Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է այնպես անենք, որ «Նաիրիտի» պարտքերը չխանգարեն վերագործարկմանը». (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2014 19:42

Այսօր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում քննարկվեց «Նաիրիտ» գործարանի ճակատագիրը, սակայն քննարկումն, ըստ էության, ոչ մի նոր բան չտվեց, հիմնականում հնչեցին կարծիքներ ու մտահոգություններ, որոնք նախկինում էլ տարբեր հարթակներից հնչեցվել են: Նշենք, որ քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, գործարանի ներկայացուցիչներ:

IMG_6114

Քննարկման սկզբում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրեց, թե ներկայումս ինչ վիճակ է գործարանում: Ըստ այդմ` ընկերությունում ձեւակերպված է եւ աշխատում է 2267 մարդ, որից 425-ը՝ ղեկավար կազմում, մասնագետները՝ 361, եւ մնացածը բանվորներն են, հարկադիր պարապուրդում՝ 1365 մարդ: Գործարանի ապառքը կազմում է 102 միլիարդ դրամ, որից Միջպետական բանկի պարտքը՝ 63 միլիարդ 45 միլիոն դրամ է, բյուջեին՝ 8 միլիարդ:

Նախարարի ներկայացմամբ՝ վերջին 4 ամսում «Նաիրիտում» ներդրումային լուրջ առաջարկ չի եղել: Օգոստոս ամսին «Ռոսնեֆտ» ընկերությունն է հետաքրքրվել գործարանով:

Նախարարն ասաց, որ «Նաիրիտի» խնդրով անհանգստացած է ՀՀ նախագահը: Երվանդ Զախարյանի ներկայացմամբ` գործարանը պահպանվել է նաեւ էներգետիկայի համակարգի ձեռնարկությունների հաշվին`այդ ընկերություններին էլ դնելով ծանր վիճակում:

Գործարանի նոր տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը վստահեցրեց, որ գործարանն այսօր կարող է աշխատել երկու եղանակով էլ՝ եւ բութադիենային, եւ ացետիլենային եղանակով, եթե լինեն համապատասխան ներդրումներ: Զախարյանն էլ ավելացրեց, որ նախկինում «Իտեռա» եւ «Ռոսնեֆտ» ընկերությունները հետաքրքրվել են, բայց վերջին ամիսներին ինչ ներկայացվել է, եղել են տեխնիկական եւ տեխնոլոգիական հիմնավորումներ, բայց ներդրումային առաջարկներ չեն եղել:

Քննարկման ժամանակ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ գործարանը հայտնվել է նման վիճակում, արդյոք վատ մենեջմենթն էր պատճառը: Այս հարցին պատասխան չհնչեց, ապա «Ժառանգություն» խմբակցության ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ հետաքրքրվեց, թե, ի վերջո ո՞վ է գործարանի սեփականատերը, ինչին եւս որեւէ հստակ պատասխան չտրվեց, միայն նախարարը հիշեցրեց, որ մոտ 10% բաժնետերը կառավարությունն է, իսկ տնօրենների խորհրդի անդամներից մեկը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալներից մեկը:

ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ առաջարկեց «Նաիրիտի» վերաբերյալ օրենք մշակվի, որպեսզի գործարանը օրենքով պաշտպանված լինի:

Քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանն էլ ասաց, որ գուցե հարկավոր է գործարանի համար առողջացման ծրագիր մշակել:

Գործարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներից մեկն էլ վստահեցրեց`եթե այսօր էլ վերագործարկվի գործարանը, ապա կշարունակի նորից պարտքեր կուտակել, ուստի գործարանի մասնագետները մշակել են ծրագիր, թե ի՞նչ ծավալներով, ի՞նչ ժամկետով կարելի է աշխատել, որպեսզի շահութաբեր լինի.«Մենք գտնում ենք, որ գործարանն ունի ամբողջ պոտենցիալը աշխատանքներ սկսելու համար, շուկա ունի արտահանման հետ խնդիր չկա, որակի հետ` եւս»:

Քննարկման ավարտից հետո նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետք է այնպես անեն, որպեսզի պարտքերը չխանգարեն վերագործարկմանը.«Սա համար առաջին խնդիրն է մեզ համար, այլապես մենք չենք կարող ներդրող գտնել»: Պարոն Զախարյանի ներկայացմամբ` մի քանի տարբերակ կա պարտքերի մարման` ժամանակավոր սառեցում` մի քանի տարով, որի ընթացքում գործարանը կվերագործարկվի. հետո ստեղծել հատուկ հանձնաժողով այդ պարտքերի կառավարման համար:

Aravot.am-ի հարցին, արդյոք պարզել են «Նաիրիտի» հետ կապված այն մութ պատմությունները, որի մասին բազմիս հրապարակումներ են եղել, կապված նաեւ` օֆշորային ընկերությունների հետ, պարոն նախարարն ասաց.«Խնդրում եմ այդ մութ բոլոր գործարքների մասին, եթե կան, ես նման փաստերի չեմ տիրապետում: Այդ կողմը չենք ուսումնասիրում, մեր ֆունկցիաների մեջ չեն»:

Մանրամասները` տեսանյութում

Մեր մյուս հարցին էլ`հնարավո՞ր է ներդրողներ հայտնվել են, բայց պարտքերն են վախեցրել ու այդպես էլ գործարքի չեն գնացել, նախարարն այս մասին ոչինչ չասաց:
Իսկ մեզ հետ զրույցում գործարանի ղեկավարության ներկայացուցիչներից մեկը, որը խնդրեց անուն չնշենք, վստահեցրեց, որ «Ռոսնեֆտ» ընկերությունը, երբ իմացել էր, որ 300 միլիոն դոլար է հարկավոր ներդրում անելու ու աշխատելու համար, հրաժարվել են գործարքի գնալ, պատճառաբանելով, որ այդ գումարով կարող են նոր գործարան կառուցել:

Նախարարը նաեւ նորից նշեց, որ գործարանը տեխնիկապես պատրաստ է աշխատելու ու արտադրանք տալու. «Մենք պետք է կարողանաք ներդրումային փաթեթ ձեւավորենք, որպեսզի պոտենցիալ ներդրողին առաջարկենք` միգուցե` մրցութային, միգուցե բանակցային մեթոդով, փաթեթը մասնագիտացած կառույցների կողմից պետք է ձեւակերպվեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930