նա իր պաշտոնյաներին հրամայի մասնակցել մոդայի ցուցադրության կամ լինել Փարիզի չգիտեմ ինչ տներում, ամենատարօրինակ բաները այս իշխանություններից՝ սպասելի են: Գուցե այդպես վարվեն, բայց մինչ այդ շրջանառվել են տասնյակ անուններ: Նրան հաստատ առանց պաշտոն չեն թողնի, մի բան կմոգոնեն նրա համար, ինչպես արվեց Աղվան Հովսեփյանի պարագայում: Դա նրանց համար հարց չէ, պարզապես, այս սահմանադրական փոփոխությունների խաղերի հետ մեկտեղ՝ տարբեր անուններ են մեյդան գցում, փորձելով ստուգել արձագանքները, շոշափել, թե ինչ է կատարվում, չնայած այնպես էլ չի, որ իրենց հետաքրքրում է հասարակական կարծիքը, բայց դե չեն էլ ուզենա, որ հաջորդը լինի ասել-խոսելու առարկա»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930