Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարվենք նաեւ «ուժային» բառից

Սեպտեմբեր 19,2014 10:05

Երբ Ալեքսանդր Կորժակովը Բորիս Ելցինի թիկնազորի պետն էր, նա զբաղվում էր բազմաթիվ կադրային, քաղաքական եւ հատկապես տնտեսական (սեփականության) հարցերով: Լրագրողներից մեկն այն ժամանակ նրան հարցրել էր՝ դուք թիկնապահ եք, ի՞նչ գործ ունեք այդ ամենի հետ: Կորժակովն էլ պատասխանել էր, որ նա թիկնապահ չէ, նա նախագահի անվտանգության վարչության պետն է, իսկ երկրի քաղաքական եւ տնտեսական խնդիրները մտնում են նախագահի, որպես ինստիտուտի, պահպանության համակարգի մեջ:

Հետխորհրդային երկրների կայացման որոշակի փուլում «ուժայինների» իրավասությունները դուրս են գալիս զուտ իրենց պաշտոնական շրջանակներից եւ մտնում են այլ՝ իրենց ոչ հատուկ ոլորտներ: Չգիտեմ՝ դրանից հնարավոր է խուսափել, թե ոչ, բայց որքան շուտ է հաղթահարվում այդ շրջանը, այնքան լավ: Մեզանում էլ, եթե հիշում եք, ոչ թե պաշտպանության նախարարություն էր, այլ «սպարապետություն»: Իսկ «սպարապետ» ոչ այդքան արդիական բառը, որն օգտագործվում է առ այսօր, դարձյալ «հայդուկա-ֆիդայական» բառապաշարից է:

Չնսեմացնելով Վազգեն Սարգսյանի հսկայական ավանդը, հերոսությունը Արցախյան պատերազմում ձեռք բերած մեր հաղթանակներում՝ հիշեցնեմ, որ նրան տրված կամ գուցե նրա «նվաճած» գերլիազորությունների պատճառով նա առնվազն երկու անգամ՝ 1996 եւ 98 թվականներին, «լուծել է իշխանության հարցը»: Մինչդեռ այդ հարցը պետք է լուծեն ընտրողները, ինչը Հայաստանում առայսօր չի ստացվում:

Այս առումով շատ բան մեզանում հաղթահարված է՝ հասարակական կարգի պահապաններն ու հանցագործությունների դեմ պայքարողներն այժմ աշխատում են ոստիկանությունում, ոչ՝ ներքին գործերի նախարարությունում, ոստիկանապետն էլ պաշտոնապես քաղաքական թիմի անդամ չէ: Պաշտպանության նախարարությունը ղեկավարում է պրոֆեսիոնալ, որը կենտրոնացած է պետության ամենակարեւոր խնդիրներից մեկի՝ մեր սահմանների պաշտպանության վրա, եւ ներքաղաքական թեմաներին չի անդրադառնում:

Մնում է ոստիկանությունը նույնպես վերջնականապես ապաքաղաքականացվի: Այդ գերատեսչության համար որեւէ նշանակություն չպիտի ունենա՝ ովքեր են հանրահավաք կամ ցույց անում՝ իշխանությունը, ընդդիմությունը, դեմոկրատները, կոմունիստները, ֆաշիստները, հայրենասերները, հայրենադավները եւ այլն: Ոստիկանության գործառույթն է ապահովել մարդկանց անվտանգությունը, իրավունքները՝ լինի դա քաղաքական միջոցառում, ֆուտբոլ, թե, ասենք, Արմենչիկի համերգ:

Եվ ժամանակն է, որ մենք հրաժարվենք հետխորհրդային եւս մի հնաբանությունից՝ «ուժային կառույցներ»: Այդ բառը կարծես ուժի անսահմանափակ կիրառում է նախատեսում: Մինչդեռ ուժի կիրառումը պետք է սահմանափակվի: Օրենքով՝ իհարկե:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Garegin says:

    Պարոն Աբրահամյան համամիտ եմ, որ նույնիսկ ուժի կիրառումը պետք է օրենքի շրջանակներում լինի, սակայն օրենքի կիրառումն էլ պետք է իրավաչափության մեջ լինի, այսինքն կատարվող օրինախախտումն ու հակազդման միջոցները պետք է ոչ միայն օրինական լինեն, այլև համարժեք: Մի դեպքում մարզերում, այդ թվում նաև Տավուշում ՎՊ-ի կողմից բազմաթիվ օրինախախտումներ են արձանագրվում, մսխվածխ և փոշիացված գումարների վերաբերյալ, արդյունքում քար-ուքանդ եղեծ տնտեսություն, սահմանամերձ գոտու հուսահատված և արտագաղթի ճանապարհը բռնած բնակիչներ և այլն, որտեղ սակայն, չգիտես ինչու ոստիկանությունը ոչինչ չի անում և այդ անգործության համար որևէ մեկը պատասխան չի տալիս, իսկ ցույցի ժամանակ ամբողջ համակարգով հարձակվում են ցուցարարների վրա, որովհետև դա կարող է հարցականի տակ դնել ոչ թե ժողովրդի, այլ իրենց ՛՛տերերի՛՛ անխոչընդոտ գործելու իրավունքը:

  2. alfred says:

    Ամեն դեպքում ավելի լավ է ոստիկանները ավելի խիստ լինեն քան թէ թույլ,ես չեմ պատկերացնում մի քաղաքակիրթ երկիր, որտեղ ոստիկանի վրա զենք պահեն (թեկուզ խաղալիք) եվ զենք պահողր ամենաքիչը ողջ մնա:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930