Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԽՈՍՔ ԵՎ ԳՈՐԾ

Սեպտեմբեր 19,2014 12:18

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ տասնյոթերորդ

ԽՈՍՔ ԵՎ ԳՈՐԾ

Եվ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն մեկն իրա ունեցածի չափով ա ողորմություն տալիս», եւ ես ժպտալով իրեն ասացի՝ «էրկու կոպեկ փող ես աշխատում, քեզ մեծահարուստի տեղ ես դրել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ստացածիս համեմատ տվածս շատ քիչ ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դու ավելի շատ ես տալիս, քան՝ մեծահարուստները», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ինձնից քիչ ունեցող մարդ գիտեմ, որ ինձնից շատ ա տալիս», եւ ես մի քիչ մտածեցի ու զարմացած ասացի՝ «էդ հնարավոր բան չի», եւ Հավատացյալը ժպտալով ասաց՝ «լավ էլ հնարավոր ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ մարդը կա ու մեր կողքին ապրում ա», եւ ես հարցրի՝ «ես էդ մարդուն ճանաչո՞ւմ եմ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դժվար թե ճանաչես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը հասարակ պարկետչիկ ա», եւ ես մի քիչ մտածեցի ու զարմացած հարցրի՝ «պարկետչիկը ո՞նց կարա քեզնից քիչ փող ունենա», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ խաբում եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ուղղակի մի քիչ անհավատալի ա, որ պարկետչիկն ինձնից ու քեզնից հարուստ չըլնի», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինքը հոգով ա ինձնից ու մյուսներից հարուստ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հազարից մեկ ա ձեռը գործ ընկնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց գետնի տակից էլ ըլնի, մուրացկանների համար փող ճարում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ իրա հավատը մերինից մեծ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինքը Տիրոջն ավելի ա հավատում, քան՝ մյուսներս», եւ ես զարմացած հարցրի՝ «քեզնից էլ ա՞ ավելի հավատում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «քեզնից ավելի հավատացյալ ամբողջ աշխարհում դժվար թե գտնվի», եւ Հավատացյալը վրդովված ինձ ասաց՝ ամբողջ աշխարհին հանգիստ թող», եւ ես արդարանալով ասացի՝ «ես քեզնից ավելի հավատացյալ մարդ նույնիսկ հոգեւորականների մեջ չեմ տեսել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հոգուդ մեղք ես անում» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտելով ավելացրեց՝ «ինձ հաճոյանալու համար բոլորին վիրավորում ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ շահ ունեմ քեզ հաճոյանալու», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ», եւ ես հարցրի՝ «բայց ո՞ւմ եմ վիրավորել», եւ Հավատացյալը պատասխանեց ու ասաց՝ «ամբողջ աշխարհի հավատացյալներին ու հոգեւորականներին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Վարդգեսին էլ ներառյալ», եւ ես զարմացած հարցրի՝ «Վարդգեսն ո՞վ ա», եւ Հավատացյալը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «պարկետչիկը», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ պարկետչիկին վաբշե չեմ ճանաչում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «իրան չես ճանաչում, դրա համար էլ իրա մասին էդ տոնով ես խոսում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ տոնով եմ խոսում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «արհամարհական», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «արհամարհական ի՞նչ եմ ասել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարկետչիկ ես ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էդ մարդուն ընդհանրապես չեմ ճանաչում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չես ճանաչում, բայց իրա մասին արհամարհական ես արտահայտվում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «էդ պարկետչիկ բառը նկատի ունե՞ս», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թեկուզ», եւ ես արդարանալով Խորենին ասացի՝ «էդ պարկետչիկ բառն առաջինը դու ասեցիր», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու ասաց՝ «կարեւորը բառը չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարեւորը ինտոնացիան ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարեւորը ասելու ձեւն ու հնչերանգն են» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «եթե Վարդգեսին մոտիկից ճանաչեիր, կհասկանայիր, որ ինքը քեզնից, ինձնից ու բոլորից ավելի հավատացյալ ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ինձնից չեմ էլ կասկածում, բայց դժվար թե քեզնից ավելի հավատացյալ ըլնի», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հենց մենակ էն փաստը, որ ինքը ֆինանսապես ինձնից ավելի լավ վիճակում չի, բայց ինձնից շատ ա մուրացկաններին ողորմություն բաժանում, էդ արդեն լիարժեք ապացույց ա», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «մուրացկաններին ողորմություն տալն էդքան կարեւոր ա՞», եւ Հավատացյալը պատասխանեց ու ասաց՝ «շատ կարեւոր ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ չունեւոր մարդու տված ողորմությունն ա շատ կարեւոր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «վերջերս եմ հասկացել, որ ճշմարիտ ու իրական հավատքը գործողություն ու արարք ա, ոչ թե՝ բառ ու խոսք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դու միշտ էլ մարդկանց գործերին ես կարեւորություն տվել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հատկապես վերջերս եմ էդ բանը լավ հասկացել», եւ ես հարցրի՝ «ո՞ր բանը», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ավելի շատ մարդու արածները պիտի հաշվի առնես, քան՝ ասածները» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «միտինգների վախտ որոշ մարդիկ շատ ուժեղ ու տպավորիչ ճառեր էին ասում, բայց հենց իշխանության էկան, հարուր ութանասուն աստիճանով փոխվեցին ու անճանաչելի դարձան» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «միտինգների վախտ ուրիշ բաներ էին ասում, հիմա լրիվ ուրիշ բաներ են անում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իհարկե, էս ասածս ոչ բոլորին ա վերաբերում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Վանոն, օրինակ, նույն Վանոն ա մնացել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ նույնն ա մնացել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «զգում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստեր էլ ունեմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ փաստեր ունես», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մտածում եմ՝ ասե՞մ, թե՞ չասեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «եթե գաղտնիք ա՝ կարաս չասես», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գաղտնիք չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով պատմեց՝ «մի քանի օր առաջ Սայաթ-Նովայի խաչմերուկն անցնում էի, որ մտնեմ սբ. Աստվածածին, ու որ խաչմերուկն անցնում էի, մեկ էլ հանկարծ մի հատ արտասահմանյան ավտոմեքենա կողքովս անցավ ու ռեզկի տոռմուզ տվեց» եւ Խորենը մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեկ էլ տենամ՝ ռույլին Վանոն ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930