Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Եթե պատանիների ու երիտասարդների մոտ արդյունք չեղավ, մեծերի մոտ հաջողություն չի լինի»

Սեպտեմբեր 19,2014 13:30

Երեկ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հրավիրել էր մի քանի լրատվամիջոցների մարզական լրագրողների:

Շնորհավորելով Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությունում մեր հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի հաջողության, Արսեն Ջուլֆալակյանի եւ Արթուր Ալեքսանյանի՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսները նվաճելու առիթով՝ պարոն Ռոստոմյանն ընդգծեց, որ դա իրական այն պատկերն է, որն արտացոլում է հայկական սպորտի առաջընթացը: «Հաղթանակները թեեւ հենց այնպես չեն տրվում, բայց շարունակվում են: Նանկինից հետո մեր մեծահասակները շարունակեցին այդ ավանդույթները: Դա նախարարության, ՀԱՕԿ-ի եւ ֆեդերացիաների՝ որպես մեկ օրգանիզմ, համագործակցված աշխատանքի արդյունքն է»,- ասաց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը:

Հրաչյա Ռոստոմյանը առանձին-առանձին անդրադարձավ դասական ըմբշամարտի օլիմպիական քաշերում հանդես եկած մարզիկների մասնակցությանը, գնահատեց յուրաքանչյուրի մասնակցությունը, որից հետո անդրադարձավ ձախողված ազատ ոճայիններին:

«Այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք: Կարդացել եմ գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հարցազրույցներից մեկը, որում նա ասում է, թե ամբողջ մեղավորությունն իրենն է: Բայց ես այդպես չեմ մտածում: Սպորտը համակարգված աշխատանք է, եւ չի կարող այնպես լինել, որ պատանեկան ու երիտասարդական տարիքային հավաքականներում արդյունքներ չունենալով՝ հաջողություններ արձանագրենք մեծահասակների մոտ: Ես բազմիցս եմ արծարծել այդ խնդիրը եւ վստահ եմ, որ ըմբշամարտի ֆեդերացիան անհրաժեշտ հետեւություններ կանի: Եթե Եվրոպայի, աշխարհի առաջնություններում մեր մարզիկները ութնյակ չեն մտնում, մեդալներին չեն մոտենում, ինչպե՞ս կարող ենք մեծահասակների մոտ բարձր արդյունքներ ակնկալել: Հակառակը կարող է պատահել: Մեր պատանի եւ երիտասարդ ազատ ոճայիններն այս տարի ոչ մի մեդալ չեն նվաճել՝ զրոյական արդյունք է: Ես վատ գնահատական եմ տալիս տեղերում մարզիչների աշխատանքին: Պետք է տեղերում մեծ ու լուրջ աշխատանք կատարվի եւ մասնագիտական մոտեցում ցուցաբերվի: Այս հարցում օլիմպիական կոմիտեի ու ֆեդերացիայի դերակատարությունն այնքան մեծ չէ, որքան նախարարությանը: Սպորտի պետական կառույցի գործունեությունը պետք է խստացնել: Դուք գիտեք, թե ինչ է կատարվում մարզադպրոցներում: Մարզադպրոցների մոտ 80 տոկոսը նախարարության ենթակայությունից դուրս է, եւ այստեղ է թաքնված մեծահասակների մեջ եղած խնդիրների հիմքը: Համակարգը բավարար չի: Մեր մարզական միություններն էլ իրենց իրական հնարավորությունների չափով չեն աշխատում: Նայեք, թե ինչ խնդիրներ ենք ունենում ազատ ոճի հանրապետության առաջնություններում: Իմ կարծիքով՝ մենք աշխատանքները երկու ուղղությամբ պետք է տանենք. կարճաժամկետ եւ երկարաժամկետ աշխատանքներ: Եվ որքան արագ, այնքան լավ, քանի որ այդ օրը, միեւնույն է, գալու է: Երկարաժամկետ ծրագրով անհրաժեշտ է այսօրվանից տեղերում պատանի մարզիկների եւ մարզիչների հարցերը կարգավորել, մասնագետներին ձգել, աշխատանքներն ավելի համակարգված դարձնել: Կարճաժամկետ ծրագրով՝ ինչո՞ւ չէ, նաեւ դիմել դրսից մարզիկներ բերելու քայլին»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Հարցին, թե դրսից հավաքականի մարզիչ հրավիրելու թեման չի՞ քննարկվում, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը պատասխանեց. «Կրկնում եմ՝ խնդիրը մարզադպրոցներում մարզիչների՝ իրենց աշխատանքի նկատմամբ ոչ լիարժեք մոտեցման մեջ է: Մենք հատկապես հավաքականների մակարդակում մասնագետի խնդիր չունենք: Այ, մարզադպրոցներում մարզիչները մի քանի տեղ են ձեւակերպված՝ համայնքային դպրոցում, նախարարության դպրոցում, մարզական կազմակերպություններում: Պետք է ինչ-որ ձեւով այդ խնդիրը լուծել: Արդեն նոր մարզական կազմակերպություն ստեղծելու գաղափար կա ու մտել է շրջանառության մեջ: ՀԱՕԿ-ը մարզական նոր կազմակերպություն կամ միություն ստեղծելու մասին է մտածում, որը կմիավորի բոլոր մարզադպրոցները: Գաղափարը դեռ սաղմնային վիճակում է, բայց սկսել ենք այդ ուղղությամբ լուրջ մտածել»:

Հրաչյա Ռոստոմյանը անդրադարձավ նաեւ մարզաշխարհի այլ խնդիրների: Դրանց մասին կարդացեք Aravot.am կայքում:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930