Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ մշտարթուն հայ զինվորին

Սեպտեմբեր 20,2014 12:30

Հայ զինվոր (սպա, գեներալ), ականատեսն ու վկան ես աղեղնավոր Հայկ Նահապետի, որի նետից ընկավ Բելը եւ Հայոց աշխարհի բախտի ծառը ծաղկեց իր հողի վրա: Դու հաղթեցիր մարերին ու սելեւկյաններին եւ հայոց նորաստեղծ պետության հիմքերը դրեցիր: Քո Արտաշես Առաջին եւ Տիգրան Մեծ թագավորները փոքրաթիվ ուժերով բազում հաղթանակներ տարան գերակշիռ ուժերով թշնամյաց դեմ եւ ծովից ծով Հայաստան ստեղծեցին` դառնալով արքայից արքա: Դարեր շարունակ նոր հաղթանակներ տարար, Շամիրամից ու Կլեոպատրայից մինչեւ քեմալականները, նախանձ շարժեցիր հանդեպ քո դրախտային երկիրը: Մեր ժողովրդի համար ամենաաղետավորը եղավ անցյալ դարի սկիզբը. 1915-ին թուրքերի ցեղասպանության զոհ դարձավ մեկուկես միլիոն հայ, մնացածներին էլ տեղահանեցին: Հույս առաքող Սեւրի պայմանագիր ստորագրվեց ի շահ Հայաստանի, բայց այս անգամ էլ գերանն արխային տեղից կոտրվեց: Մեր դեմ եղավ հայ ժողովրդի թիվ 1 թշնամի Լենինը: Նա մեր երկիրը, առանց տիրոջը հարցնելու, բաժան-բաժան նվիրեց թուրքերին ու ադրբեջանցիներին:

Այսպես կարկտահարվեց մեր բախտի ծառը: Բայց դու, քաջարի հայ զինվոր, նորից կռվի ելար քո հմուտ զորահրամանատարների կանչով: Առասպելական էին քո հաղթանակները Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում:

Հետագայում շուրջ 600 հազարով կռիվ գնացիր, Մոսկվայի տակ, թե Ստալինգրադում, Կերչում, թե Կիեւում, Մերձբալթիկայում դու գերմանացու եւ թուրքի դեմ էիր կռվում: Եվ հաղթեցիր այդ դաժան պայքարում: Չորս մարշալներ, 107 Սովետական Միության հերոսներ, 36 փառքի եռակի շքանշանակիրներ, հարյուրավոր գեներալներ ունեցար: Դու գրավեցիր Բեռլինը եւ կայսերական Ռայխստագի պատին գրեցիր,
-Ապարան-Բեռլին…
-Կիրովական-Բեռլին-Գալոյան…
Եվ ավանդական քոչարիդ պարեցիր Ռայխստագում …
Անսպասելիորեն լուծարվեց Սովետական գերհզոր պետությունը: Անկախացան բոլոր 15 հանրապետությունները: Անկախության դրոշ պարզեց նաեւ Արցախը: Ադրբեջանցիները շրջափակեցին Հայաստանը, պատերազմ սկսեցին Արցախի դեմ:
Մեծ զոհերի գնով փառավոր հաղթանակ տարանք, ետ վերցրինք մեր սեփական հայրենիքի տարածքների մեծ մասը: Մենք գրոհում էինք, թշնամին խուճապահար փախչում էր, քանզի ունեինք զորավարների եւ քաջերի աննահանջ հոգիներ` Արկադի Տեր-Թադեւոսյան, Մոնթե Մելքոնյան, Վազգեն Մանուկյան, Վազգեն Սարգսյան, Մանվել Գրիգորյան, Սամվել Բաբայան, Սեյրան Օհանյան, Թաթուլ Կրպեյան, Շահեն Մեղրյան, հազարներ…
Դու, հայ մշտարթուն զինվոր, այսօր էլ սոսկ երկրապահ ու սահմանապահ չես: Բազմապլան, հազարափեշակ զինվոր ես դու: Ասել է թե՝ նաեւ տանկիստ ես, օդաչու, հրետանավոր, հետախույզ ու սակրավոր… Օրերս մերձմոսկովյան տարածքներում 12 պետությունների տանկիստների մրցույթում դու մարտավարական սխրանքներ գործեցիր ու ճանաչվեցիր երկրորդը: Հարկավ, մարշալ Բաբաջանյանի դասերն էիր սերտել:
Եթե օդաչուների մրցույթ զորավարժություն լինի, բալթյան արծիվ Նելսոնին կհիշես ու Խանփերյանցին, հրետանավորների մրցույթում` գեներալ Գալաջեւին, ծով մտնես, քո դեմ իր գրքերը կբացի ծովակալ Իսակովը, ցամաքային մարտերում քեզ կառաջնորդի Բաղրամյանը:

Տեսնու՞մ ես` ինչքան հարուստ ես դու, ճակատագրով հայ զինվոր եւ անպարտելի… ճակատագրով:

ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԱԳՅԱՆ
վետերան ժուռնալիստ,
հրետանու պահեստի սպա

Հ.Գ. Մեկ տարի առաջ Վանաձորից 25 երիտասարդներ զորակոչվեցին նորանկախ Հայաստանի բանակ. բոլորն անխտիր բարձրագույն կրթություն ունեին: Երբ նրանք Արարատի մարզի N զորամասում երդում էին տալիս, որպես զինվորի պապ ես ելույթ ունեցա ու շեշտեցի, որ բանակաշինության պատմության մեջ սա ռեկորդային ցուցանիշ է, նախադեպը չունի: Այդ երիտասարդները բանասերներ են, պատմաբաններ, ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, համակարգողներ են, բոլորն անխտիր մեքենա են վարում, տիրապետում են տեխնիկայի շատ միջոցների: Նշանակում է՝ հայրենիքի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է:

«Առավոտ» օրաթերթ
19.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    այս ամբողջ հոդվածդ գրել էյիր “գեներալ” Մանվելին մնացած հերոսների շարքում նշելու համար?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930